Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին փոխվարչապետն ասում է՝ ճնշում չեմ գործադրել, զանգել եմ, տենամ ոնց են, բա ի՞նձ խի չես զանգել, տեսնես ես ոնց եմ». Աշոտյանը՝ Արարատ Միրզոյանին

Հոկտեմբեր 29,2018 14:41

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքի» նախագիծը նորից չընդունվեց: Մինչ քվեարկությունը իր ելույթում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հիշեցրեց, թե ինչպես կառավարության հրավիրած արտահերթում մեկ շաբաթ առաջ ԸՕ նախագիծը «անփառունակ տապալվեց» ու պատգամավորները գտան ձեւը, թե ինչպես տապալված նախագիծը նորից բերեն խորհրդարան. «Ընտրական օրենսգիրքը դռներից հանեցինք, ծխնելույզից նորից մտավ խորհրդարան», – ասաց Աշոտյանը:

Նրա խոսքով՝ «Վարչապետը հիմա երեւի նստած նայում է, մտածում է՝ ինքը Հուլիոս Կեսարն է, «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն ու «Ելքը» գալլական ցեղեր են՝ հեսա իրար կուտեն՝ ինքը իր կայսրությունը կընդլայնի: Չի՛ լինելու նման բան, պարոն վարչապետ: Այս քաղաքական պատասխանատվությունը բացառապես ձեզ վրա է, անկախ նրանից, թե քանի պատգամավոր կմոբիլիզացնեք այսօր: Սա ակնհայտ է բոլորի համար»:

Նա քննադատեց, որ ընտրություններից 42 օր առաջ ուզում են հիմնարար փոփոխություններ անել ԸՕ-ում՝ մոռանալով Վենետիկի հանձնաժողովի տեսակետը, չունենալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պաշտոնական կարծիքը. «Առաջին փոխվարչապետն ասում է՝ ճնշում չեմ գործադրել, զանգել եմ, տենամ ոնց են: Հարգելի փոխվարչապետ Միրզոյան, բա ի՞նձ խի չես զանգել, տեսնես ես ոնց եմ, բազմաթիվ այլ ընկերների խի՞ չես զանգել: Մի անգամ sms ես ուղարկել ապրիլին՝ հեղափոխության օրերին, տեսել ես, որ չի կպնում, Արարատ ջան, էլ իմ ողջությունը քեզ չի հետաքրքրում, քեզ հետաքրքրում է միայն այն մարդկանց ողջությունը, ովքեր կարող են կո՞ղմ քվեարկել այս ԸՕ-ին»:

Նա ասաց, որ խորհրդարանը մնում է պաշարված գործադիր իշխանության կողմից, սա հոկտեմբերի 2-ի պաշարումն է. «Այսօր այո, կարող եք նախաձեռնել սեւ արշավ իմ դեմ ու բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են, բայց խորհրդարանում չի ձեւավորվելու ստոկհոլմյան համախտանիշ՝ մենք ձեր պատանդն ենք, խորհրդարանը ձեր պատանդն է, բայց կարեկցանք, օգնություն եւ համերաշխություն ԱԺ-ն չպետք է հայտնի կառավարությանը, չձեւավորե՛ք ստոկհոլմյան համախտանիշ, ինչքան էլ պատանդառու ենք բոլորս՝ բացառությամբ ՔՊ պատգամավորների: Սա ժողովրդավարություն չէ,  քաղաքական կոնսենսուս չէ, սա փորձ է շագանակներ հանել խարույկից՝ խորհրդարանի ձեռքով: Մի մտածեք ՀՀԿ-ի մասին, պետք չի փոխել մեզ համար ԸՕ-ն: Երբ ասում եք, որ ՀՀԿ-ի քաղաքական թեւն ուզում է ռեյտինգայինի պահպանում, այն դեպքում, երբ ՀՀԿ-չի ռետինգայինների մի մասը կողմ է քվեարկելու ԸՕ-ին, երեւի ձեր ծիծաղն էլ է գալիս ձեր բերած փաստարկի վրա: Այսինքն ի՞նչ, ես, Արփինեն, Շարմազանովը կողմ ենք ռեյտինգային համակարգի՞ն: Ռեյտինգային համակարգի ներկայացուցիչների մի մասն այլեւս ՀՀԿ-ի հետ չեն, առանձին են աշխատում, այդ փաստարկներն այլեւս մի՛ բերեք»;

Ըստ Աշոտյանի, սա խորհրդարանի արժանապատվության, պատանդ չդառնալու հարցն է. «Ըստ իմ ունեցած տեղեկությունների, ՀՀ դեսպանատների միջոցով ներքին կարգով տարբեր եվրոպական մայրաքաղաքներում ժամկետ է ասվել ընտրությունների՝ դեկտեմբերի 9-ը, ներքին կարգով նման հրահանգ է արդեն տրվել»:

Աշոտյանի ելույթին արձագանքեց ու իր հակափաստարկները բերեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որը կներկայացնենք ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031