Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ՝ պարոն քաղաքապետ ինչո՞ւ եք Տիգրան Վիրաբյանին այդքան համոզել, որ Գյումրիից գա Երեւան

Հոկտեմբեր 29,2018 20:12

«Չեմ կարող առանձնացնել առաջին քայլս արվելիք, որը կլինի, որովհետեւ ոլորտի խորքային ուսումնասիրությունից հետո առաջնահերթությունները կփոխվեն եւ դրա համար չեմ ուզում խոսել մի բանի մասին, որը չգիտեմ՝ դա է առաջնահերթություն, թե ոլորտի ուսումնասիրությունից հետո մեկ այլ պատկեր առաջ կգա»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստին ասաց փոխքաղաքապետի թեկնածու Տիգրան Վիրաբյանը: Նա մինչ այս զբաղեցրել է Գյումրու դրամատիկական թատրոնի ղեկավարի պաշտոնը: Այսօր մինչ նրա օգտին քվեարկելը, ավագանու անդամները հարցեր ուղղեցին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը խոսք խնդրելով ասաց՝ Տիգրան Վիրաբյանն իր մասին ավելի քիչ ասեց՝ քան կա, ապա ավելացրեց. «Իսկապես փայլուն մենեջեր, հրաշալի մենեջեր եւ կառավարիչ: Գյումրիում նա, իսկապես, հեղաշրջում իրականացրեց»:

Հռիփսիմե Առաքելյանը դիմելով Հայկ Մարությանին ասաց՝ պարոն քաղաքապետ ինչո՞ւ եք Տիգրան Վիրաբյանին այդքան համոզել, որ Գյումրիից գա Երեւան. «Գյումրին, իսկապես, Վիրաբյան Տիգրանի կարիքը զգում է եւ, որքան էլ, նա փորձի համատեղել երկու աշխատանքներն էլ, ես կարծում եմ, որ Երեւանն իր բոլոր խնդիրներով հանդերձ այնքան տարողունակ է, որ Վիրաբյան Տիգրանին շատ-շատ զբաղված պետք է պահի: Այսպիսի մասնագետները պետք է մնային Գյումրիում եւ Գյումրին այն քաղաքն է, որ ունի այսպիսի մարդկանց կարիքը»:
Ի պատասխան, քաղաքապետ Մարությանն արձագանքեց՝ ոնց որ թե մեր խոսակցությունը միայն խտրականության մասին է ստացվում. «Ես համարում եմ Հայաստանի հանրապետությունը մի տարածք եւ չեմ տարբերակում իրարից քաղաքները եւ որպես լավ մասնագետի հրավիրել եմ եւ ինչպես նշեցի համոզել եմ պարոն Վիրաբյանին, որպեսզի օգնի մեր թիմին մեր ծրագրերը իրականացնելու համար»:

Տիգրան Վիրաբյանը պատասխանեց. «Մենք կարողացել ենք երկու տարում Գյումրու դրամատիկական թատրոնում ստեղծել մի մեխանիզմ, որ ով էլ նշանակվի Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն, ձախողելու մեծ պրոֆեսիոնալ պետք է լինի, որ կարողանա Գյումրու դրամատիկական թատրոնի աշխատանքները հիմա ձախողի: Ես առավել քան վստահ եմ, որ մենք Գյումրու դրամատիկականի մասին շատ ու շատ լավ լուրեր ենք լսելու»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031