Այսօր լրագրողները Գյումրի այցելած կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին ԵՊՀ-ում ու Ագրարային համալսարանում ՀՀ պետական վերահսկողության ծառայության հայտնաբերած չարաշահումների մասին։
Ըստ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի, ԵՊՀ-ում առնվազն 700 միլիոն դրամի չարաշահումներ են հայտնաբերվել, իսկ Ագրարային համալսարանում 350 միլիոն դրամի, նախկին ռեկտորը համաձայնել է վերականգնել պետությանը պատճառած վնասը։
Արայիկ Հարությունյանն ասաց, որ թվերի մասին առայժմ գիտեն հայտարարությունների մակարդակով, ստուգումների արդյունքները չեն ստացել, լիարժեք վստահում են վերահսկողական մարմնին։
«Այն չարաշահումները, որոնք հայտնաբերվել են մասնավորապես Ագրարային համալսարանում, նման չարաշահումների մասին խոսում էինք դեռ այն ժամանակ, երբ որ ընդդիմություն էինք, հիմա կան կոնկրետ լծակներ այդ չարաշահումները հայտնաբերելու և վերականգնելու պետության կրած վնասները։
ԵՊՀ-ի մասով չեմ կարող որևէ բան ասել, որովհետև պարոն Սանասարյանի հետ չեմ զրուցել, երբ որ կավարտվեն ստուգումները և փաստաթղթերը պաշտոնապես կուղարկվեն, այն ժամանակ նոր կարող եմ կարծիք հստակ հայտնել»։
Լրագրողի դիտարկմանը, թե առնվազն 700 միլիոն չարաշահման մասին է խոսքը ԵՊՀ-ում, նախարարն ասաց․ «Անցած տարի օրինակ՝ ես մի գրառում էի արել, իմ գործընկերները նույնպես, որոնք հիմա կառավարությունում են։ Նրանք նշում էին, որ օրինակ՝ ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը մշտապես եղել է այդ պաշտոնում, բայց հանկարծ մեծ սեփականության տեր է դառնում կամ մեծ տուն է սարքում։ Մենք այն ժամանակ խնդրում էինք իշխանություններին, որպեսզի հետամուտ լինեն և ստուգեն, թե ինչպես կարող է ․․․ Գուցե անհիմն էին նման կասկածները․ ինչպե՞ս է պատահում, որ նման պաշտոնյան նման սեփականության տեր է դառնում։ Հիմա վերահսկողական մարմինը հերթով ստուգումներ է իրականացնում բոլոր բուհերում և չարաշահումներն է հայտնաբերում։ Ես փաստաթղթին ծանոթ չեմ, որովհետև չի եկել ԵՊՀ-ի մասով, բայց այդ թվերը կանխատեսել էին»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ