Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ուշադրությունից դուրս չեն: Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել է «Անսովոր պատկերներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված էին ութ անձանց մեկ տարվա ընթացքում ստեղծած աշխատանքները: Նախագիծն իրականացնելու համար նախապես մշակվել էր հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ ստեղծագործական հանդիպումների ցանկ, հանդիպումները անցկացվել են Նուբարաշենի հոգեբուժարանում:
Ցուցադրության ներկայացված աշխատանքների հեղինակներից քանիսը հոգեբույժների աջակցությամբ նկարել էին, սակայն մյուսները հոգեբուժարանում հայտնվելուց հետո չէին էլ զբաղվել դրանով: Սկզբնական հանդիպումների ժամանակ փորձել էին պարզել նրանցից յուրաքանչյուրի ստեղծագործելու ցանկալի ուղղությունը, ապա նրանց ժամանակ էր հատկացվել,որպեսզի կարողանային նկարչական որոշակի գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել:
Կազմակերպիչների կողմից մշակված ծրագրի համաձայն նրանք սկզբնական շրջանում ուղղակի կրկնօրինակում էին նկարիչների հայտնի կտավները, իսկ հետո իրենց սեփական մոտեցումները ցուցադրելու և զարգացնելու հնարավորություն են ստացել: Ցուցադրության համակարգող Անետ Բիլյանը նշեց. «Ստեղծագործողների բնավորությունից և նախասիրություններից ելնելով`մշակվել են անհատական հանձնարարություններ նրանցից յուրաքանչյուրի համար»:
Նկարները իրենց թեմատիկայով մեկը մյուսից շատ տարբեր էին` հոգևոր պատկերներից մինչև բնապատկերներ, առօրյայի պատկերներից մինչև դիմանկարներ: Կային նկարներ, որտեղ պատկերված էին բանաստեղծական հատվածներից առանձնացված նկարագրություններ: Ցուցադրությունը կազմակերպվել էր շատ հստակ նպատակով` մարդկանց ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վրա, ընդգծել հոգեբուժարաններում նրանց ունեցած կարիքների անհրաժեշտությունը:
Ցուցահանդեսի կազմակերպիչների ձեւակերպմամբ, սա եղավ միջոց ցույց տալու, որ հոգեբուժարանում գտնվելը դեռ ամեն ինչի վերջը չէ ու մարդու ստեղծագործականությունը երբեք չի մարում, այն կարող է արթնանալ ամեն պայմաններում էլ:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Արվեստի զարգացման աջակցում» ՀԿ-ի ջանքերով`Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ:
Արուս ՄԻՐԶՈՅԱՆ