Լրահոս
Օրվա լրահոսը

Արագած Ախոյան. «15 րոպեում շաբաթներ առաջ ինչքան մարդ հավաքեցին, պաշարեցին ԱԺ շենքը․ եթե ուզենային, հիմա էլ կանեին, բայց կարծես իրենց համար միեւնույն էր՝ այս ԸՕ-ն կանցնի, թե չի անցնի». «Հրապարակ»

Հոկտեմբեր 30,2018 12:06

Նախկին ԲՀԿ-ական, Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությանն անդամագրված Արագած Ախոյանի կարծիքով՝ իշխանությունը շահագրգռված չէր նոր օրենսգրքով գնալ ընտրությունների, այլապես Նիկոլ Փաշինյանի համար ԸՕ նախագծի քվեարկությանը պակասող մեկ ձայնն ապահովելը խնդիր չէր լինի․ «Ժողովրդին կհաներ պառլամենտի շուրջ»։

-Պարոն Ախոյան, ԸՕ նախագծի տապալումը փոխեց ձեր խաղաքարտերը, կկարողանա՞ք ռեյտինգային մոդելով թեկնածուներ գտնել, մասնակցել ընտրություններին։ Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանում տեղի ունեցածը։

-Ճիշտն ասած՝ մենք չէինք սպասում, որ նոր ԸՕ-ն չի ընդունվի խորհրդարանում, որովհետեւ վերջին շրջանում մենք տեսել ենք, թե ինչպիսի միջոցներ եւ գործիքներ կան խորհրդարանում՝ ցանկացած օրենք անցկացնելու համար։ Իմ անձնական կարծիքով, շատ-շատ կուսակցությունների ձեռնտու էր, որ գործող ԸՕ-ով, ռեյտինգային մոդելով մասնակցեին ընտրությունների։ Մենք այլ ռազմավարություն ունեինք։ Հաշվի առնելով այն աշխատանքը, որը տարվել է կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի կողմից խորհրդարանում, մենք բավականին լավ էլեկտորատ ունեինք, բայց այդ ոհմակային ընտրակարգի դեպքում արդեն պատկերն այլ է լինելու։ Քանի որ քաղաքական պայքարի մասին այդ մոդելի դեպքում խոսք լինել չի կարող, գործելու է ծանոթ-բարեկամ-խնամի մոտեցումը։ Ոչ մեկ չի մտածելու որեւէ ուժի ծրագրին ու գաղափարախոսությանը կողմ քվեարկի, այլ ասելու է՝ սա իմ ծանոթն է, նա՝ իմ խնամին, եղբայրը, շեֆը, ու այսպես սկսվելու է քաոսային շարժում։ Երիտասարդ կուսակցությունները, որոնք կարող էին քաղաքական արդյունավետ գործունեություն ծավալել խորհրդարանում եւ պիտանի լինել երկրի կառավարմանը, այլեւս քիչ շանսեր ունեն այս պարագայում։ Եվ այն մտայնությունը, թե նոր իրողություն է, կկանխվի ընտրակաշառքը, ես կարող եմ ասել, որ ամբողջ երկիրը չեն կարող լինել օպերատիվնիկներ ու վերահսկեն՝ ով ինչ արեց եւ այլն։

-Ուզում եք ասել՝ իշխանությունը կարող էր այդ մեկ ձայնն ապահովել, բայց չարե՞ց, ի՞նչ գործիքների մասին էիք խոսում։

-Ես կարծում եմ՝ այո, եթե ուզենային… ուղղակի համոզված լինելով, որ խորհրդարանական մեծամասնությունն իրենցն է, իրենք չկարեւորեցին երեւի այդքան, եթե իշխանությունը շատ ուզենար, այդ ԸՕ-ն կընդունվեր։ Բայց պետք է չմոռանալ, որ նույն կառավարության ծրագրում է ամրագրված, որ բարեփոխված ԸՕ-ից հետո միայն պետք է ընտրություն անցկացնել։ Իսկ գործիքներից՝ օրինակ, խորհրդարանի շենքը շրջափակելու, ինչպես արվեց հոկտեմբերի 2-ին։ Իշխանությունները շատ մակերեսորեն նայեցին սրան։ Իհարկե, քվեարկությունը հակառակն է փաստում, բայց մենք տեսանք, որ 15 րոպեում շաբաթներ առաջ ինչքան մարդ հավաքեցին, պաշարեցին ԱԺ շենքը․ եթե ուզենային, հիմա էլ կանեին, բայց կարծես իրենց համար միեւնույն էր՝ այս ԸՕ-ն կանցնի, թե չի անցնի։ Գործող ԸՕ-ն ձեռնտու է նախկին ռեժիմին մաս կազմող բոլոր ուժերին, սա ուղղված էր նոր, երիտասարդ ուժերի դեմ, որոնք բավականին լուրջ հայտ էին ներկայացրել։ Իհարկե, մենք չենք վախենում, եւ խոսք լինել չի կարող չմասնակցելու մասին, բայց պատրաստվելու, ժամանակի խնդիր կա, հատկապես այդ վայրի ընտրակարգի դեպքում։ Ես՝ ինքս, նախորդ ընտրություններին ռեյտինգայինով մասնակցել եմ եւ իմ փորձից եմ ասում, որ դա անվերահսկելի, անկանխատեսելի մոդել է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այս անգամ ել ձեր ,,էլեկտորոտով..շրջափակեիք խորհրդարանի շենքը և պահանջեիք նորԸՕ-ի ընդունումը:Դե,կամ էլ ինչի համար են ընտրությունները՝նախագծերը ներկայացրեք հրապարակում հավաքված մադկանց բաց քվեարկությամբ ընդունեք՝բավականին մեծ ծախսերից կազատվենք…:Հա,հիշեցնեմ՝1918թ.Լենինը հրամայեց ցրել Սահմանադրական ժողովը,որովհետև բոլշևիկները շատ քիչ ձայներ էին ստացել՝հեղափոխությունից ութ ամիս հետո…..,բաա

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031