Լրահոս
Օրվա լրահոսը

4-1=4. Պատգամավորները պնդում են, որ «Ընտրական օրենսգրքի» շուրջ առանց ՀՀԿ-ի էլ կոնսենսուս կա

Հոկտեմբեր 29,2018 13:30

ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքի» նախագիծն է քննարկվում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ պարզ է՝, ՀՀԿ-ն նորից խոսելու է քաղաքական կոնսենսուսից, մինչդեռ,եթե խորհրդարանում ներկայացված 4 ուժերից 3-ը կողմ են «Ընտրական օրենսգրքի» նախագծին, ուրեմն քաղաքական ուժերի միջեւ համաձայնություն կա, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ դեկտեմբերին արտահերթը լինելու է, դա արդեն չի քննարկվում, հարց է, թե որ ԸՕ-ով պետք է գնան: Միգուցե տարիներ հետո, երբ իսկապես կայացած քաղաքական համակարգ կունենանք, երբ վստահ կլինեն, որ ընտրություններին կմասնակցեն իրապես քաղաքական գործիչները, ոչ թե կոճակ սեղմողներ, գուցե էլի վերադարձ կատարեն մեծամասնական համակարգին. «Մենք այս դեպքում պետք է առաջնորդվենք մեծամասնության շահի սկզբունքով: Ցավոք, ռեյտինգային համակարգը ապաքաղաքականացրեց նախորդ ընտրությունները: ՀՀ-ն դեռեւս իր քաղաքական տկար մշակույթով, իր ներկուսակցական ապաքաղաքական հարաբերություններով դեռեւս պատրաստ չէ այդ գործիքի կիրառմանը»: Նա հորդորեց ՀՀԿ-ին կողմ քվեարկել, որ ճիշտ ընտրական մեխանիզմներն աշխատեն:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց. «Ընդհանրապես ի՞նչ ենք մենք ուզում՝ խորհրդարանի ձեւավորման կարգը ազդելո՞ւ է իշխանության որակի վրա: Սա միայն ԱԺ ընտրություն անելու կարգ չի սահմանում, իշխանության որակի խնդիր է լուծում: Եթե մենք ցանկանում ենք, որ դրսում եղած փոփոխություններին համահունչ խորհրդարանի ձեւավորման կարգն էլ փոխենք, եթե հին մեխանիզմով ձեւավորենք ապագա խորհրդարանը, նորմալ խորհրդարանական երկիր չի դառնալու»: Ըստ Մելքումյանի, հիմա նորմալ խորհրդարանական երկիր չենք, «աչքներս հառած է գործադիրին»: Նա ասաց, որ մեծամասնական պատգամավորները հիմնականում ելույթ չեն ունենում, կուսակցական համակարգն էլ երկրում չի կայանում:

Մելքումյանն ասաց, որ «Ծառուկյան» խմբակցությունը կարող է ընտրություններին գնալ ե՛ւ գործող օրենսգրքով, ե՛ւ փակ համամասնական ցուցակներով, բայց իրենց պատգամավորները իրենց անձնական շահերը ստորադասել են, բոլորը ներկա են ու կարճ ժամանակ անց, երբ քվեարկություն կլինի, ցույց կտան ով է  իր խոսքի տերը ու ով իր խոսքի տերը չէ:

Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ԸՕ նախագծին բոլորը կողմ են, բացի ՀՀԿ-ից, բացի ՀՀԿ-ական այն մի թեւից, որը «ճանկերը գցած» առանձին տարածքների վրա՝ փորձում է պահպանել ու ճողոպրել, քաղցկեղի մետաստազը չվերացնել ու հետ գալ խորհրդարան. «Ենթադրենք, ընտրակաշառքով ձայներ հավաքելը պատժվելու է, բայց ունենք արմատական, մարդկանց ուղեղների մեջ կարծրացած ընկալում՝ եթե որեւէ մեկը մի տարածքում առաջադրվում է, ունի բարեկամներ, ընկերներ ու այդ մարդիկ հայկական ավանդական միջանձնային հարաբերությունների շնորհիվ պարտավորված են գնալ ու  քվեարկել այդ մարդու օգտին՝ չգիտակցելով, որ դա նշանակում է ՀՀԿ-ին ձայն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031