Լրահոս
Օրվա լրահոսը

Արքմենիկ Նիկողոսյան. «Սա Նիկոլ Փաշինյանի կերպարի ֆետիշացման տրամաբանական ավարտն է, հիմա, փաստորեն, այդ պրոցեսը հասել է ինտելեկտուալ մակարդակի». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 30,2018 12:18

Իջեւանի համայնքապետարանի հովանավորությամբ լույս է տեսել «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գիրքը։ Այս մասին տեղեկանում ենք Իջեւանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից, որտեղ գրված է. «Հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը շնորհակալություն է հայտնում Իջեւանի համայնքապետարանին Նիկոլ Փաշինյանին նվիրված «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գրքի լույս ընծայման համար»։ Ի դեպ, համայնքապետարանի կայքը կարճ ժամանակ անց հեռացրել է այս գրառումը։

Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ։ Նա նկատել է, որ այս երեւույթը Նիկոլ Փաշինյանին ֆետիշացնելու ցայտուն դրսեւորում է, կյանքից հետ մնացածի կողմից պնակալեզություն։

Արքմենիկ Նիկողոսյան

– Պարոն Նիկողոսյան, ինչպե՞ս կորակեք այս երեւույթը։ Դեռեւս հեղափոխության մեկնարկին Դուք ահազանգում էիք Նիկոլ Փաշինյանին ֆետիշացնելու վտանգի մասին։ Կարծես թե սա էլ դրա դրսեւորումներից մեկն է, այդպես չէ՞:

– Ցանկացած հասարակության, հայ հասարակության մեջ առավել եւս, կա, այսպես կոչված, մի կողմ քաշվածների խավ։ Այդ մարդիկ ե՛ւ նախորդ իշխանությունների օրոք էին մի կողմ քաշված, ե՛ւ հեղափոխության սկզբնական օրերին: Նրանք հանգիստ սպասում են, որ տեսնեն՝ դեպքերն ինչպես կզարգանան, որ ով հաղթի, նրա կողմը բռնեն։ Եվ երբ հեղափոխությունը հաղթեց, այդ խավը հետ մնաց կյանքից, ուստի ձգտում է ամեն կերպ ուշադրության կենտրոնում լինել, հեղափոխության օրերին չարածը անել՝ ասենք, առաջնորդին բանաստեղծություններ ձոնելով եւ այլն։ Սա Նիկոլ Փաշինյանի կերպարի ֆետիշացման տրամաբանական ավարտն է, հիմա, փաստորեն, այդ պրոցեսը հասել է ինտելեկտուալ մակարդակի։ Սա պարզապես աղետ է, հասարակության ոչ զարգացած լինելու արտահայտությունը։ Հեղափոխությունը՝ որպես արժեքային համակարգ, այդպես էլ չի ներխուժել այդ հասարակության մեջ։ Մի բան էլ՝ Դուք միայն հրապարակված ներբողներն եք տեսնում, այնինչ, ես վստահ եմ, որ, օրինակ, «Գրքի երեւանյան փառատոն»-ի հայտատուները Նիկոլ Փաշինյանին նվիրված պատմվածքներ եւ բանաստեղծություններ են ներկայացրել։ Ցավոք, շատ բան է խաթարվում հեղափոխության անվան տակ, իսկ այդ ֆետիշացումները լավ բանի չեն հանգեցնի։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031