Լրահոս
Օրվա լրահոսը

Բավականին տարօրինակ էր, որ ներդրումային անկման ֆոնին՝ Համաշխարհային բանկն այս տարի Հայաստանում ուղղակի ներդրումների աճ է կանխատեսում. «168 ժամ»

Հոկտեմբեր 30,2018 12:11

Օրեր առաջ Համաշխարհային բանկը հրապարակեց «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցը, որտեղ կային գնահատականներ ու կանխատեսումներ՝ մի շարք առանցքային ցուցանիշների վերաբերյալ։

Մասնավորապես, ըստ ՀԲ զեկույցի, Հայաստանում ՀՆԱ-ի նկատմամբ օտարերկրյա ուղղակի զուտ ներդրումներն ընթացիկ տարում կկազմեն 3%՝ 2017թ. 2%-ի փոխարեն, իսկ մինչև 2020թ. կանխատեսվում է, որ այդ ցուցանիշը կհասնի 3.9%-ի։

Բավականին տարօրինակ էր, որ ներդրումային անկման ֆոնին՝ Համաշխարհային բանկն այս տարի Հայաստանում ուղղակի ներդրումների աճ է կանխատեսում։ Եկեք հասկանանք ի՞նչ է ասում Համաշխարհային բանկը, և որքանո՞վ է դա իրատեսական։

Մի կողմից՝ ՀՆԱ-ն աճում է, մյուս կողմից ներդրումները նվազում են։ Պարզ թվաբանությունից գլուխ հանող մարդը միանգամից կարող է ասել, որ նման պայմաններում ՕՈՒՆ/ՀՆԱ հարաբերակցությունը ոչ թե կաճի, այլ կնվազի։ Այսինքն, եթե անգամ 2018-ին հաջողվի ապահովել գոնե 2017-ի չափ զուտ ՕՈՒՆ-ներ, միևնույն է՝ այդ հարաբերակցությունը կնվազի մինչև 1.7%, ոչ թե կաճի մինչև 3%-ի։

Իսկ Համաշխարհային բանկում այս թվաբանությունից գլուխ չե՞ն հանում՝ միգուցե հարցնեք դուք։ Իհարկե հանում են, և ընդհանրապես, ՀԲ-ում աշխատում են լավագույն մասնագետներ: Պարզապես թե ՀԲ-ն, թե Արժույթի միջազգային հիմնադրամը, թե՛ մյուս միջազգային հեղինակավոր կառույցները Հայաստանի նման փոքր երկրներին այնքան չեն կարևորում, որ օպերատիվ արձագանքեն փաստացի զարգացումներին և վերանայված կանխատեսումներում հաշվի առնեն դրանք։

Ճիշտ է, ՀԲ զեկույցում նշվում է ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին և ընդգծվում, որ այդ իրադարձությունները չեն խաթարել տնտեսական աճի բարձր տեմպը, այդուհանդերձ, ակնհայտ է, որ զեկույցի հեղինակները վերջին ամիսների փաստացի զարգացումները հաշվի չեն առել (այլապես չէին խոսի ներդրումների աճի մասին)։ Իսկ որոշ դեպքերում (օրինակ, արտերկրից ստացվող դրամական փոխանցումների հետ կապված) հղում է արվում միայն առաջին եռամսյակի տվյալներին։

Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ կանխատեսումներին պետք է խիստ վերապահումներով մոտենալ անկախ նրանից, թե կանխատեսողն ինչ հեղինակություն ու պրոֆեսիոնալիզմ ունի։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031