Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցող ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը ելույթի համար ձայն խնդրեց, ապա ասաց՝ ինքը փոխքաղաքապետի երեք թեկնածուներին ձեռնպահ է քվեարկել:
Իզաբելա Աբգարյանի խոսքով, 4-րդ թեկնածուին էլ է ձեռնպահ քվեարկելու. «Սա իմ կողմից բողոքի ակցիա է, որպես համախոհության նշան այն կանանց, որոնք որ ստիպված են լինում ձեռնպահ մնալ պետական կառույցներում կառավարման օղակներում ներկա լինելուց եւ հավերժ մնում են բաժնի պետի, մաքսիմում վարչության պետի մակարդակում, կարծես, մի ինչ-որ անտեսանելի ձեռքով, մեկը գծել է, որ կինը դրանից բարձր չի կարող բարձրանալ»:
Իզաբելա Աբգարյանը, որպես օրինակ նշեց Փարիզի քաղաքապետին՝ ասելով, որ նա չէր հասնի այդ պաշտոնին, եթե նրան հնարավորություն չընձեռվեր, եւ նրա մեջ չտեսնեին կառավարման հմտություններ, նա այդ պաշտոնին չէր հասնի. «Մենք լուրջ խնդիր ունենք առհասարակ, տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց հնարավորություն տալու համար, եւ հասկանում եմ, որ դա մեր լիազորություններից դուրս է, բայց կարծում եմ, որ կարիք կլինի Ազգային ժողով օրինագիծ մտցնել, որ կանանց ներկայությունը պարտադիր լինի, այսինքն՝ քվոտավորված»:
Ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ Փարիզի կին քաղաքապետն ուներ վեց տեղակալ, որից հինգը՝ տղամարդ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ