Հոկտեմբերի 29-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում Հայաստանի, Ռուսաստանի ճարտարապետների և նկարիչների միության անդամ, մի շարք ճարտարապետական և մոնումենտալ նախագծերի հեղինակ Աշոտ Տաթևոսյանը ներկայացրեց իր SUNMAN (Արեւամարդ) արտ-նախագիծը, որ կազմակերպիչներն են Հայ մշակույթի զարգացման հիմնադրամը, Հայ նկարիչների միջազգային ալյանսը:
«Կան նկարիչներ, որոնք մոռացված են»,-ափսոսանքով ասաց Աշոտ Տաթևոսյանը, ապա հավելեց, որ իրենց առաջնային նախագծերից է Կամո Գյանջյանի ցուցահանդեսի կազմակերպումը, նրա բանաստեղծությունների ժողովածուի տպագրումը: Ասաց, որ նրա գործերից մեկն էլ գուցե թե կտեղադրվի մայրաքաղաքում:
Հավելեց, որ մշակույթի օջախը, գյուղն ու քաղաքը չպետք է լինեն անմխիթար վիճակում, ինչի համար յուրաքանչյուրը պետք է քայլ կատարի: «Օրինակ վերջերս այցելեցինք Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան, մետաղյա ճաղաշարը կոռոզիայի էր ենթարկվել, զավակներին խնդրեցի, որ թույլ տան ներկել»,-ասաց արվեստագետը` հավելելով, որ այդ նախաձեռնությամբ սկիզբ է դրվում շաբաթօրյակային յուրատեսակ շարժմանը:
Սիփան Շիրազի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպմանն էլ անդրադարձ եղավ, նաեւ մարզերի մշակույթի տների անմխիթար վիճակին ու տնօրինմանը:
Աշոտ Տաթևոսյանը տեղեկացրեց, որ Հայ նկարիչների միջազգային ալյանսը զբաղվում է ցուցահանդեսների կազմակերպմամբ եւ անընդհատ ստեղծագործական ու տեղեկատվական կապերի մեջ է իր գործընկերների հետ: Իսկ առաջին ցուցահանդեսը, որ կազմակերպել են, Մոսկվայում կայացած «Երեւան, իմ սեր» խորագրով ցուցահանդեսն էր, որին Երեւանից մասնակցել է քանդակագործ Արման Համբարձումյանը, Մոսկվանից Մարտիրոս Սարյանի ծոռնուհի Աննա Սարյանը:
«Բոլոր նախարարությունների հետ համաձայնեցված է, եւ շուտով կհայտարարվի «Սուրբ մայրություն» գեղանկարչական մրցույթը: Բոլորս գիտենք, որ եկեղեցաշինարարությունն ընթանում է մեծ թափով: Գիտենք նաեւ, որ եկեղեցիների խորանում կան Խանջյանի, Սուրենյանցի ստեղծած տիրամոր կերպարների կրկնօրինակները, որոնցից որոշները թույլ են: Գաղափար առաջացավ հայտարարել համահայկական մրցույթ, որին կմասնակցեն բոլոր հայ նկարիչները, մրցանակաբաշխությունից հետո եկեղեցին կորոշի, թե որ տարբերակն է նախընտրում, որ լինի խորանում»,-ասաց արվեստագետը:
Նրա խոսքերով մրցանակաբաշխությունն ինքնանպատակ չէ, կան նկարիչներ, որոնք արժանի են ավելի լավ ներկայացվելու ու դա յուրատեսակ հարթակ կդառնա նրանց դրսեւորվելու եւ ճանաչվելու համար:
Ինչ վերաբերում է «Արեւամարդ» նախագծին, որը դիմանկարների շարք է, Տաթեւոսյանն ասում է , որ վատ մարդ գոյություն չունի, ամեն մարդու մեջ էլ կա արեւային երեւույթ: «Ցուցադրում եմ իմ դիմանկարների շարքը, ես այդ շարքին եմ դասում Մոսկվայում տեղադրված մեր սիրելի Մարտիրոս Սարյանի հուշատախտակը: Ի դեպ, դիմանկարները, որ անում եմ, նկարում եմ արեւամարդկանց, բայց Մինաս Ավետիսյանը եւ Մարտիրոս Սարյանը արեւներ են, ոչ թե արեւամարդ»,-ասաց նկարիչը:
Նախագիծը մեկնարկել է Մոսկվայում ՀՀ դեսպանատանը, հաջորդը կլինի հոկտեմբերի 31-ին Ստեփանակերտի պատկերասրահում, ապա նոյեմբերին Հայաստանի նկարիչների միության դահլիճում: Նախագիծը կգնա նաեւ մարզեր: Մարզերի երեխաների նկարած արեւների մրցույթ նույնպես կլինի: Աշոտ Տաթեւոսյանն ասում է, որ պետք է այցելել անգամ այն դպրոցներ, որտեղ ընդամենը 3 երեխա է սովորում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ