ՀՀ ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը փաստեց՝ տարեսկզբից ունենք տնտեսական ակտիվության տեմպերի անկման միտումներ: «Հոդված 3» մամուլի ակումբում հրավիրված քննարկմանը Բագրատ Ասատրյանն ասաց՝ առայժմ մակարդակը նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է, բայց այստեղ քաղաքական և արտաքին գործոններ կան: Ըստ Բագրատ Ասատրյանի՝ այն առաջին բացասական ազդեցությունը, որ ունեցանք հեղափոխությունից հետո, արտաքին ակտիվների նվազում, դա չեզոքացավ. հեղափոխական պոռթկման բացասական ազդեցություններն ակնհայտորեն վերացվել են: Սակայն դրական սպասումները դեռ չեն ձևավորվել:
Դառնալով պատճառներին՝ Բագրատ Ասատրյանն ասաց. «Այսօր որոշիչն այն անորոշությունն է, որ կա քաղաքական դաշտում: Տնտեսական խնդիրները մղվել են երկրորդ-երրորդ պլան. միայն ներքաղաքական որոշակիության ձևավորման պարագայում կարելի է խոսել դրա մասին, որը կլինի ընտրությունների, նոր կառավարության ձևավորումից հետո»:
Ըստ Բագրատ Ասատրյանի՝ Ռուսաստանից մեզ համար բացասական միտումներ են գալիս: ԿԲ նախկին նախագահը մանրամասնեց. «Հայկական դրամ-ռուսական ռուբլի տատանումը կազմում է տասներկու տոկոս՝ ի վնաս արտահանման: Մեր արտահանումը սպառողի տեսանկյունից թանկացել է»:
Տնտեսագետ Բաբկեն Թունյանը նկատեց. «Տնտեսական ցուցանշները մի բանով էլ են մտահոգիչ, երբ ասում ենք՝ հիմա կա ստվերի դեմ պայքար, բայց դա տնտեսական ցուցանիշների վրա գոնե պետք է արտացոլված լիներ: Այսինքն, եթե նայում ենք 0,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ կա, եթե ստվերի դեմ պայքար եղել է, այդ թիվը պետք է բարձր լիներ, եթե այսքան է, ուրեմն իրականում տնտեսական ակտիվության աճն իրականում ավելի ցածր է, եթե ստվերն այդտեղ ներառված է: Բայց պետք չէ ցուցանիշներից ողբերգություն սարքել և մեղավորներ փնտրել»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը նշեց՝ ինչպես նախորդ կառավարության օրոք, հիմա էլ գտնում է, որ կամայական իրավիճակի հիմքում պետք է դրվի մեթոդաբանություն. «Պետությունն ունի վերաբաշխողական գործառույթ: Այդ գործառույթների հիմքում դրված մոտեցումներն են, որ կարելի է դիտարկել որպես չափողական հիմք: Տնտեսական աճն, իհարկե, դանդաղել է: Մեր տնտեսական կառուցվածքն այնպիսին է, որ օգոստոս- սեպտեմբեր ամիսներին որոշակի թույլ ազդակներ եղել են: Եթե համեմատենք՝ նախորդ ժամանակաշրջանի այս նույն ընթացքում 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ կար, հիմա 6,5 է: 2018-ի համար նախատեսված սցենարի դեպքում նախատեսված է եղել 5,8 տոկոս ցուցանիշ: Երբ անցյալ տարի տնտեսությունը փակվեց ավելի քան յոթ տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշներով, դա պայմանավորված էր վերջին եռամսյակի աննախադեպ ակտիվության ցուցանիշներով»:
Արտակ Մանուկյանը նշեց՝ կան որոշակի սպասողական և բացասական միտումներ, բայց դրանք սպասելի էին:
Դառնալով այն քննադատություններին, թե ներկայիս կառավարությունը չունի տնտեսական զարգացման տեսլական՝ Արտակ Մանուկյանն ասաց. «Այնպես չէ, որ այս մասով պիտի հեծանիվ հայտնագործել: Մենք հիմա խնդիր ունենք տնտեսությունն ավելի մրցունակ դարձնել. ավելի շատ է կարևորվելու ներդրումների գործոնը: Այս առումով պետք է ավելի ագրեսիվ միջոցառումներ իրականացնենք, որ կարողանանք նաև դիմակայել այդ ճգնաժամերին»:
Արտակ Մանուկյանը զգուշացրեց՝ 2019-ին սպասվող ռիսկեր կան, որոնք պայմանավորված են արտաքին շուկայում ազդակներով, մեզ համար հանքարդյունաբերությամբ ստացված արդյունքի նվազմամբ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ