Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ քաղաքային տնտեսությունում օպտիմալացում է սպասվում եւ հաստիքների կրճատում, սակայն այսօր նիստում նախորդ հաստիքացուցակն ընդունվեց, որպեսզի ինքը հնարավորություն ունենա խորհրդական եւ օգնական ընդունել աշխատանքի: Նիստի ընթացքում պարոն Մարությանն ասաց, որ այս պահին իր օգնականն աշխատում է հասարակական հիմունքներով եւ չի վարձատրվում:
Նիստի ընթացքում պետք է հաստատվեր Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երեւանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու հարցն ու Երեւան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N 16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը:
Լրագրողների հարցին, թե համամի՞տ է, որ ուռճացված է քաղաքապետարանի հաստիքացուցակը, Հայկ Մարությանն ասաց, որ այո, պետք է օպտիմալացվի այն, եւ այս տեսքով հաստիքացուցակը հաստատելը չի նշանակում, որ ինքը ունենալու է նախկին քաղաքապետի պես 3 օգնական, 7 խորհրդական եւ այլն, պարզապես նրանց հաստիքները լինելու են եւ նրանց համար տրամադրվող գումարները մնալու են քաղաքի բյուջեում, սակայն օգնականն էլ խորհրդականն էլ մեկ-երկուսն են լինելու. «Այդ գումարը դուրս չի գալու մեր բյուջեից, այդ գումարները տնտեսվելու են»:
Հարցին, թե քանի որ բարձր գնահատեցիք փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի աշխատանքը, առաջարկ արե՞լ եք, որ նա շարունակի պաշտոնավարումը, Հայկ Մարությանն ասաց, որ իր կողմից արդեն նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին առաջարկվել է խորհրդականի կարգավիճակով մնալ, աշխատել, սակայն նա հրաժարվել է, սակայն պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները փոխանցել քաղաքային նոր իշխանություններին:
Ինչ վերաբերում է Կամո Արեյանին, ապա նրա հետ դեռ պետք է զրուցեն այդ թեմայով: Եթե նա էլ չհամաձայնի, ապա Հայկ Մարությանը հույս ունի, որ նա էլ իր տարիների կուտակած փորձով կօգնի իրենց. «Վահե Նիկոյանի ինստիտուցիոնալ հիշողությունը շատ կարեւորում եմ»:
Երեւանի քաղաքապետն ասաց, որ պաշտոնների փոփոխությունները պայմանավորված են քաղաքական թիմի փոփոխությամբ. «Պետք է փոփոխություն լինի, ես պետք է ունենամ մարդիկ, որոնք մեր գիծն են առաջ տանելու»:
Բացառությամբ «Լույս» դաշինքի ավագանու, մյուս խմբակցությունները կողմ քվեարկեցին հաստիքացուցակին:
«Լույս» դաշինքի ավագանու անգամ Դավիթ Խաժակյանը ելույթի ժամանակ կարծիք հայտնեց, որ պետք էր նախապես ուսումնասիրել եւ օպտիմալացնել, եւ նոր միայն հաստիքացուցակի հարցը քննարկման դրվեր, այլ ոչ թե հաստատել, մարդկանց ընդունել, հետո՝ կրճատել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ