«Մասիվի հիվանդանոցի պաթանատոմիական մասնաշենքում մի վարձակալ կար, որ 100 հազար դրամով երկարատեւ տարիներ սգո ծառայություններ է մատուցել: Ինձ մեղադրեցին, թե ընկերոջս եմ տվել դա»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, նկատելով՝ այսօր ստերի բացահայտման օր է:
Նա վստահեցրեց՝ այդ տարածքը տվել են այլ անձի՝ 5 միլիոն դրամով. «Այդ 100 հազար դրամ տվողը հիմա մեզ տեռորի է ենթարկում, ասում՝ ինչո՞ւ եք մեզ այդտեղից հանում, այն դեպքում, երբ Մասիվի հիվանդանոցը հիմա ֆինանսական խնդիրներ ունի, քանի որ այլեւս հավելագրումներ չի կարողանում անել, պետք է իրեն պահի: Մենք, որքան հնարավոր է, ամեն տեղից գները բարձրացնում ենք, որպեսզի այդ հիվանդանոցը պարզապես չմեռնի: Նույն հիվանդանոցում ոչ մի կրճատում չի եղել, եղել է պայմանագրային հարաբերությունների ճշգրտում, քանի որ մինչեւ հիմա ամեն ինչ անհասկանալի է՝ ինչի հիման վրա է եղել»: Թորոսյանն ասաց՝ եթե կարիք լինի կրճատումների՝ կանեն, բայց մասսայական կրճատում չի եղել:
Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց՝ տարբեր բուժհիմնարկների տնօրեններ փոխվել են ու փոխվելու են, այդ թվում՝ մարզային հիվանդանոցներում. «Ինձ հետ համաձայնեցվում է: Կամ փոխվում են, կոպիտ ասած, նրանք, որոնք հոգնել են, 30-40 տարի է աշխատում են, կամ նրանք, որոնք կոնկրետ իրավախախտումներ են արել»:
Թորոսյանը նաեւ ասաց, որ առողջապահության ոլորտում օլիգարխներ չկան եւ նախարարության աշխատակազմի ուժերի ներածի չափով բոլոր բուժհաստատություններին անդրադառնում են, շուտով 2 խոշորներին կանդրադառնան. «Չկա ու չի լինելու որեւէ մեկը, որ ուզենանք ու չանենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ