Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանի ակնարկը. եթե մի կուսակցության օլիգարխը մտնի ԱԺ, նոր «Ընտրական օրենսգիրքը» ոչ մի արժեք չունի

Հոկտեմբեր 29,2018 14:01

ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքի» նախագիծն է քննարկվում: «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասաց՝ ինչի՞ համար է հեղափոխություն եղել ՀՀ-ում, մոռացել են ամենակարեւոր շեշտադրումը. «Կառավարության ծրագրում գրված է՝ բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից եւ քաղաքականությունը՝ բիզնեսից: Այսինքն, բիզնեսմենները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, քաղաքական գործիչները չպետք է զբաղվեն բիզնեսով: Սա է այն տրամաբանությունը, որը դրվել է կառավարության ծրագրում եւ որի համար այս օրենսգիրքն ընդունվում է: Եթե բիզնեսմենները մասնակցում են ընտրություններին, ռեյտինգայինը շատ վատ համակարգ է, եթե բիզնեսմենները մասնակցեն ընտրություններին համամասնական համակարգով, էլի վատ համակարգ է, հետեւաբար փոփոխությունները քաղաքական համակարգի առողջացման համար են: Դրա համար պետք է հասնեն նրան, որ քաղաքականությունն ու բիզնեսը տարանջատվեն, որ գործարարները չզբաղվեն քաղաքականությամբ: Գործարարները եթե եկան ու էլի այս դահլիճում նստեցին, էլի լինելու են խոցելի, էլի քվեարկելու են այնպես, ինչպես իրենց բիզնես շահերն են թելադրում: Եթե սա չեղավ, այս Ընտրական օրենսգրքի ընդունումը ինձ համար 0 է լինելու եւ 0 է լինելու հազարավոր քաղաքացիների համար»:

Ըստ Մարուքյանի, եթե մի կուսակցություն նորից գործարարներին փորձի բերել խորհրդարան, մյուս բոլոր գործարարները փորձելու են մտնել. «Ասելու են՝ բա մեզ ո՞նց պաշտպանենք: Ասենք՝ բայց ձեզ ի՞նչ կա պաշտպանելու, հեղափոխություն է եղել, բոլորդ պաշտպանված եք, ասելու են՝ չէ, ախպեր ջան, բա որ հեղափոխություն է եղել, բա ո՞նց է, որ գործարարները կան, ԱԺ-ում են, ուրեմն մենք հավասար չենք, էլի անհավասարներ են լինելու: Ուրեմն լինելու է վիճակ, որ մեկն ավելի շատ ուժ է ունենալու, որովհետեւ լինելու է ԱԺ-ում ու իր գործարար շահերն է առաջ տանելու, այն մյուսը չի ունենալու, որովհետեւ կաշկանդված է լինելու: Այս օրենսգրքի ֆունդամենտալ փոփոխությունը ինձ համար սա է: Եթե մենք չենք հասնում նրան, որ բիզնեսը քաղաքականությունից տարանջատվի, ուրեմն այս օրենսգրքի ընդունումն ինձ համար ոչ մի բան է լինելու»: Նա ասաց, որ ռեյտինգայինի պարագայում մարզերից մարդիկ կան ԱԺ-ում, իսկ փակ ցուցակների պարագայում այդ երաշխիքը չկա, հնարավոր է ունենանք Երեւանի խորհրդարան, հետեւաբար, իրենք կողմ են նոր ԸՕ-ին ոչ թե նրա համար, որ ռեյտինգային հանվում է, այլ նրա համար, որ բիզնեսը քաղաքականությունից տարանջատվի, որեւէ այլ հռետորաբանությամբ դա չի կարող քողարկվել. «Ինձ համար ամենակարեւոր ինդիկատորը սա է, եւ բազմաթիվ ՓՄՁ-ների, տնտեսվարողների, քաղաքացիների համար: Խոշոր սեփականատերերը, օլիգարխները, ոնց ուզում եք ձեւակերպեք, պետք է քաղաքականությունից հեռու մնան, իսկ քաղաքական գործիչները զբաղվեն միայն քաղաքականությամբ: Ես այսօր սրա համար եմ եկել այսօր խորհրդարան, ուրիշ ոչ մի պատճառ այսօր այս շենք գալու չունեմ»:

Նա ասաց, որ իրենց ուժը ռեյտինգային ընտրակարգին շատ լավ, «ընտիր» ձեւերով պատրաստ է, այնքան պատրաստ, որ ոչ մի ուժ այդքան պատրաստ չի. «Որովհետեւ մենք այն ուժն ենք, որ այստեղ Սերժ Սարգսյանին դեմ ենք քվեարկել , նաեւ դրա համար ենք ամենալավը պատրաստ ռեյտինգային ընտրակարգին, որովհետեւ բազմաթիվ մարդիկ ուզում են հենց մեզանով առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, մենք ասում ենք՝ ոչ, սա քաղաքական ընտրություն պետք է լինի: Դրա համար մենք կոչ ենք անում բացակա պատգամավորներին քարը փեշից թափել, գալ խորհրդարան ու կողմ քվեարկել այս ԸՕ-ին, որ կարողանանք բիզնեսը քաղաքականությունից տարանջատել, որովհետեւ այս քվեարկությունը դրա մասին է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031