Այսօր Aravot.am-ը Գյումրի այցելած կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին հարցրեց, թե հին սովորույթի համաձայն ծանոթներ մեջ գցո՞ւմ են կրթական ոլորտում որևէ պաշտոն զբաղեցնելու, օրինակ՝ ասենք Շիրակի պետական համալսարանի ռեկտոր դառնալու համար։ Նշենք, որ այս պաշտոնի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, իհարկե, դեռ մրցույթ չի հայտարարվել, սակայն տարբեր թեկնածուների անուններ են շրջանառվում, ընդ որում նրանցից ոմանք մայրաքաղաքից են, այս բուհի հետ ընդհանրապես կապ չունեն։
Ի պատասխան մեր հարցի՝ նախարարն ասաց․ «Ո՞նց չեն գցում ծանոթներ, իհարկե, գցում են։ Շիրակի պետական համալսարանի դեպքում դա չի եղել, բայց դպրոցների դեպքում եղել է։ Դպրոցի տնօրենների մրցույթից առաջ հանկարծ տնօրենների թեկնածուները հայտնվում են Կրթության և գիտության նախարարության միջանցքներում։ Հին իներցիայով գալիս են «դաբրոները» ստանալու, բայց, իհարկե, մենք նրանց հետ ենք ուղարկում, որովհետև դրա կարիքը նրանք չունեն։ Պետք է այդ մրցույթում հաղթեն լավագույնները։ Ցավոք սրտի, որոշ դեպքերում մենք ունենում ենք խնդիրներ, որովհետև խորհուրդները՝ ծնողական խորհուրդներով, ուսուցչական քվոտաներով անցած թեկնածուները, երբեմն նաև մարզպետարանի կրթության և գիտության ներկայացուցիչները չեն գիտակցում պատասխանատվությունը, որը նրանց վրա է դրված և ընտրությունը կատարում են իրենց թայֆայական մտածելակերպով։
Բայց մենք ուսումնասիրել ենք մի շարք երկրների փորձը, մասնավորապես Վրաստանի, դա արագ լուծվող խնդիր չէ, տևել է երկու-երեք տարի, բայց մեր կամքը մեծ է, որպեսզի մենք այդ խնդիրները լուծենք ավելի կարճ ժամանակահատվածում»։
Լրագրողները նախարարին հարցրեցին նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի շուրջ ստեղծված աղմուկի՝ ռեկտոր Կարինե Ավդալյանին հասցեագրված կոռուպցիոն պատմությունների մասին։ Հարցին՝ որևէ բան պարզեցի՞ք, նախարարը պատասխանեց․ «Անկեղծ ասեմ՝ կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում բարեփոխումները պետք է անմիջական կապ ունենան Հայաստանի պետական կոնսերվատորիայում տեղի ունեցող առաջիկա փոփոխությունների և բարեփոխումների հետ։
Դրանք մեկը մյուսի հետ կապված են, առհասարակ մենք պետք է քննարկենք նման մասնաճյուղերի գոյության արդյունավետությունը կամ այդ արդյունավետության բարձրացման հարցը։ Երևանում փոփոխությունները, կարծում եմ, անմիջական ազդեցություն կունենան։ Ինչքան ես գիտեմ, այդ ստուգումները լուրջ արդյունք չեն տվել, բայց թույլ տվեք մի հատ էլ ստուգեմ տվյալները, ու կարող եմ ձեզ գրավոր պատասխանել»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Մեր հարցին, թե Գյումրու բուհերից նախարարությանը հասցեագրված բողոք-նամակները շարունակվո՞ւմ են, նախարարն ասաց․ «Իհարկե շարունակվում են, ցավով եմ սա նշում, նույն Շիրակի պետական համալսարանի դասախոսական կազմի մեծամասնության կարծրացած մտածելակերպը թույլ չի տալիս այստեղ արագ շտկել իրավիճակը, բայց մենք հաստատակամ ենք և չենք գնալու այդ տենդենցների հետևից, այլ լուրջ փոփոխություններ ենք այդտեղ անելու, գուցե դա մի փոքր ավելի շատ ժամանակ խլի։ Դուք գիտեք՝ ես անձամբ միայն այդ խնդրով այցելել եմ Շիրակի պետական համալսարան՝ զրուցելու դասախոսների հետ ու ցավով եմ արձանագրել, որ այդ դասախոսների մեծ մասի մոտ բացակայում է ակադեմիական մտածելակերպը։ Ես սա պատասխանատվությամբ եմ նշում, որովհետև եթե նման մտածելակերպը նրանց մոտ գերակշռեր, այլ չգերակշռեր խմբակային, խմբային և չեմ խորշի այդ բառից՝ թայֆայական մտածելակերպը, ապա Շիրակի պետական համալսարանում հիմա արդեն հանդարտ իրավիճակ կլիներ, որովհետև կրթության և գիտության նախարարությունը դրա համար արել է բոլոր անհրաժեշտ քայլերը։ Մենք շարունակելու ենք իրավիճակը վերահսկել, շարունակելու ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ իրավիճակը հանդարտվի, բնականոն հուն մտնի այս բուհում աշխատանքը։ Ես նրանց բոլորին կոչ եմ անում՝ սթափվել, խելքի գալ, որովհետև այն գործողությունները, որոնք որ նրանք են իրականացնում, չեն բխում ո՛չ համալսարանի, ո՛չ ուսանողության, ո՛չ էլ իրենց անձնական շահերից»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այ մերժվածի մեկը:Դու որ նորմալ նախարար լինեիր Շիրակի պետհամալսարան այցի ժամանակ Սահակի ճտերը քեզ չեին արհամարհի և մանթո վիճակում ուղարկում ռեկտորի կաբինետ:Հենց դու ես թայֆաների փորձել բաժանել բուհի աշխատակիցներին՝չհասկանալով կամ սխալ տեղեկացված լինելով,որ այդտեղ մի թայֆա կա՝Սահակի թայֆեն,որը մինչև հիմա իր ձեռքում է պահում ինստիտուտը:Մինչև հիմա,տղա ջան,ստուգումներ չես անում,որ պարզես,թե քանի հարյուր միլիոն դրան է կորել բուհի դրամապանակից:Թե քեզի չի էլ հետաքրքրե ՇՊՀ……Դու հազիվ էն թրաշով Դավոյի հետ Ագրարային համալսարանի ռեկտորից փողերը հետ ստանաք:Սահակի թիկունքը ուժեղ է.Ցոլակյանն ու Արման Սահակայանը իրա կողքին են:
Դե դուխով նախարար ես Սահակի գողցածները ետ բեր,որ ինստիտուտը պարտքեր չենե……Արդեն 50 միլիոն պարտք է վերցրել: