Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «2 մլն-ից եկել եմ 500 հազար աշխատավարձին»

Հոկտեմբեր 29,2018 16:09

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը գտնում է, որ ոլորտում գլխավոր մասնագետների ինստիտուտը հնացած է եւ չի դրսեւորվում որպես ինստիտուտ: Այս մասին Թորոսյանն այսօր ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով բժշկական համայնքի՝ այդ խնդրին առնչվող դժգոհություններին:

Ըստ Թորոսյանի, բժիշկները, որպես գլխավոր մասնագետ, դա օգտագործում էին որպես տիտղոս. «Ոնց են մարդուն շնորհում ազգային հերոսի կոչում: Մենք վերափոխել ենք առանց անձնավորելու, որպեսզի դա ավելի գործուն լինի, ու չչարաշահվի, չլինի ասենք՝ գլխավոր սրտաբան, որը մնացած բոլոր սրտաբաններին թելադրում է ոնց պետք է աշխատեն»:

Թորոսյանը վստահեցրեց՝ հայտարարությունները, թե դրանով բժշկական համայնքը քանդում են, իրականությանը չեն համապատասխանում. «Ոչ մեկը չի տուժել, հակառակը՝ թարմացրել ենք, ավելի երիտասարդ բժիշկներ են ընդգրկվել, որոնք ավելի պատրաստակամ են, ոչ թե զբաղված տնօրեն, որ ընդամենը ասում է՝ ես եմ գլխավորը, ես եմ որոշում»:

Նախարարի պաշտոնակատարը նաեւ անդրադարձավ իր նախկին աշխատանքի վերաբերյալ լուրերին. «Ես 2011-ին Հայաստան եմ բերել մոտ 1 մլն դոլար ներդրում այդ կենտրոնը (ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոն Ն.Բ.) բացելու համար: Կենտրոնը բացվելու օրվանից եղել է լավագույնը, մի դրամ ներդրում չեմ արել, փայ չունեմ, ռուսական մեծ ընկերության մասնաճյուղ է: Միշտ պետության հետ ունեցել եմ խնդիր պետպատվեր ստանալու համար՝ պետպատվեր մեզ չեն տվել: Ալթունյան, ընդհանրապես… առաջին տարում կտրեցին, էս փետրվարին տվեցին, վերջը հանձնվեցին՝ տվեցին: Ասեմ՝ վերաբաշխում է լինելու, ոչ մի նման կենտրոն ավել գումար չի ստանալու»:

Այդ կենտրոնը հիմա ղեկավարում է Թորոսյանի կինը: Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց՝ «Դա է եղել իմ նշանակվելու ժամանակ պայմանը, որ կարող էի համաձայնվեի այս պաշտոնում: Շատերին թվում է մենք այստեղ բամբակի ու մանանայի մեջ ենք ամբողջ օրը թաթախված: Բայց, հակառակն է, ամբողջ օրը մեր ընտանիքներից, երեխաներից ու ամեն ինչից կտրված ենք, ու անտանելի պայմաններում ենք աշխատում: Ես 2 միլիոն դրամ աշխատավարձից եկել եմ 500 հազար դրամ աշխատավարձին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031