Ակնալճի տարածքում գտնվող կուղբաբուծական տնտեսությունը, որ Մանվել Գրիգորյանը որոշել է «նվիրաբերել» Հայաստանի Հանրապետությանը, ակնալիճցիների ասելով՝ գեներալը ձեռք է բերել կոպեկներով՝ 1995 թվականին:
Տնտեսությունը հիմնադրվել է 1959-60 թթ․, որի շուրջ խորհրդային իշխանությունները նաեւ սովխոզ են ձեւավորել՝ միավորելով երեք գյուղերի վարչական տարածքներ: Նվիրաբերված 330 հա-ից 30-ը Զարթոնքի հողերն են, 80-ը՝ Ակնալճի, մնացածը՝ Տարոնիկի:
Տնտեսությունը, մինչեւ Մանվել Գրիգորյանի ձեռքն անցնելը, տարեկան 28-30 հազար կուղբ է բուծել, մորթին մշակել եւ արտահանել Լենինգրադ:
Սեփականաշնորհման տարիներին կուղբաբուծարանի բաժնետերեր են դարձել տնտեսության 35 հոգանոց կոլեկտիվը՝ 51 տոկոս, եւ տնօրեն Սարիբեկ Ենոքյանը՝ 49 տոկոս բաժնեմասով: 95-ին Մանվել Գրիգորյանը Սարիբեկ Ենոքյանի հետ կոլեկտիվից գնում է 51 տոկոսը, որից հետո Ենոքյանից խլում նաեւ նրա մասնաբաժինն ու դառնում տնտեսության միակ սեփականատերը:
Կուղբաբուծությունը՝ որպես բիզնես, Գրիգորյանի մոտ չի ստացվում. կենդանիների գլխաքանակը կտրուկ նվազում է՝ 28-30 հազարից իջնելով 550-600-ի, մորթին կորցնում է փայլն ու որակը: Ընկերությունը բավարարվում է միայն մսի վաճառքով: Աշխատում է սպասարկման օբյեկտների հետ՝ 1 կգ կուղբի միսը 5 հազար դրամով վաճառելով ռեստորաններին:
2009 թվականին Մանվել Գրիգորյանը նվիրատվություն է կատարում եւ «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ԲԲԸ-ն հանձնում որդուն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:
Սերոբ Մարության
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում