Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետի ՍՊԸ-ն 35 հազար ԱՄՆ դոլար գրանտ է ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար. նրա խոսնակը պարզաբանում է

Հոկտեմբեր 30,2018 13:16

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Նախորդ շաբաթ «Հետք»-ը գրավոր հարցում էր ուղարկել հիմնադրամ, որը է տրամադրել «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հայտադիմումը, կնքված համաձայնագիրը. «Փոխվարչապետների` կառավարության կայքում տեղադրված կենսագրություններից տեղեկանում ենք, որ Տիգրան Ավինյանը 2010-2011 թվականներին հիմնադրել է «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։ Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանում ընկերության հիմնադիրների մասը փակ է, և միայն համապատասխան վճարում կատարելուց հետո կարողացանք տեսնել ընկերության կանոնադրությունն ու մասնակիցների մասին տեղեկությունները: Ըստ այդմ՝ ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի ապրիլի 30-ին: «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մարտիրոսի Ավինյանն է, որը փոխվարչապետի հայրն է: ՍՊԸ-ն գրանցված է այն հասցեում, որտեղ հաշվառված է Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը ընկերության մասնակիցների ցանկից դուրս է եկել 2018թ. հունիսի 5-ին: Այժմ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Դավիթ Արմենի Ավինյանին, որը փոխվարչապետի եղբայրն է: Դավիթ Ավինյանը պլաստիկ վիրաբույժ է: Դրամաշնորհի համար Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին ուղղված «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը ստորագրված է 2018 թվականի փետրվարի 14-ով: Այդ ժամանակ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ էր և հիշյալ ՍՊԸ-ի տնօրեն»:

լուսանկարը՝ ASTC / Armenian Science & Technology Center-ի

«Հետքի» այս հրապարակմանն արձագանքել է Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մասնավորապես նշելով. «Այո՛, փաստ է, որ ԳԶՀ-ն դրամաշնորհ է տրամադրել Իրիգեյթին: Եվ այս գործընթացի մասին ԳԶՀ-ն, հարցմանը ի պատասխան, տրամադրել է ամբողջական տեղեկատվություն, ավելին՝ տրամադրել է նաև առևտրական գաղտնիք պարունակող տվյալներ, քանի որ Իրիգեյթը ցանկացել է հնարավորինս բաց ու թափանցիկ լինել: Սակայն Հետքի հոդվածում փաստերը ներկայացվել են ընտրողաբար՝ այդպիսով հնարավորություն ստեղծելով, որ ընթերցողի մոտ լինեն թյուրընկալումներ: Բայց մենք խոսենք փաստերով և ներկայացնենք ամբողջ պատմությունը:

Այսպես, Հետքի հոդվածն ընդամենը նշում է, որ Իրիգեյթին դրամաշնորհը տրվել է մայիսի 25-ին, երբ Տիգրան Ավինյանն արդեն փոխվարչապետ էր, սակայն մանրամասն չի անդրադառնում դրամաշնորհ ստացող ընկերությունների ընտրության գործընթացին: Իսկ այս պարագայում այդ գործընթացը, որը միջազգային բարձր չափորոշիչներին է համապատասխանում և նպատակ ունի առավել անաչառություն ապահովելու, ԱՌԱՆՑՔԱՅԻՆ դեր է կատարում: Եվ այն հետևյալն է.

  • «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի շահառուների, այդ թվում «Իրիգեյթ» ՍՊԸ-ի, կողմից 14.02.18թ. դրությամբ ներկայացվել են 62 հայտ-դիմումներ:
  • «Արժեշղթայի զարգացման» քարտուղարության կողմից հայտ-դիմումների ուսումնասիրությունը և չափանիշների հետ համապատասխանության ստուգումը իրականացվել է 16.02.18թ.: Վերանայված ցուցակը ներկայացվել է Համաշխարհային բանկի դիտարկմանը:
    Այս նախնական ընտրության փուլում դիմումը կարող է մերժվել տարբեր տեխնիկական պատճառներով, օրինակ` հայտ-դիմումը ներկայացվել է ոչ սահմանված կարգով կամ պահանջվող գումարը չի համապատասխանում սահմանված նվազագույն և առավելագույն չափերին: Այսինքն` պարզ, տեխնիկական ընտրություն է:
  • Մրցույթի ժամանակացույցով սահմանված ժամկետում շահառուների կողմից ներկայացվել են 49 բիզնես-հայտեր, այդ թվում 15.03.18թ. «Իրիգեյթ» ՍՊԸ-ի կողմից: Ներկայացված բիզնես-հայտերի ցանկը ներկայացվել է Համաշխարհային բանկի դիտարկմանը:
  • Վերոնշյալ 49 բիզնես-հայտերը 23.03.18թ. ներկայացվել են անկախ գնահատող կազմակերպության դիտարկմանը: Բիզնես-հայտերի տեխնիկական և ֆինանսական գնահատումն իրականացնելու նպատակով, Համաշխարհային բանկի ընթացակարգերով՝ մրցութային հիմունքներով ընտրված անկախ գնահատող կազմակերպությունը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված բոլոր բիզնես-հայտերի փաթեթները և կատարել գնահատում, ինչի արդյունքում 16 բիզնես-հայտեր մերժվել են վերջինիս կողմից:
  • 25.05.18թ. տեղի է ունեցել Արժեշղթայի զարգացման հանձնաժողովի 10-րդ նիստը: Նշենք, որ Արժեշղթայի զարգացման հանձնաժողովը հանդիսանում է անկախ մարմին, կազմը բաղկացած է 9 անդամներից, որոնց մեծամասնությունը հանդիսանում են մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի արդյունքում ներկայացված 33 բիզնես-հայտերից հանձնաժողովի անդամների կողմից հաղթող են ճանաչվել 29-ը, որոնցից 2-ը չեն հավաստագրվել Համաշխարհային բանկի սննդի անվտանգության մասնագետի կողմից (փաստորեն, նույնիսկ այս վերջին փուլում Համաշխարհային բանկը վերահսկողության մեխանիզմ ունի), իսկ 1 հաղթող ճանաչված հայտատու հրաժարվել է համաձայնագիր կնքելուց: Վերջնական ցուցակը ներկայացվել է գյուղատնտեսության նախարարին։
  • Արդյունքում, նպատակային ֆինանսավորման համաձայնագրեր են կնքվել բոլոր 26 շահառուների հետ, այդ թվում նաև «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ:

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում: Այս դրամաշնորհների մրցույթի գործընթացը համապատասխանում է Համաշխարհային բանկի կողմից սահմանված ընթացակարգերին և վերահսկվում վերջինիս կողմից: Հայտատու-ընկերություններին գնահատում են անկախ մարմինները և հանձնաժողովները: Այսինքն՝ ԳԶՀ-ն, որի տնօրենն էր այդ ժամանակ Գեղամ Գևորգյանը, որևէ կերպ չէր կարող ազդեցություն ունենալ անկախ հանձնաժողովների կողմից կայացված և Համաշխարհային բանկի վերահսկողությամբ իրականացված որոշումների վրա: ԳԶՀ-ն այս պարագայում ընդամենը ֆինանսավորում է տրամադրում հաղթող կազմակերպություններին, այսինքն՝ կատարում է զուտ տեխնիկական դեր:

Մի այլ կողմից էլ դիտարկենք հարցը: Արժեշղթայի զարգացման հանձնաժողովի քննարկման փուլ է հասել 33 հայտ, որոնցից դրամաշնորհ չեն շահել ընդամենը 4-ը, իսկ 2-ին Համաշխարհային բանկն է հանել, հաղթողներից 1-ն էլ կամովին է հրաժարվել դրամաշնորհից:

Կասկածամտությունը ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե վերջին փուլ հասած լինեին 4-5 ընկերություններ և դրանցից հաղթողներ ճանաչվեին 1-2 ընկերություն, այդ թվում Իրիգեյթը: Բայց վերջին փուլ հասած 33 հայտատուների մեջ ճանաչվել 27 հաղթողներից մեկը այդքան էլ մեծ հերոսություն չէ:

Այսպիսով, ամբողջ գործընթացի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ այստեղ որևէ վտանգներ և ռիսկեր չկան, ու մրցույթի միջոցով Իրիգեյթին ընտրել է անկախ հանձնաժողովը: Փաստերը առավել քան խոսուն են և ներկայացնում են ամբողջ ճշմարտությունը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031