Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Երեւանի ավագանու նիստ, որի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանուն ներկայացրեց փոխքաղաքապետերին: Հրաչյա Սարգսյանը նշանակվեց առաջին տեղակալ, ապա տեղակալներ նշանակվեցին Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը:
Հրաչյա Սարգսյանից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արման Աբովյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է լինելու առաջին փոխքաղաքապետի առաջին քայլը պաշտոնը ստանձնելուց հետո: Պարոն Սարգսյանն ասաց, որ նախեւառաջ, Երեւանի քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու քաղաքացիների նամակներին պատասխանելու օպերատիվությունը բարձրացնելու համար ներդնելու է մալբրի համակարգը, որով վաղուց աշխատում են նախարարությունները, իսկ քաղաքապետարանը, չգիտես ինչու՝ ոչ: Ըստ նրա, դա նաեւ կկրճատի թղթաբանությունը:
«Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Սամսոնյանի դիտարկմանը, թե համատիրության ինստիտուտն իրեն չի արդարացնում, ի՞նչ պատկերացում ունի այս խնդրի լուծման վերաբերյալ, պարոն Սարգսյանն ասաց, որ խնդիրն այնքան համատիրության գաղափարի մեջ չէ, որքան, որ այդ գաղափարը վատ են իրագործել. «Դուք կարող եք ունենալ լավ գաղափար բայց իրագործողները լավը չլինեն եւ այն չկայանա: Ավելի շատ ոչ թե համատիրության խնդիրն է, այլ՝ բնակիչների մասնակցության բացակայության խնդիրն է»:
Անի Սամսոնյանը նոր փոխքաղաքապետին Արզումանյան 10 հասցեի բնակիչների նամակը փոխանցեց, որտեղ բնակիչները Երեւանի նոր իշխանություններից պահանջում են լուծել իրենց բնակարանի խնդիրը, որը, չնայած բազմաթիվ նամակներին՝ նախկին քաղաքային իշխանություններն, այդպես էլ չեն լուծել, մինչեւ որ օրեր առաջ, վթարային շենքի սենյակը փլուզվել է, եւ, ըստ Անի Սամսոնյանի, նորածին երեխան եւ մեծահասակ տատիկը հրաշքով փրկվել են: Այդ շենքի առաջին մուտքը համարվում է 3-4-րդ կարգի վթարային:
Նա նոր փոխքաղաքապետին հորդորեց այդ հարցը լուծել: Ի պատասխան, Հայկ Մարությանն ասաց, որ իր համար թիվ մեկ արձագանքման խնդիրը բնակիչների անվտանգությունն է, քաղաքապետը նաեւ ասաց, որ այդպիսի նամակներ շատ են ստանում. «Երեւանցիների կյանքը մեզ համար, պետության համար գերագույն արժեք է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ