Լրահոս
Օրվա լրահոսը

147 դիմում՝ դատավորների վարքի վերաբերյալ. ինչո՞ւ ԲԴԽ-ն դրանք չի քննում

Հոկտեմբեր 29,2018 16:11

Վերջին վեց ամսում քաղաքացիներից, հ/կ-ներից եւ փաստաբաններից հարյուրավոր դիմումներ են ստացվել՝ որոշ դատավորների կողմից վարքագծի կանոնների խախտումների վերաբերյալ, սակայն ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը դատավորների հանդեպ կարգապահական վարույթի հարց չի քննել, քանի որ դիմումները համապատասխան մարմինների՝ կարգապահական հանձնաժողովի եւ Արդարադատության նախարարության կողմից չեն հասցեագրվել իրեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ԶԼՄ-ներում ԲԴԽ-ին մեղադրում են անգործության համար, սակայն իրականում ԲԴԽ-ն դատավորի հանդեպ կարգապահական տույժ մշակելու լիազորություն ունի, բայց ոչ՝ մեխանիզմ: «Խնդիրն այն է, որ ԲԴԽ-ն ինքը չի կարող վարույթ սկսել, այն պետք է հասցեագրի կարգապահական հանձնաժողովը կամ Արդարադատության նախարարությանը: Հանձնաժողովը, ըստ գործող Դատական օրենսգրքի, ձեւավորվում է դատավորների ընդհանուր ժողովի կողմից, որն առնչություն չունի ԲԴԽ-ի հետ: Մինչ օրս ոչ կարգապահական հանձնաժողովից, ոչ էլ Արդարադատության նախարարությունից որեւէ միջնորդություն չենք ստացել՝ կարգապահական վարույթների վերաբերյալ, մինչդեռ հանձնաժողովին 147 դատավորի հանդեպ կարգապահական վարույթի դիմում է հասցեագրվել»,-հայտնեց Գագիկ Հարությունյանը:

Նման մեխանիզմը, նրա համոզմամբ, հակասահմանադրական է. «Այս ուղղությամբ առաջարկներ կմշակենք, եւ եթե սահմանադրական վեճ ի հայտ գա, դա էլ կներկայացնենք: Արդարադատության նախարարի հետ փորձել եմ մի քանի անգամ զրուցել. սկզբնական շրջանում նա հրապարակային կարծիք հայտնեց, թե չի ցանկանում խառնվել դատական իշխանության գործերին: Չեմ ընդունում նման մոտեցումը: Դա միջամտություն չէ, որովհետեւ նախարարությունը ոչ թե որոշում կայացնողն է, այլ վարույթ հարուցողը: Կարծես թե Արդարադատության նախարարը մտայնությունը փոխեց եւ պատրաստակամ էր հարուցել վարույթներ, բայց դեռեւս որեւէ վարույթ չի հարուցվել»:

Ինչ վերաբերում է կարգապահական հանձնաժողովին, որը վերջերս է ձեւավորվել, Գագիկ Հարությունյանը նկատեց. «147 դիմումից մոտ յոթն է ընթացքի մեջ այդ հանձնաժողովում: Մյուսները մերժվել են հանձնաժողովի կողմից՝ խախտումների բացակայության հիմքով, սակայն դա վիճելի է, որովհետեւ կարգապահական վարույթի համար դիմողը դրա առնչությամբ հանձնաժողովի կայացրած որոշումը վիճարկելու իրավունք չունի: Կոնկրետ մարդկանց չեմ մեղադրում, ուղղակի համակարգը ճիշտ չի աշխատում, կառուցվածքային խնդիրներ կան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031