Երեկ ԱԺ-ում երկրորդ անգամ նոր Ընտրական օրենսգրքի ընդունման տապալումից հետո «Այլանս» կուսակցությունը, որը պատրաստվում է մասնակցել դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, վերսկսել է քաղաքական ուժերի հետ բանակցությունները՝ ավելի լայն ձեւաչափով: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Նա չպատասխանեց հարցին, թե հնարավո՞ր է՝ «Ծառուկյան» խմբակցության հետ դաշինք կազմեն: Ուրիխանյանը միայն նշեց, որ երեկվա քննարկումների արդյունքում մտածել են վարկանիշային ընտրակարգը բոյկոտելու մասին. «Գուցե ժողովրդին մեր մասով կոչ անենք մասնակցել համամասնական ընտրակարգով»:
Անդրադառնալով փաստին, որ արտահերթ ԱԺ ընտրությունները տեղի են ունենալու հին ԸՕ-ով, այսինքն՝ վարկանիշային ընտրակարգով, Տիգրան Ուրիխանյանը հույս հայտնեց, որ կաշառքի մեթոդներն այս անգամ չեն գործելու. «Թիմակիցներիս հետ միասին ձեռնարկելու եմ հետաքրքիր հնարքներ, որոնք կբացառեն կաշառքը: Գրեթե բոլոր տեղամասերում ունենալու ենք վստահված անձինք ու դիտորդներ, որոնք տեսանկարահանելու են ողջ գործընթացը՝ ուղիղ միացմամբ: Աստված չանի՝ որեւէ տեղ լինի կաշառք տալու եւ վերցնելու փորձ, քվեաթերթիկների հետ «խաղ», ընտրողի կամարտահայտության վրա ազդեցություն: Խոստանում եմ՝ ճաղավանդակների հետեւից արեւ ու երկինք նրանց, ովքեր կփորձեն դա անել»:
Պատգամավորի համոզմամբ՝ արտահերթ ԱԺ ընտրությունները պետք է հնարավորինս շուտ տեղի ունենային՝ հեղափոխությունից անմիջապես հետո. «Այս խորհրդարանը մեծամասամբ չի ներկայացնում ժողովրդի կյանքով ապրող պատգամավորներին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ