«Եթե Ընտրական օրենսգրքի ընդունումը չլիներ կառավարության առաջնահերթություններից մեկը, ապա դրա համար առանձին հանձնաժողով չէր ձեւավորվի, որի քարտուղարն էլ հենց իմ ընկեր Դանիել Իոաննիսյանն էր: Իսկ այն, որ Ընտրական օրենսգիրքը չընդունվեց, եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ այս գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի քաղաքացիների կամքը, եւ անկախ Ընտրական օրենսգրքից ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն այդ հարցը վերջնականորեն կլուծեն»,-ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ Վահան Կոստանյանն՝ անդրադառնալով քննադատությանը, թե օրենսգրքի փոփոխությունների ընդունումը վարչապետի առաջնահերթություններում պատշաճ տեղ չի գրավել, ինչի համար էլ նոր օրենսգրքի ընդունումը տապալվեց:
Դիտարկմանը, թե ավելի լավ կլիներ, ընտրություններն անցկացնել գարնանը բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան՝ հիմա, հնով, Վահան Կոստանյանն արձագանքեց, թե մտնում ենք եթեների դաշտը. «Որեւէ մեկը չի կարող հստակ պատասխանել, թե ինչպես այդ պահին իրենց կպահեին ՀՀԿ ներկայացուցիչները, իսկ հրատապ արտահերթ խորհրդանշական ընտրությունների անցկացումը հանրային պահանջ էր, որը ձեւակերպվեց նաեւ Երեւանի ընտրությունների ժամանակ, երբ քաղաքացիները, իրենց քվեն տալով «Իմ քայլը» դաշինքին, կողմ արտահայտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հանրային ողջ քննարկումը, ընտրությունների հենց հաջորդ օրվանից սկսած, վերաբերում էր արտահերթ ընտրությունների կազմակերպմանը: Այս ընտրությունները նախաձեռնելիս որեւէ նեղ կուսակցական շահով չենք առաջնորդվում, այլ իրականացնում ենք քաղաքացիների կամքը»:
Վահան Կոստանյանը չի կարծում, թե հին օրենսգրքով ընտրությունները կլինեն կիսաթաղային կամ կիսաքաղաքական: Ըստ նրա՝ իրենք միտված են անցկացնել խիստ քաղաքական քարոզարշավ ու դրա արդյունքում բացատրել քաղաքացիներին, որ քաղաքական օրակարգն ավելի կարեւոր է, քան ինչ-որ ծանոթ-բարեկամ: Նա ասաց, որ քաղաքացիներին կոչ են անելու, որ անկախ նրանից, թե իրենց ծանոթներն ու բարեկամները որ ցուցակում կլինեն, առաջին հերթին ընտրեն քվեաթերթիկը, ոչ թե ընտրեն մարդուն՝ անկախ նրանից, թե որ քվեաթերթիկի վրա է ներկայացված:
Հիշեցնենք, որ այսօր Ընտրական օրենսգրքի ընդունումն այսօր կրկին տապալվեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ