Լոռու մարզում տարածված երկխոսություն կա. «Անձրեւ ա գալիս: -Դռա՞նը»: Հումորն արդեն մոտ մեկ ամիս է, ինչ համապատասխանում է իրականությանը: Սակայն անձրեւը գալիս է ոչ միայն «դռանը», այլ նաեւ Դարպաս համայնքի ավտոբուսում:
Համայնքի բնակչուհի Անուշ Ասլանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Դարպաս-Վանաձոր միջհամայնքային տրանսպորտը սպասարկում է 2 ավտոբուս: Նրա խոսքով՝ երկուսն էլ գտնվում են, մեղմ ասած, անմխիթար վիճակում. «Անընդհատ մեքենայի անսարքության հետ կապված խնդիրներ են առաջանում: Վերջին մեկ ամսում մոտ 15 անգամ տրանսպորտ չի եղել՝ խափանման պատճառով: Մեքենաներից մեկն այլեւս չի աշխատում, իսկ այս մյուսը, որ մինչեւ վերջին շունչն ուզում էր սպասարկել, սա էլ խնդիր ունեցավ, եւ այսօր չի սպասարկել»:
Խնդիրն ավելի է տեսանելի լինում հատկապես անձրեւային եղանակներին: Ավտոբուսի մաշվածության պատճառով անձրեւը լցվում է ներս: Ուղեւորներն ավտոբուս են նստում անձրեւանոցներով. «Մենք արդեն անձրեւանոցով ենք երթեւեկում, եւ նման ծառայության համար 100 դրամ ենք վճարում: Երթուղին աշխատում է առավոտյան 8:30-ից մինչեւ երեկոյան 18:30-ը: Ակնկալում ենք հարցի լուծում, որովհետեւ ամեն անգամ չէ, որ տաքսու գումար ես ունենում, որ քեզ թույլ տաս 2 օրը մեկ քո աշխատանքին գնալու համար օգտվես այդ ծառայությունից»:
Անուշը տեղեկացրեց, որ համայնքում պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել եւ հարցը բարձրացնել տարբեր ատյաններում:
Aravot.am-ը հարցի վերաբերյալ առաջիկայում կներկայացնի նաեւ համապատասխան մարմիների պարզաբանումը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարը եւ տեսանյութը՝ Անուշ Ասլանյանի