Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի դեպարտամենտը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստանում արած հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերում էին Հայաստանին սպառազինության առաջարկին, նաև ինքնիշխանության կարևորությանը, «պատմական կաղապարներից» ազատվելուն:
Հատկանշական է, որ հայտարարությունը տարածվել է բավականին ուշացումով, և տպավորություն է, որ Մոսկվայում կամ առնվազն ՌԴ ԱԳՆ-ում որոշակի ժամանակ շփոթություն է եղել Բոլթոնի հայտարարությունների կապակցությամբ, և չեն իմացել, թե ինչպես արձագանքեն դրանց: Հազիվ թե իրատեսական լինի «նոր միայն իմանալու» տարբերակը, և կասկած չկա, որ Բոլթոնի այցին Մոսկվայից հետևել են բավականին ուշադիր: Առավել ևս, որ Ջոն Բոլթոնը Կովկաս և այդ թվում՝ Հայաստան այցելել է Մոսկվայից հետո, որտեղ հանդիպել է այդ երկրի նախագահ Պուտինին և պայմանավորվել նոյեմբերի 11-ին Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի առիթով կայանալիք Վեհաժողովի շրջանակում Թրամփ-Պուտին հանդիպման մասին:
Այս ֆոնին ՌԴ ԱԳՆ ուշացած հայտարարությունը առանձնակի հետաքրքիր է դառնում, առավել ևս այն պարագայում, երբ հայտարարությունը, փաստորեն, ունի շատ ընդհանրական ստորագրություն՝ ԱԳՆ մամուլի դեպարտամենտ: Այն դեպքում, երբ սովորաբար այդօրինակ հայտարարություններն արվում են կամ խոսնակի, կամ փոխնախարարի մակարդակով: Ահա այս միջավայրային ֆոնին հետաքրքիր է բովանդակությունը, որը ստանդարտ է՝ Բոլթոնը միջամտել է Հայաստանի ներքին գործերին, ընդ որում՝ անկաշկանդ: Այդպես համարում է, իհարկե, Մոսկվան, թեև դժվար է գտնել Բոլթոնի միջամտության որևէ փաստարկ: Իսկ որևէ մեկը կասկածի տակ կարո՞ղ է դնել, որ Հայաստանի համար առանցքային է ինքնիշխանությունն ու անկախությունը որևէ քաղաքական կենտրոնի ազդեցությունից: Իսկ Բոլթոնը կասկածի տակ դրե՞լ է հայ-ռուսական բարեկամությունը, որի մասին ակնարկում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունը: Բոլթոնն ընդամենը ազդարարել է Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չդնելու կարևորությունը:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Պատմական կաղապարներից ազատվելու մասին խորհուրդը՝ հեչ, ՌԴ ԱԳՆ վրա չարախնդալն էր կարևոր։ Առաջնահերթությունները մտածելու տեղիք են տալիս։
Ինքնիշխանության մասին էլ քիչ խոսեք էլի, արդեն ծիծաղելի է։