Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ն իրոք ցանկանում է զենք վաճառել Ադրբեջանին, բայց ուզում է դա օրինական անել». Սուրեն Սարգսյան

Հոկտեմբեր 29,2018 17:15

«Իրանի վարած քաղաքականությունը համարել չարամիտ, կլինի կոպտագույն սխալ»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի՝ Իրանի վարած քաղաքականության վերաբերյալ այն բնորոշման մասին, թե Իրանը վարում է չարամիտ քաղաքականություն, Վարդան Ոսկանյանն ասաց. «Նման բնորոշումն ունի քարոզչական բնույթ: Իրանը ոչ թե չարամիտ քաղաքականություն է իրականացնում, այլ կայունացնող գործառույթ»:

Իսկ թե ինչ են ակնկալում ԱՄՆ-ում Հայաստանից, Վարդան Ոսկանյանն այսպես բնորոշեց. «Ակնհայտ է՝ թե՛ ԱՄՆ դեսպան Միլսը, թե՛ Բոլթոնը Հայաստանում որպես առաջնահերթություն քննարկել են Իրանի հարցը կամ որպես առաջնահերթություններից մեկը: ՀՀ-ից ակնկալիքները ԱՄՆ քաղաքական ուղեծրում չպետք է մեծ լինեն, քանի որ ՀՀ-Իրան հարաբերությունները մեզ համար ունեն կենսական նշանակություն»:

Մյուս կողմից Վարդան Ոսկանյանը փաստեց՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ը թիվ մեկ գերտերությունն է այսօր ՀՀ-ում և հաշվի չնստել այս պետության շահերի հետ, կլինի կոպտագույն սխալ: Ըստ նրա՝ Հայաստանի առջև չպետք է խնդիր դրվի ընտրել կամ մենք կամ Իրանը. «ՀՀ-ն մշտապես ոչ թե գնում է շահերի հակասությունների վրա խաղալու ճանապարհով, այլ շահերը համադրելու խելամիտ քաղաքականությամբ»:

Ըստ Վարդան Ոսկանյանի՝ դատելով Բոլթոնի հետագա հայտարարություններից, չնայած հայկական հանդիպումներն իր թվիթերյան էջում գնահատել է արդյունավետ, բայց այն ակնկալիքների դաշտը, որ ունեցել է ԱՄՆ-ն իր բարձրաստիճան պաշտոնյային ՀՀ գործուղելով՝ ամբողջությամբ բավարարում չի ստացել:

Ըստ Վարդան Ոսկանյանի՝ արևմուտքի դիրքորոշումները Իրանի հարցում երկփեղկված են: Նա մանրամասնեց. «ԵՄ-ի դիրքորոշումները բխում են այն հանգամանքից, որ ԵՄ-ն պետք է մնա Իրանի հետ միջուկային համաձայնագրի պարտավորությունների շրջանակում: Հետևաբար` ՀՀ դիրքորոշումը կարծում եմ շատ դեպքերում կարող է նույնական լինել ԵՄ դիրքորոշման հետ, էլ չեմ խոսում այն մասին, որ Իրանի հետ մենք ունենք հարաբերությունների բարեկամական բնույթ, և պատժամիջոցները կարող են մեր պետության համար հնարավորություն բացել իրանական արտահանման միջնորդի կարգավիճակ հաղորդել մեր երկրին»:

Հարցին՝ ի՞նչ է ակնկալում ԱՄՆ-ն ՀՀ-ից, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Բոլթոնի այցը նախևառաջ ճանաչողական էր: Մենք փակ ֆորմատով հանդիպում ունեցանք նրա հետ՝ հինգ-վեց փորձագետներով: Այն, ինչի մասին վերջին ամիսներին խոսել ենք, ամբողջապես հաստատվեց նրա կողմից: Հաստատեց, որ իր պետության համար ՀՀ-ն ունի բարձր առաջնահերթություն, Վրաստանն ու Ադրբեջանն ունեն ռազմավարական նշանակություն»:

Անդրադառնալով Բոլթոնի այն հայտարարությանը, թե ՀՀ-ին եւ Ադրբեջանին զենք վաճառելու փաստը Ռուսաստանին այդ երկրների վրա ազդեցության մեծ լծակներ է տալիս և հավաստիացմանը՝ մեր զենքն ավելի լավն է, քան ռուսականը, Սուրեն Սարգսյանն ասաց. «ԱՄՆ-ն Ադրբեջանին որևէ տեսակի՝ նույնիսկ հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար լուրջ իրավական խնդիրներ է ունենալու: Եթե 907-րդ բանաձևն ուժը կորցրած ճանաչվի, հնարավոր կլինի Ադրբեջանին ձեռք բերել: ԱՄՆ-ից որոշակի կրկնակի նշանակության ուղղաթիռներ է ձեռք բերել և դրանք քաղաքացիական լինելով ռազմականացվել են: Երկրորդ ուղղաթիռների խմբաքանակի, որոնք ռազմական են, մենք դրա մասին երկու ամիս առաջ ենք իմացել: ՀՀ-ն մի քիչ ավելի մեծ բարդություն կունենա ԱՄՆ-ից զենք գնելու հարցում, քանի որ զենքն ավելի թանկ է: Կարծում եմ՝ ԱՄՆ-ն Ադրբեջանի համար է շուկա բացում, այդ պրագմատիկ վարչակազմը ցանկանում է բիզնեսի նոր հնարավորություն ստեղծել, և այդ մասին խոսում էր հենց Բոլթոնը: Ինչպես ՌԴ-ն է նայում դրան որպես բիզնես, այդպես էլ ԱՄՆ-ն: Այլ հարց է, որ իմ խորին համոզմամբ՝ դժվար է լինելու այդ բանաձևն ուժը կորցրած ճանաչել, քանի որ Վաշինգտոնի հայկական կազմակերպություններն ատամներով պահում են այդ բանաձևը, որն իրենց համար սկզբունքային նշանակություն ունի: Բարդ է լինելու, որ Թրամփն այդ ճանապարհով գնա, որ մտնի Կոնգրես, խնդրի, որ փոխվի այդ բանաձևը: Բանաձև փոխելու քիչ հնարավորություն կա, այլ մեխանիզմ պետք է գտնել շրջանցելու համար: Կարծում եմ՝ ԱՄՆ-ն իրոք ցանկանում է զենք վաճառել Ադրբեջանին, բայց ուզում է դա օրինական անել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031