Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա գրել է, որ զանգ չի ստացել». Գագիկ Հարությունյանը՝ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի մասին

Հոկտեմբեր 29,2018 15:05

«Այսօր դատավորներն ավելի անկախ են, քան նախկինում, բայց շատ կուզեի, որ պաշտոնյաները նման հայտարարություններ անելիս օրենքի պահանջը հաշվի առնեն: Եթե որեւէ մեկը զանգում է, կամ իրենք են զանգում, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է տեղեկացվի դրա մասին, որպեսզի օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնի զանգողների եւ զանգերի հասցեատերերի նկատմամբ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած այն հայտարարությանը, որ հասարակական հնչեղության գործեր քննող որոշ դատավորներ նախկին իշխանության կողմից դեռ ուղղորդող զանգերի են սպասում եւ ստանում, ասաց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Ելնելով նման խոսակցություններից՝ փորձում ենք ինչ-որ բան պարզել: Բնականաբար, բոլորը հրաժարվում են, ասում են, թե չեն զանգել: Բայց եթե խոսակցություններ կան, ծուխն առանց կրակի չի լինում: Հնարավոր է՝ ինչ-որ մակարդակում ինչ-որ մեկը զանգել է: Դա դատապարտելի եւ հակաօրինական երեւույթ է»:

Գագիկ Հարությունյանը կրկին ընդգծեց, որ զանգ ստացող դատավորը պարտավոր է դրա մասին տեղյակ պահել ԲԴԽ-ին. «Մենք լիազորություն չունեք ծառայողական քննություն իրականացնել, բայց խնդիրը դա չէ: Օրենքն է պահանջում՝ ԲԴԽ-ն պետք է տեղեկացված լինի, որպեսզի անհրաժեշտ քայլ անի»:

Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ վերջին ամիսներին զանգ ստացող դատավորների մասին խոսակցություններ իրենք չեն ստացել, սակայն այդպիսի բան եղել է խափանման միջոցը քննող դատավորներից մեկի (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանին) դեպքում. «Անմիջապես հետաքրքրվել ենք: Դատավորը գրավոր ներկայացրել է, որ ինքը որեւէ շփում չի ունեցել եւ որեւէ մեկին չի զանգել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031