Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է պատկանում իշխանությունը

Հոկտեմբեր 30,2018 10:00

Ինչպե՞ս թե ում է պատկանում: Պարզից էլ պարզ է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այդպես է գրված Հայաստանի, ինչպես նաեւ աշխարհի բազմաթիվ երկրների (այդ թվում, ի դեպ, Խորհրդային Միության) Հիմնական օրենքում: Իհարկե, կարող է գրվել, բայց հեռու լինել իրականությունից: Բայց կարող է նաեւ գրվել ու լավ չհասկացվել, թե ինչ է դա նշանակում:

Սովորաբար խոսքը լեգիտիմության մասին է, այսինքն՝ այն մասին, որ իշխանությունը պատկանում է քաղաքացիների մեծամասնությանը, որն իր քվեով ղեկավարելու մանդատ է պատվիրակում մարդկանց մի խմբին: Եթե այդպես է, ապա Գերմանիայում 1933-1945 թվականներին իշխանությունը պատկանում էր ժողովրդին, որովհետեւ 1933 թվականի մարտի 5-ին կայացած ազատ-արդար խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վայմարյան հանրապետության քաղաքացիների 43.91 տոկոսն իր քվեն է տվել նացիոնալ-սոցիալիստներին (երկրորդ տեղը զբաղեցրած սոցիալ-դեմոկրատները ստացան ընդամենը 18.25 տոկոս): Գուցե հիշյալ ժամանակահատվածում ինչ-որ մի պահի իշխանությունը Գերմանիայում դադարե՞լ է պատկանել ժողովրդին: Եթե այո, ապա ո՞ր պահին:

Բերենք մեզ ավելի մոտիկ օրինակ: 1990-ին՝ ՀՀՇ-ն, իսկ 1991 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթեցին, մեծամասնության կարծիքով, արդար քաղաքական պայքարում: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ 1990-1995 թվականներին (մինչեւ որ առաջին անգամ կեղծվեցին ընտրությունների արդյունքները) իշխանությունը Հայաստանում պատկանում էր ժողովրդին: Իսկ գուցե 1992 թվականից, երբ քաղաքացիների մեծամասնությունը սկսեց հայհոյել ու անիծել ՀՀՇ-ին ու Տեր-Պետրոսյանին, իշխանությունն այլեւս ժողովրդին չէ՞ր պատկանում:

Կամ՝ ավելի թարմ օրինակ: Վերջերս Կապանի քաղաքացիները «սխալ մարդու» են քաղաքապետ ընտրել: Ուրեմն իշխանությունը Կապանում ժողովրդին չի՞ պատկանում: Կամ գուցե կապանցիները հպարտ քաղաքացիներ չե՞ն:

Լեգիտիմությունը, հետեւաբար, ժողովրդավարության (ժողովրդի՝ իշխանությանը տիրելու) միակ պայմանը չէ: Անձամբ ես չեմ պատկերացնում ժողովրդավարությունը առանց դիրքորոշումների եւ գաղափարների ազատ արտահայտման: Եթե, օրինակ, խորհրդարանում այս կամ այն խմբակցությունը դեմ է արտահայտվում եւ դեմ է քվեարկում կառավարության առաջարկած նախագծին, դա դեռ չի նշանակում, որ այդ խմբակցությունը սաբոտաժի է ենթարկում պետությունը: Կամ՝ եթե կուսակցության մեջ ամեն ինչ մեկ մարդ է որոշում, եւ բոլոր որոշումներն անցնում են միաձայն, դա կասկածի տակ է դնում այդ կուսակցության ժողովրդավարական մղումները: Ժողովրդավարությունը, իմ պատկերացմամբ, սկսվում է մարդու հոգուց, մանկապարտեզի խմբից, դպրոցի դասարանից, ընտանիքից, աշխատավայրից, հասարակությունից: Կուսակցությունները, իշխանությունները, ընդդիմությունները, քաղաքական պրոցեսներն այդ ամենի արտացոլումն են: Եվ ոչ՝ հակառակը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. 1992թ-ից իշխանությունը պատկանում է’ ով լավ ստել,քծնվել,թալանել,քցել, երդվել,խաբել գիտի մի խումբ անհատների,բայց ոչ ժողովրդին:Առանց օրենքի չի կարող լինել ժողովրդավարություն:
    Ամեն ոք իր արածի և ասածի համար պարտադիր կերպով պետք է պատասխան տա:

  2. gib.gibindus says:

    Մարդու, ինչպես բոլոր կենդանիների մեջ, նստած է գոյության համար պայքարը: Դա “նստած է” մարդու մեջ բջիջների մակարդակով: Հոգու մակարդակով ժողովրդավարություն փնտրելը “տխուր ոտանավոր” է, որը նույնիսկ պոեզիայի հավակնություն չունի:

  3. gohar says:

    Հարգելի Արամ Աբրահամյան , այդ տրաֆարետային վերնագրով նյութը ինչո՞ւ հանկարծ հիմա ծագեց Ձեր մտքում։ 1992 թ․ հետո ,արդյոք որևէ մեկը անդրադարձել է այդ մտքին ։ Տողերիս տակ ոչինչ չունեմ պահած ։ հեռվում ապրելով իրադչությունը լավ չեմ ընկալում ։ Միգուցե ավելի խորը մեկնաբանեիք և ավելի մատչելի ձևով մատուցեիք։ Թե չէ, միակ օրինակը վերցնելով Կապանի քաղաքապետի վերջերս կայացած ընտրությամբ, այնքան էլ չի բացահայտում Պետությունը՝ ժողովրդին պատկանելու Ձեր պարզաբանումը ։

  4. Լավատես says:

    Իշխանություն լինելը շատ պատասխանատու գործ է, անփորձ ժողովրդին վստահել մեր նախնիների ժառանգությունն ու ներկաների ու հաջորդ սերունդների ապագան շատ անպատասխանատու միտք է, իսկ փորձված ժողովրդին ոչ միայն կարելի է վստահել իշխանությունը, այլեւ փորձված ժողովուրդը միակն է, ում կարելի է վստահել իշխանությունը: Բանակում ծառայելով ժողովուրդը փորձ է ձեռք բերում ուժային իշխանություն լինել, սեփական գործարարությամբ զբաղվելով ժողովուրդը փորձ է ձեռք բերում նյութական իշխանություն լինել, քաղաքականությամբ, գիտությամբ, մշակույթով զբաղվելով ժողովուրդը փորձ է ձեռք բերում հոգեւոր իշխանություն լինել, փորձված ժողովուրդը կարճ կոչվում է ազգ, ուրեմն նոր սահմանադրության մեջ պետք է գրել, որ իշխանությունը պատկանում է հայ ազգին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031