Ստամբուլում Դոլմաբահչե պալատում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, նկատի ունենալով արցախյան հարցը, ասել է.
«Թուրքիան ցանկացած հարթակում, ցանկացած պայմաններում շարունակում է պաշտպանել Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք ցանկացած տեղում դա մշտապես ընդգծում ենք։ Մենք կշարունակենք աշխատանքներ իրականացնել Վրաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի այդ երկու երկրների խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքին համապատասխան և տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում»։
Թուրք պաշտոնյան խոսել է նաև այլ հարցերի մասին, որի ընթացքում կարևորել է 3 երկրների համագործակցությունը ռազմական, էներգետիկ և տնտեսական ոլորտներում։
Չավուշօղլուի խոսքով 3 երկրների համագործակցության հարցում կարևոր դեր է խաղում Տրանսանատոլիական գազատարը (TANAP), ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։ Չավուշօղլուի կարծիքով Բաքու-Թբիլիսի-Կարս-ը մեծ օգուտ է բերում 3 երկրներին։
Աղբյուր` Haberler/ermenihaber.am