Լրահոս
Օրվա լրահոսը

Շանսը, որ մեզ տրվել է 2000 տարվա մեջ առաջին անգամ

Հոկտեմբեր 29,2018 15:52

«Հեղափոխության նախապատրաստումն ու իրականացումը մանկական խաղալիք է այն բանի համեմատությամբ, ինչը ձեզ սպասվում է նրա հաղթանակից հետո»:

Ռոբերտ Հայնլայն, ամերիկացի գրող

 

Միանգամից ասեմ, որ այս անգամ իմ հրապարակային խոսքը հիմնավորելու համար հաճախակի եմ դիմելու մեծերի ասույթներին: Կարծում եմ՝ դրանք հենց այնպես կարդալու և ականջի հետև գցելու համար չեն, և մենք պետք է խոհեմաբար ականջալուր լինենք դրանց և կարևոր շրջափուլերում, ինչպիսին որ հիմա ապրում է մեր երկիրը, դրանցով առաջնորդվենք և հետևենք դրանց:

Հետհեղափոխական Հայաստանում հեղափոխությունը իր հաղթական հանգրվանին հասցնելու առումով մեր գործն ավելի է դժվարանում, քանի որ նախկինից ժառանգություն ենք ստացել խեղաթյուրված արժեհամակարգ, 30 -տոկոս աղքատությամբ ազգաբնակչություն, փլուզման եզրին կանգնած կրթական ու գիտական համակարգ, քայքայված տնտեսություն, թալանված բյուջե և ամայացած քաղաքական դաշտ:

Երբ ամփոփում ենք հեղափոխության շուրջ վեց ամիսների՝ պատմության համար շատ կարճ, մեզ համար՝ մեծ այդ ժամանակահատվածի արդյունքները, առաջին իսկ հայացքից ակնհայտ է, որ մեզանում փոխվում է տարիներով կարծրացած արժեհամակարգը, առողջանում է երբեմնի բարոյազուրկ ու ապականված միջավայրը: Քաղաքացի-պետություն փոխհարաբերություններում ձևավորվում է նոր մշակույթ: Այլևս մեր երկրում պետությունը, պետականությունը, քաղաքացին ու նրա արժանապատվությունը գերագույն արժեք են: Այլևս ՀՀ քաղաքացին իր երկրում զգում է ավելի ազատ, անկախ, պաշտպանված ու արժանապատիվ: Երկրում ձևավորվում է փոխադարձ հարգանքի և սիրո մթնոլորտ: Քաղաքացին, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, գործարարները նոր Հայաստանում կարող են ազատորեն գործել, դրսևորվել և կյանքի կոչել իրենց նախաձեռնություններն ու մտահղացումները: Ներդրումների համար միջավայրը դարձել է ավելի գրավիչ: Անկախ գործելու ճանապարհին առաջին քայլերն են անում դատարաններն ու իրավապահ մարմինները: Ընդամենը վեց ամսվա ընթացքում փոխվել է գրեթե բոլոր քաղբանտարկյալների խափանման միջոցը, և նրանք հայտնվել են ազատության մեջ: Աշխուժություն է նկատվում ամայացած քաղաքական դաշտում, ձևավորվում են նոր կուսակցություններ և քաղաքական առողջ մրցակցային միջավայր, բարեփոխվում է ընտրական օրենսգիրքը՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու նպատակով: Իրավապահ մարմինները, որոնք ոչ վաղ անցյալում ահաբեկում էին սեփական ժողովրդին, դաժանաբար ճնշում բողոքի ցույցերը և շինծու գործեր սարքում նրանց դեմ, այժմ շատ հարգալից են վերաբերվում այդ նույն ժողովրդին: Նոր Հայաստանում այլևս չեն հովանավորվում հանցագործությունը, լկտիությունը, կաշառակերությունն ու խարդախությունը: Սկզբունքորեն փոխվել են մոտեցումները կադրերի ընտրության և նշանակման հարցում: Թավշյա խաղաղ հեղափոխության և կառավարության արտաքին արդյունավետ քաղաքականության արդյունքում աննախադեպ աճել է հայ ժողովրդի միջազգային վարկանիշը, ինչը Հայաստանին կարող է բերել լրացուցիչ դիվիդենտներ: Հեղափոխությունը մենք միայն սկսել ենք, հեղափոխությունն ամենևին էլ միայն իշխանափոխությունը չէ, հեղափոխությունը դա առաջին հերթին ենթադրում է արժեհամակարգի, աշխարհահայացքի և բարոյական արժեքների փոփոխություններ, տնտեսավարման, պետական կառավարման համակարգի արմատական բարեփոխումներ:

Կարծում եմ արագ հաջողություններ արձանագրելու համար բարեփոխումները առաջինը պետք է սկսել պետական կառավարման ոլորտից:Այս տեսակետից

շատ կարևոր է նոր Հայաստանում պետական կառավարման համակարգի արմատական բարեփոխումների իրականացումը: Գաղտնիք չէ, որ պետության հեղինակությունը, կառավարության հաջողությունները և երկրի առաջընթացը գլխավորապես պայմանավորված են պետական կառավարման կադրերով: Հայաստանում պետական կադրային քաղաքականությունը բարեփոխումների լուրջ կարիք ունի, ինչը պայմանավորված է երկրում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծմամբ: Պատահական չէ, որ խորհրդային տարիներին կար լոզունգ՝ «Կադրերն են որոշում ամեն ինչ»:

Դեռևս հին հույն փիլիսոփաները նշում էին, որ ամենադժվարին և բարդ գործը դա դաստիարակելն է և կառավարելը: 20-րդ դարի ամերիկացի գործարար, քաղաքագետ, քաղաքական և պետական գործիչ Ռոբերտ Մակնամարան ասել է. «Կառավարումը դա ամենաստեղծագործ արվեստն է, այն արվեստների արվեստ է՝ արվեստ, որը ստեղծում է /արարում է/ տաղանդներ»: Իսկ գերմանական կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկն այն կարծիքն է արտահայտել, որ «Վատ օրենքներով, սակայն լավ պետական պաշտոնյաներով միանգամայն կարելի է արդյունավետ կառավարել երկիրը»: Սա խոսում է այն մասին, որ մարդկային գործոնն ամենաառաջնայինն է:

Միանգամայն ողջունելի է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե կառավարության կադրային քաղաքականությունը չի կատարվելու կուսակցականության սկզբունքով: «Ընդհակառակը, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, խորհրդարանական ուժերի բաշխվածությունը հաշվի առնելով՝ ընդհանուր առմամբ կուսակցական սկզբունքը առաջնային չի լինելու»: Լիովին արդարացված են պետության կառավարման և կադրերի ընտրության հարցում նոր՝ շրջադարձային մոտեցումները: Անհրաժեշտ է արմատապես վերանայել պետական ապարատի ձևավորման նախկին արատավորված համակարգը, որտեղ կադրերի ընտրության ժամանակ հիմնական արժանիք էր համարվում ծառայամտությունը, հարմարվողականությունը, առաջնորդին անվերապահ նվիրվածությունը և իշխանության վերարտադրության գործում ունեցած դերակատարությունը: Դեռևս լիարժեքորեն կայացած չեն քաղաքական ու պետական ինստիտուտները: Դասական մոտեցումները՝ կուսակցականացված կառավարումը իրեն սպառել է և պետության կառավարման գործում պետք է ներգրավել ամբողջ քաղաքացիական հասարակության ընտրանուն, անկախ ազգային, կուսակցական և սեռային պատկանելությունից ու տարիքից:

Կուսակցականացված կառավարումը կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, եթե կայացած է երկրում քաղաքական համակարգը: Պետությանը պետք է լուրջ վերաբերվել, այն չի կարելի տնավարի, պատահական, կենսագրություն չունեցող անփորձ մարդկանցով կամ հանցագործ աշխարհի օրենքներով ղեկավարել:Կադրերի ընտրության հարցում շտապողականությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երկրի համար:Պետություն կառավարելը դա վերջին հաշվով արհեստավարժ, իմաստուն և բարձր բարոյականություն ունեցող մարդկանց գործ է: Պետական ապարատում պետք է տեղ ունենան մարդիկ, ովքեր ունեն անբիծ անցյալ, բարոյական աշխարհահայացք, վաստակ, ընտրասերված ծագում, հասուն են, գործիմաց են, հավասարակշռված և համարձակ են, հայրենասեր և հուսալի են, փորձառու են, անշահախնդիր են, օժտված են կամային և կազմակերպչական ունակություններով, վայելում են հանրության հարգանքը և վստահությունը:Կադրերի ընտրության հարցում կարծում եմ առաջնահերթ որակներից մեկը պետք է համարել ծագումը: Պատահական չէ, որ մեր նախնիները համայնքի ղեկավար /քյոխվա/ ընտրելիս ուսումնասիրում էին մի քանի պորտ, հաշվի էին առնում, թե նա ինչպես է ղեկավարում իր ընտանիքը: Ամենևին արդարացված չեն այն պնդումները, թե մենք կադրերի պակաս ունենք:Հայ ազգը տաղանդավոր ազգ է և արժանիները քիչ չեն մեր հասարակության մեջ,պարզապես նրանց գտնելու ցանկություն պետք է լինի:

Բոլոր ժամանակներում իշխանական կուսակցությունները յուրային, հուսալի և անդավաճան համարել են իրենց կուսակիցներին, սակայն փորձը ցույց է տալի, որ վտանգի դեպքում նրանք առաջինն են լքում նավը ինչը կատարվում է ներկայումս: Շատ կարևոր է, որ նոր կառավարությունը արգելափակում է գործարարների մուտքը պետական կառավարման համակարգ, ինչը թույլ չի տա իշխանության այլասերում: «Ով ուզում է բիզնեսով զբաղվել, թող հեռանա քաղաքականությունից, զբաղվի այդ գործով: Մենք չենք կարող որոշել, թե ով ինչով զբաղվի, ժողովուրդը պետք է որոշի իր ընտրությամբ: Բիզնեսը չի կարող խառնվել քաղաքականությանն ու պետական կառավարմանը»,-Կապանում քաղաքապետի «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի քարոզարշավին մասնակցելով՝ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Դասագրքային ճշմարտություն է, որ /Լենինն էլ է գրել / , որ կառավարությունում պետք է լինեն մարդիկ, որոնք չեն տնօրինում մեծ կապիտալի, քանի որ իշխանության եկած հարուստները մտածում են միմիայն իրենց կապիտալի պահպանման և բազմապատկման մասին: Կայուն պետություն և ժողովրդավարական հասարակություն ունենալու համար շատ կարևոր է, որ երկրում լինի արդարություն, որ մարդիկ գնահատվեն և հասարակական դիրք գրավեն ըստ արժանվույն: Դեռևս մ.թ.ա. 350 տարի առաջ հույն հին փիլիսոփա Անտիսֆենը գրել է. «Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ լավերին չեն կարողանում տարբերել հիմարներից»: Ըստ էության 5-րդ դարից մինչև մեր օրերը արդար հասարակություն ունենալը եղել է հայ ժողովրդի բոլոր ժամանակների երազանքը։

Չի կարելի ստեղծելով նորը, ամբողջությամբ ժխտել հինը, որովհետև ապագան կառուցվում է անցյալի և ներկայի վրա:Մենք շատ հաճախ պետության կառավարման հարցում ծայրահեղությունների մեջ ենք ընկնում, որը լրջորեն վնասում է մեր պետականությանը:Կոմունիստների ժամանակ գտնում էինք, որ երկիրը պետք է ղեկավարեն բատրակները, ՀՀՇի ժամանակ ասում էինք պոլի փետ լինի միայն թե ՀՀՇական լինի, ՀՀԿականները գտնում էին, որ հասարակական դիրք ունենալու համար անհրաժեշտ է անցնել Մելիք Ադամյանով, հիմա էլ հնչում են կարծիքներ, թե պետության կառավարումը պետք է վստահել երիտասարդներին, որոնք դեռևս ապականված չեն:Սակայն հաշվի չենք առնում մի բան, որ միջին և ավագ սերունդը դաստիարակվել է ավելի բարձրաճաշակ մշակույթի ու բարոյական բարձր արժեքների միջավայրում, ստացել է ավելի որակյալ և հիմնավոր կրթություն, քան անկախության սերունդը, իսկ մարդկային որակներն առաջին հերթին անհատական են և պայմանավորված են ոչ թե տարիքով, այլ ծագումով, ընտանիքի դաստիարակությամբ և այն արժեհամակարգով, որը տվյալ ժամանակաշրջանում դավանել է հասարակությունը:Կարծում եմ որևէ սոցիալական կամ տարիքային խմբի կամ կուսակցական պատկանելության չի կարելի առաջնություն տալ: Դա շատ վտանգավոր է, կարող է խաթարել հասարակության համերաշխությունը և սեպ խրել սերունդների ու սոցիալական խմբերի միջև: Այս երկիրը բոլորինս է հավասար, բոլորինս են հավասար թե հաղթանակները և թե պարտությունները: Իհարկե, երիտասարդությունն աչքի է ընկնում խիզախությամբ,նախաձեռնողականությամբ, նորի և առաջադիմականի արագ ընկալմամբ, սակայն ավագ սերնդի մոտ գերակշռում է փորձառությունը, հավասարակշռվածությունը, իմաստությունը, գործիմացությունը, պատասխանատվությունը, զգուշավորությունը և այլն: Ավելի արդյունավետ կարող է լինել այդ երկուսի օպտիմալ զուգակցումը: Ազգովի պետք է գիտակցենք, որ ավագ սերնդի, վաստակաշատ, հարուստ կենսափորձ ունեցող մարկանց նկատմամբ առանց ընդգծված հարգանք ունենալու, մենք չենք կարող բարոյական հասարակություն ունենալ և լավ երկիր կառուցել: Ըստ էության մարդը իր գիտելիքների շատ փոքր մասն է միայն ձեռք բերում կրթության միջոցով, մնացածը ձեռք է բերում աշխատանքի ընթացքում և դառնում է իմաստուն փորձությունների հաղթահարման արդյունքում: Պետք է խոստովանենք, որ կուսակցություններն, ըստ էության, Հայաստանում վարկաբեկված ինստիտուտներ են և դրանք թե առաջին, թե երկրորդ, և թե երրորդ հանրապետության ժամանակ առավելապես առաջնորդվել են իրենց անձնական ու խմբային նեղ շահերով: Պատահական չէ, որ իշխանություն կորցնելու դեպքում, գրեթե բոլոր իշխող կուսակցությունները շատ արագ կանգնել են փլուզման եզրին, ինչին ներկայումս էլ ականատես ենք լինում:Կուսակցության անդամակցության հիմքում շատ հաճախ ոչ թե գաղափարախոսությունն է դրվել ,այլ անձնական շահը և քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ դարձել են մի քանի, անգամ.. 5 կուսակցության անդամ, մինչդեռ կուսակցությունը դավանանքի նման մի բան է և բարոյական չէ հաճախակի փոխելը: Ըստ էության կուսակցությունները քաղաքական ընտրանու ձևավորման ու դաստիարակության ինստիտուտներից վերածվել են կարերայի «կլուբների»: Նոր, անկախ Հայաստանում փաստորեն համարյա բոլոր կուսակցություններում բացակայում էր ներկուսակցական դեմոկրատիան, դրանք առավելապես մեկ անձի կուսակցություն էին և, որպես կանոն, կուսակցություններում բոլոր որոշումներն ընդունվում էին միաձայն: Շատ անբարոյական ճարպիկների համար կուսակցությանն անդամակցումը ցանկացած գնով լավ և հեշտ ապրելու միջոց է դարձել: 17-րդ դարի անգլիացի պետական գործիչ Ջորջ Սևիլ Գալիֆակսը կուսակցությունների մասին ասել է. «Նույնիսկ ամենաառաջավոր կուսակցությունը դա դավադրություն է սեփական ազգի նկատմամբ»: Իսկ 18-րդ դարի անգլիացի պոետ Ալեքսանդր Պոուպն ասել է ՝ «Կուսակցությունը դա շատերի գաղափարական մոլորությունն է, ի օգուտ մի քանիսի»: Հասկանալի է, սակայն, որ քաղաքական առավել արդյունավետ ինստիտուտներ պարզապես չկան:

Ամենևին չժխտելով, որ ցանկացած կուսակցությունում կան ազնիվ և նվիրյալ մարդիկ, այնուամենայնիվ նրանց զգալի մասը դրանք հասարակության այն սկզբունքներ և գաղափարախոսություն չունեցող հաշվենկատ մասն են, որոնք պատրաստ են ամեն ինչի, բարեկեցիկ ապրելու համար: Ստացվել է, որ քաղաքականությամբ զբաղվելը վերջին 20 տարիներին ամենաեկամտաբեր բիզնեսն է եղել: Ներկայումս էլ քիչ չեն դեպքերը, երբ բարձր պաշտոններ են ստանում դավանափոխ եղած նախկին ընտրակեղծարարներն ու հեղափոխության դեմ ակտիվ պայքարողները: Սա ոչ մի տրամաբանության չի ենթարկվում ,ավելին՝ հարուցում է հասարակության իրավացի դժգոհությունը և պետք է լրջորեն անհանգստացնի իշխանություններին: Պետք չէ այդպիսիներին գրկաբաց ընդունել այլ կուսակցություններ, առավել ևս իշխանական: Դա կարող է խրախուսել անբարոյականությունը, բացասաբար անդրադառնալ կուսակցության վարկանիշի վրա և վարկաբեկել ընդհանրապես կուսակցություններին, որպես քաղաքական ինստիտուտի: Դրանք չարիք են հասարակության համար և այդպիսիները պետք է արժանանան նաև հասարակության արհամարհանքին: Վարչապետի ասած քաղաքական հանդուրժողականությունը շատերը սխալ են ընկալել, դա ամենևին չի ենթադրում նախկին հանցագործների ու ընտրակեղծարարների ռեաբիլիտացիա: Դա ընդամենը նշանակում է ,որ ազնիվ և արհեստավարժ մարդիկ անկախ կուսակցական պատկանելությունից կարող են ներգրավվել պետական պատասխանատու պաշտոններում: Այդ երևույթների դեմ պայքարելու հիմնական ելքը քաղաքական/իշխանական/ այնպիսի ընտրանու ձևավորումն է, որոնց համար կուսակցության գաղափարախոսությունն ու հանրային /պետական/ շահը առաջնային են, որոնք կտիրապետեն մասնագիտական գիտելիքների, օժտված կլինեն կառավարչական ընդունակություններով, բարոյական բարձր արժեքներով ու սկզբունքներով և իշխանական լիազորությունները արդյունավետ կօգտագործեն հանրության խնդիրները լուծելու համար:Մենք պետք է լավը, բարոյականը, առաքինին, ազնիվը հարգենք, մեծարենք, խրախուսենք, իսկ վատը՝ անբարոյականը պախարակենք և պատժենք, հակառակ դեպքում մենք լավ երկիր չենք կարող ունենալ: Նոր Հայաստանի քաղաքացու արժեհամակարգում այլևս տեղ չպետք է ունենան լկտիությունը, քաղքենիությունը, ամբարտավանությունը, ստրկամտությունը, ստորաքարշությունը, քծնանքը, սուտ խոսելն ու քցելը և որևէ պարագայում չպետք է ներել, առավել ևս խրախուսել առնետավազքը, դավանափոխությունը, դավադրությունը, դավաճանությունն ու ապերախտությունը: Բոլոր ժամանակներում և բոլոր հասարակություններում դրանք մարդկային արատներից ամենավատթարագույնն են համարվել: Հասարակության մի զգալի, արժանապատիվ, ակտիվ և որակյալ մասը լուրջ չեն ընդունում, թերահավատորեն են վերաբերվում կուսակցություններին և չեն անդամակցում որևէ կուսակցության:Այս հանգամանքը պետք է հաշվի առնել և նրանց նույնպես պետք է ներգրավել քաղաքական գործընթացներում ու պետական կառավարման համակարգում:

Պետական կառավարման ապարատի գործունեության արդյունավետության բարձրացման կարևոր միջոց է հանդիսանում՝ կադրերի ընտրության գործում, մրցակցության, թափանցիկության, հրապարակայնության և հասարակական վերահսկողության ապահովումը:

Այդ նպատակով գտնում ենք նպատակահարմար վարչապետին կից ստեղծել հասարակական հիմունքներով կադրային խորհրդատվական հանձնաժողով , կազմված հանրության շրջանում բարձր հեղինակություն վայելող քաղաքական ու պետական գործիչներից և տարբեր ոլորտի փորձառու մասնագետներից:

Հանձնաժողովի գործառույթները կլինեն.

  • կադրերի հավաքագրումը,
  • կադրային բանկի ստեղծումը ,
  • նրանց վերաբերյալ կարծիքների հավաքագրումը,
  • բանավոր հարցազրույցների անցկացումը և ամբողջական,համակարգված տեղեկատվությունը վարչապետին տրամադրումը:

Պետական կառավարման կադրերի որակի բարելավման և կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է կադրերի բանկից ընտրել առավել լավագույններին և կազմակերպել նրանց վերապատրաստումը արտասահմանյան տարբեր երկրներում և Հայաստանում: Կադրերի պատրաստման և վերապատրաստման համար ոչինչ պետք չէ խնայել, որովհետև այդ ծախսերը հետագայում կհատուցվեն բազմակի անգամներով: Այդ կապակցությամբ, Մեծն Հ. Թումանյանը դեռևս 100 տարի առաջ գրել է. «… իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում»:

Կառավարման ընտրանու ձևավորման գործում կուսակցություններից զատ ակտիվ մասնակցություն պետք է ունենա նաև պետությունը: Նրանք ոչ միայն պետք է անցնեն կուսակցական դպրոց, այլ պետք է պատրաստվեն պետական ծառայողների ուսումնական հաստատություններում:

Մենք գնում ենք ԱԺ ընտրությունների, ձևավորում ենք քաղաքական նոր համակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկը և շատ կարևոր է ազգային ժողովի պատգամավորների ընտրության ժողովրդավարական սկզբունքների, հրապարակայնության և թափանցիկության ապահովումը: Դա ավելի է կարևորվում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը խորհրդարանական պետություն է: Կարծում ենք, նպատակահարմար է, մինչև պատգամավորության թեկնածուների հիմնական ցուցակների հրապարակումը, որոշակի ժամկետով , օրինակ՝ հիմնական ցուցակները հրապարակելուց 10 օր առաջ հրապարակել նախնական ցուցակներ, այնուհետև դրանցում կատարել ճշգրտումներ, հանրային քննարկումների ծավալման արդյունքում: Հանրային քննարկումները կուսակցությունների համար կհանդիսանան որպես խորհրդատվական կարծիք, հիմնական ցուցակները կազմելիս ճիշտ կողմնորոշվելու համար: Կարծում եմ հաշվի առնելով խորհրդարանական պետություն լինելու հանգամանքը անհրաժեշտ է ամենայն լրջությամբ վերաբերվել ԱԺ ընտրություններում առաջադրվող թեկնածուներին:Նրանք պետք է օժտված լինեն մարդկային բարձր որակներով, ունենան կրթական որոշակի մակարդակ. ծառայություններ և վաստակ, վայելեն հանրային բարձր հեղինակություն և այլն:

Պետական կառավարման գրեթե բոլոր մակարդակներում ու օղակներում ցածր է պաշտոնյաների պատասխանատվությունը: Անհրաժեշտ է մշակել պետական պաշտոնյայի գործունեության արդյունավետության գնահատման մեթոդաբանություն և սահմանել պատասխանատվություն պաշտոնեական անձնագրով նախատեսված իր պարտականությունների կատարման ձախողման դեպքում:

Կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով շատ կարևոր է նաև պետական պաշտոնյաների սոցիալական պաշտպանվածության գործուն համակարգի ձևավորումը:

Նոր Հայաստանի կառուցման գլխավոր պայմանը առողջ բարոյական բարձր արժեքներ կրող հասարակություն ունենալն է: Նոր Հայաստանում մեր բոլորիս՝ կառավարության, մտավորականների, եկեղեցու, մամուլի, հեռուստաընկերությունների, դպրոցի, բուհերի, մշակույթի ոլորտի առաջնահերթ խնդիրը պետք է լինի իսկական հայի կերպարի վերականգնումը, նոր արժեհամակարգի և բարոյական միջավայրի ձևավորումը, օրինականության ու արդարության հաստատումն ու արժանապատիվ քաղաքացու դաստիարակումը, ինչը երկարատև և բավականին հետևողական աշխատանք է պահանջում:

Մենք՝ հայերս, նաև օտարների կարծիքով լինելով տաղանդավոր, խիզախ, մարտնչող, աշխատասեր, ստեղծարար ազգ, այնուամենայնիվ ունենք նաև այնպիսի որակներ, որոնք չեն նպաստում հզոր և կենսունակ պետականության կայացմանն ու երկրի առաջընթացին: Այսպես, մենք

  • դյուրահավատ ենք,
  • ճկուն և հեռատես չենք,
  • մեր հիշողությունը կարճ է ,անցյալից երբեք դասեր չենք քաղում,
  • ցուցամոլ ենք, մեր համար ձևը և կեղծ արժեքները երբեմն ավելի կարևոր են, քան բովանդակությունն ու իրական արժեքները,
  • նյութապաշտ ենք և փառասեր,
  • անձնական շահը գերադասում ենք հանրային ու պետական շահից, անտարբեր ենք և անփույթ հանրային՝ պետական ունեցվածքի նկատմամբ,
  • իշխանություն՝ «թագավոր» չենք սիրում, քանի որ բոլորս «թագավոր» ենք,
  • օրինապաշտ չենք, պետություն և օրենքներ չենք հարգում, մեր հնարամտություններն ավելի շատ օգտագործում ենք օրենքները շրջանցելու համար,
  • օտարամոլ ենք, մեր հաջողություններն ակնկալում ենք դրսից, իսկ մեր անհաջողությունների պատճառը ոչ թե մեր, այլ ուրիշների մեջ ենք փնտրում, շահի և փառքի համար անընդհատ փնտրում ենք օտար ափեր, չհասկանալով, որ ուրիշի հողի վրա կառուցածը և ստեղծածը երբեք մերը չի կարող լինել ,
  • համախմբվում և ինքնակազմակերպվում ենք օրհասական պահերին,
  • ինչպես հարկն է ՝ ուշադիր և հոգատար չենք մեր մեծերի ու անհատականությունների նկատմամբ, մոռանալով, որ նրանք են ապահովում երկրի առաջընթացը, կերտում պատմություն և Հայաստանը ներկայացնում աշխարհին:

Դուք կարող եք համարել, թե ես չափազանցնում եմ, սակայն կարծում եմ մեր անհաջողությունների պատճառը հենց մեր այս որակներով է պայմանավորված: Այս արատների մի մասը գուցե մեզ էն գլխից են հատուկ, մի մասն էլ հետևանք են օտար նվաճող վայրի ցեղերի ազդեցության, իսկ մի մասն էլ խորհրդային սինդրոմ են և հատուկ են հետխորհրդային գրեթե բոլոր երկրներին:Եվ պետության ու հասարակության խնդիրը պետք է լինի դրանցից աստիճանաբար ձերբազատվելն ու նոր արժեհամակարգի ձևավորումը: Ինչ էլ որ լինի, մեզ պետք է ոգևորի մեծ բանաստեղծ Ջորջ Բայրոնի կարծիքը մեր մասին՝ «Հայերի առաքինությունները իրենցն են,իսկ թերությունները ձեռք բերովի են և հետևանք են նվաճողների կողմից կեղեքման:Ինչ ապագա էլ ունենան հայերը, նրանց երկիրը միշտ պետք է մնա ամենահետաքրքիրներից մեկը ողջ երկրագնդում»:

Մենք ունենք ընդամենը երկու ճանապարհ կամ պետք է փոխվենք, կամ կշարունակենք մնալ հետամնաց ու աղքատ երկիր: Դրա համար ազգովի պետք է պատրաստ լինենք նաև որոշակի ժամանակավոր դժվարությունների ու զոհողությունների: Վերջին 2000 տարում հայ ազգը՝ համայն հայությունը երբեք այսքան համախմբված չի եղել:Հայ ազգին տրվել է բացառիկ հնարավորություն կառուցելու նոր Հայաստան:Եթե մենք այս պատմական պահը բաց թողնենք, այլևս որպես ազգ և պետություն գոյատևելու բարոյական իրավունք չենք ունենա: Եվ մենք կարող ենք դա անել, մենք պետք է այլևս պետականությունը որպես գերագույն արժեք վեր դասենք ամեն ինչից: Մենք արժանի ենք ունենալու լավ երկիր և ապրելու մարդավայել ու արժանապատիվ:

 

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

 Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կազմակերպման եւ կառավարման ամբիոնի վարիչ, «Նոյեմբերյան» հայրենակցական միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031