Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վանաձորի երիտասարդության հարցերը քննարկեցին վարչապետի տիկնոջ հետ

Հոկտեմբեր 29,2018 22:33

Այսօր Վանաձորում էր գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Տեղական ու մարզային իշխանությունների, որոշ ՀԿ ներկայացուցիչների ու երիտասարդների հետ քննարկվեցին երիտասարդներին վերաբերող հարցեր:

«ՀԿ Կենտրոն»-ի ներկայացուցիչ Վահե Խաչիկյանն Աննա Հակոբյանից հետաքրքրվեց, թե «Իմ քայլը» հիմնադրամը երիտասարդների համար ի՞նչ ծրագրեր ունի. «Իմ հարցը կապված է «Իմ քայլը» հիմնադրամի երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող կամ նախատեսվող ծրագրերի հետ: Ի՞նչ եք պատրաստվում անել երիտասարդության քաղաքականության բարելավման եւ երիտասարդների հզորացման ոլորտում»:

Ի պատասխան, Աննա Հակոբյանը նշեց, որ ծրագիր որպես այդպիսին չունեն: Սակայն, եթե լինեն հետաքրքիր գաղափարներ, ապա պատրաստ են աջակցել. «Երիտասարդությունը որպես առանձին միավոր մինչեւ վերջերս մեր ծրագրերի շրջանակներում չէր հայտնվել: Մինչեւ որ անցած շաբաթ ինձ առաջարկեցին մասնակցություն ունենալ հայ եւ վրացի երիտասարդներին համախմբող ինչ-որ ծրագրերի մեջ: Բայց տեղական մակարդակով հատուկ երիտասարդների հետ կապված առայժմ պլաններ չունենք: Իսկ, եթե լինեն լավ առաջարկներ, մենք միշտ պատրաստ ենք արձագանքել»:

Աննա Հակոբյանն օրինակ բերեց Դիլիջան քաղաքը, նշելով, որ այնտեղ երիտասարդների համար ամեն ինչ շատ ավելի լավ է. «Դիլիջանը չեմ համեմատում, այն այլ պրոյեկտների շրջանակներում թռիչքաձեւ արեց այն ինչ-որ արեց: Եվ Վանաձորը, եթե նույն ձեր նշած ճանապարհներով առաջ շարժվի, ինչ մինչեւ հիմա, երեւի մի 20 տարի հետո դեռ Դիլիջանին չի հասնի»:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ արձագանքեց, որ այդ գործում իրենց պետք է նաեւ կառավարության աջակցությունը. «Պետության դերն ու դերակատարումը մեզ ավելի շատ ուղղորդելու ուղղությամբ, որ բիզնեսը ուղղորդվի, ոնց որ ժամանակին Դիլիջան, Ծաղկաձոր է ուղղորդվել: Երբ որ մի բիզնես պրոյեկտ հաջողի այստեղ, մուլտիպլիկատիվ էֆեկտը հաստատ երիտասարդության համար մեծ դաշտ է բերելու…Դիլիջանը, եթե մեզ հարակից է եւ նոր է սկսում, Վանաձորը երկար ժամանակվա ավանդույթներ ունի»:

Նա տեղեկացրեց նաեւ, որ երիտասարդների հետ կապված ունեն տարբեր ծրագրեր, այժմ էլ սպասում են Վանաձորը «Երիտասարդական մայրաքաղաք» դարձնելու կառավարության պատասխանին:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էլ նշեց, որ մոտ ապագայում կրկին կստեղծվի մարզպետին կից երիտասարդական խորհուրդ. «Նախկինում էլ է եղել, սակայն դրանք եղել են գերկուսակցականացված, ուսանողական խորհուրդներով եւ այլն: Հիմա այլ սկզբունքներ են լինելու եւ ընդգրկված կլինեն երիտասարդներ՝ Լոռու մարզի բոլոր տարածքներից…Չեմ ասի թե Վանաձորում ոչինչ չի արվել, բայց երիտասարդության համար, իրոք մեր քաղաքը հարմար քաղաք չէ, չկան ժամանցի շատ կենտրոններ: Պետք է այդ ուղղությամբ մտածել: Մեր քաղաքն ինձ համար աշխարհի ամենալավ քաղաքն է, բայց ֆիքսենք, որ թերություններ շատ կան, եւ ապրելու համար հարմար չէ»:

Աննա Հակոբյանն էլ արձանագրեց. «Քաղաքապետի, մարզպետի եւ ՀԿ սեկտորի հետ եկանք այն եզրակացության, որ առնվազն երիտասարդների համար Վանաձորը պետք է փոխել, դարձնել ավելի լավը»:

Նշենք, որ հանդիպման մասին շատ ՀԿ ներկայացուցիչներ տեղեկացված չեն եղել, ինչն առաջացրել է վերջիններիս դժգոհությունը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031