Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ-այնտեղ ծվարած ՀՀԿ-ականների մասին մի՛ անհանգստացեք». Արփինե Հովհաննիսյանը հորդորեց՝ հապա մի տեսեք որտեղ են ծվարել մյուսները

Հոկտեմբեր 29,2018 15:48

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքի» նախագիծը նորից չընդունվեց: Մինչ քվեարկությունը իր ելույթում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Այս քննարկումը կարելի էր համրել հրաշալի քննարկում, եթե այն տեղի ունենար ընտրությունների անցկացումից ոչ 42 օր առաջ: Կարելի էր համարել փայլուն քննարկում, բոլոր ընտրակարգերի փայլուն վերլուծությամբ, ռեյտինգայինի դրական ու բացասական կողմերի մատնանշմամբ, քաղաքական դաշտի մաքրազերծման իրական մտահոգությունների դրսեւորմամբ»:

Ըստ Հովհաննիսյանի, Էդմոն Մարուքյանի թեզը փայլուն թեզ էր՝ ընտրական համակարգի մասին չէ խոսքը, այլ՝ բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու. «Է, տարանջատեք: Մենք վատն էինք, դուք լա՞վը, տարանջատե՛ք, ընտրական համակա՞րգը ինչի եք փոխում: Ընտրական համակարգի փոփոխությունն ինչի համար է, եթե կա քաղաքական կամք: Այստեղ-այնտեղ ծվարած ՀՀԿ-ականների մասին մի՛ անհանգստացեք, հապա մի տեսեք որտեղ են ծվարել նրանք, ում մասին մազապուրծ մտածում եք, որ մարզերում էլի վերարտադրությունը կապահովեն: Կոնսենսուս-1, բայց միեւնույն է՝ կոնսենսուսի բացակայություն է: Չկա կոնսենսուս ու դա այն պատճառով, որ ոչ թե մենք չենք ուզում այս կամ այն ԸՕ-ն, այլ 42 օր առաջ ԸՕ չեն փոխում»:

Արփինե Հովհաննիսյանը քննադատեց կառավարության պաշտոնյաների՝ Ջիանի Բուքիքիոյի դիրքորոշումները ներկայացնելու ու ապակողմնորոշելու փորձերը, թե՝ «Բուքիքիոն ասաց, որ հասկանում ենք, ՀՀ-ում ստեղծված առանձնահատուկ իրավիճակը եւ եթե կա քաղաքական համաձայնություն, ապա խնդիր չեմ տեսնում, որից հետո հարցրեց՝ հանձնաժողովի անդամները համաձա՞յն են առաջարկներին, որեւէ առարկություն կա՞, առարկություն չհնչեց, բանաձեւը համարվեց հաստատված»:

Արփինե Հովհաննիսյանը հեգնեց. «Հարգելի գործընկերներ, հիմա սա «թողեք աշխատենքի՞», թե՞ «հետո կսովորենքի» շարքից է: Վենետիկի հանձնաժողովը բանաձեւ չի հաստատել, մտեք կայքը եւ նայեք, Հայաստանի հարցի վերաբերյալ ընդամենը եղել է կարծիքների փոխանակություն, ընթերցե՛ք, դժվար չէ: Իրենց պաշտոնական կայքից եմ մեջբերում՝ ներկայացվեց փոփոխությունները, հանձնաժողովը տեղեկացվեց: Հիշենք՝ Վենետիկի հանձնաժողովը կարծիք է ներկայացնում՝ կարծիք չկա: Վենետիկի հանձնաժողովը զեկույց է ներկայացնում, եթե հետազոտություն է արել, սա այդ դեպքը չի, ինչի՞ մասին եք խոսում: Էս ափալ-թափալ ընտրությունների առաջին բացասական հետեւանքը ընդամենը մեկ շաբաթ հետո կլսեք, հետո չասեք՝ չէինք զգուշացրել»:

Արփինե Հովհաննիսյանը հորդորեց ուշադրություն դարձնել քաղաքական սկզբունքայնությանը, թե որ ուժերն են ընտրել լինել ոչ սկզբունքային ու ընտրել հեշտ ճանապարհը: Ինչ վերաբերում է քաղաքական հեռատեսությանը՝ նա ասաց. «Մի՛ անհանգստացեք ՀՀԿ-ի մասին, կլինենք մենք հաջորդ խորհրդարանում, թե ոչ, ո՛չ մեր սկզբունքային ասելիքն ու անելիքը կփոխվի, ո՛չ էլ ձեր` այս կամ այն հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշումը եւ հետագայում թույլ տված սխալները: Քաղաքական հեռատեսությունը ենթադրում է տեսնել մակերեսից այն կողմ: Մակերեսից այն կողմ մարտահրավերներն են, որոնց առերեսվելու ենք, ՀՀ-ն է, մեր քաղաքացիները, ոչ թե սեւերն ու սպիտակները, այլ մենք բոլորս»:

Վերջում անդրադառնալով առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Քաղաքական որպիսությունը հարցրածների եւ այդ որպիսության դրական պատասխանածների քվեարկությունը քաղաքական կոնսենսուս չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031