Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ չգիտես՝ ի՞նչ է դա». ԲԴԽ նախագահը՝ Փաշինյանի «անցումային արդարադատության» մասին

Հոկտեմբեր 29,2018 14:32

«Հնարավոր չէ կարծիք ասել մի բանի մասին, որը դեռ չգիտես՝ ի՞նչ է: Անցումային իրավիճակներում նոր խնդիրներ են ծագում, որոնք լուծման գործիքակազմեր են պահանջում: Տարբեր երկրներում այդ խնդիրները տարբեր են եղել եւ տարբեր լուծումներ են գտել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի՝ անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու անհրաժեշտության մասին ավելի վաղ արած հայտարարությանը, ասաց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: Նրա բնորոշմամբ՝ դասական իմաստով անցումային արդարադատությունը լուծում է հասարակական համերաշխության եւ իրավունքների համատարած պաշտպանվածության խնդիրները:

«Եվրոպական երկրներում անցումային արդարադատությունը նոր մոտեցումներ է առաջադրել՝ սահմանադրական պատասխանատվության բարձրացման ուղղությամբ: Լեհաստանում եւ Հունաստանում, օրինակ, սահմանադրական պատասխանատվության համակարգ գործարկեցին: Ես ինքս ժամանակին առաջարկել եմ դա արմատավորել նաեւ մեր նոր Սահմանադրության մեջ, բայց վերջինիս մշակման ժամանակ ինձ հետ մեծամասամբ չհամաձայնեցին: Եթե Ֆրանսիայի եւ Բելգիայի պես երկրներն 98 թվականին նման համակարգ են մտցրել, ինչո՞ւ մենք էլ դրան ուշադրություն չդարձնենք»:

Գագիկ Հարությունյանն ասաց, որ առաջարկում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրել սահմանադրական պատասխանատվության եւ հակակոռուպցիոն արդարադատության մասնագիտացված դատարանների գոյությունը. «Դրանց ստեղծումը ներկայիս սահմանադրությունը թույլատրում է: Խնդիրը ոչ թե տերմինն է, այլ անցումային խնդիրների լուծման համապատասխան գործիքակազմը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031