Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը գտնում է, որ իր դեմ սադրանք է կազմակերպել Արմեն Մուրադյանը

Հոկտեմբեր 29,2018 13:24

Այսօր առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բավականին վրդովված էր: Պատճառն, ըստ նրա, վերջին օրերին «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի արդեն նախկին ղեկավար Նարեկ Վանեսյանի եւ որոշ լրատվամիջոցներով, իր խոսքերով ասած՝ իր դեմ արշավն է:

Նարեկ Վանեսյանի՝ բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպի շուրջ բարձրացրած աղմուկն, ըստ Թորոսյանի՝ «Ճանճը փիղ սարքելու լավ օպերացիա էր»:

Թորոսյանը հատուկ մեջբերեց խումբ պրոֆեսորների՝ վարչապետին ուղղված բաց նամակից. «Հարգարժան պարոն Վարչապետ, Համալսարանի համար նման դրսևորումը հատկապես մտահոգիչ է, նկատի ունենալով, որ Նարեկ Վանեսյանը զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, բժշկական հաստատություն, որը կարևորագույն դեր ունի հանրապետության հոգեբուժական օգնության եւ սպասարկման պատշաճ կազմակերպման և իրականացման գործում և որի ղեկավարն անբասիր կենսագրություն և վարքագիծ պետք է դրսևորի օրինակ դառնալով ապագա բժիշկների և հատկապես հոգեբույժների համար»:

Ապա Թորոսյանն ասաց. «Ուրեմն՝ Նուբարաշենի անբասիր կենսագրությամբ եւ վարքագծով նախկին տնօրենների շնորհիվ, օրինակ` նույն Մուրադյան Արմենի (առողջապահության նախկին նախարար Ն.Բ.) ղեկավարման տարիներին քաղցրավենիք է գնվել 4 անգամ բարձր գնով, ջուր է գողացվել հարեւան հիմնարկների կողմից տասնյակ միլիոնների, որը բացահայտվել է վերջին շրջանում տնօրենի փոփոխություններից հետո: Ուզում եմ ասել, երբ մարդիկ ինչ-որ հղումներ են անում ինչ-որ բաներին, թող հիշեն՝ իրենք ինչ մեղավորություն են ունեցել այդ ամենում ու ինձ համար անընդունելի է ճանճը փիղ սարքելը: Նման միջադեպ բժշկական համալսարանում օրական 10 անգամ լինում է եւ ոչ մի արձագանք չի ստանում: Սա կոնկրետ կազմակերպված սադրանք է նաեւ իմ անձի դեմ»:

Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց՝ Նուբարաշենի հոգեբուժարանում 2017-2018 թվականներին մոտ 1 միլիոն դրամի վերնաշապիկ, փոխկապ, հուշանվեր, հարդաջուր, օծաջուր է գնվել. «Այս հիմնարկները բոլորը սենց են կառավարվել: 40 հատ հեռախոս է առվել, որ մի հատ iphone 8 վերցնեն: Այս ամենը վերականգնվում է հիմա նախկին տնօրենի կողմից: Ու այն գործողությունները, որ մենք անում ենք, ու բոլորի մոտ դժգոհություններ են առաջացնում, ուղղված է միայն այդ բժշկական հաստատություններում արդյունավետության բարձրացմանն ու վնասները փակելուն: Վերջին 10 տարիներին առաջին անգամ վերանորոգվում է, արեւային կայան է տեղադրվում, բաներ, որ նախկինում երբեք չի արվել ու մտքներով չի անվել, այդ թվում նախկին նախարարների, որոնք պատասխանատվություն են կրում այդ հիմնարկի համար: Ասելուց պետք է հիշել անցյալը: Միայն 82 միլիոն դրամից 50 միլիոնը փակվել է այդ հիմնարկի պարտքից»:

Թորոսյանը վստահեցրեց՝ վարչապետի ուղղված բաց նամակի տակ ստորագրողներին ստիպել են ստորագրել. «Մի մասին կանչել են ստորագրել են տվել, մի մասը՝ հրաժարվել է: Ստորագրողներից մի մասը Հայաստանում չի եղել ու Հայաստանում չի մինչեւ հիմա: Հետեւաբար, ես կարծում եմ, որ դա կազմակերպված էր, այդ թվում նաեւ իմ դեմ: Որովհետեւ մենք հիմա փորձում ենք բժշկական համալսարանի վրա որոշակի վերահսկողություն սահմանենք՝ համալսարանի խորհրդի կազմում մեր ներկայացուցիչներն ունենալու ձեւով, ինչպես նաեւ քաղաքական առումով, համալսարանի տված կադրերի մասնագիտական ունակությունների վրա հսկողություն վերցնելու, ինչպես շատ երկրներում: Որովհետեւ առողջապահության նախարարությունը ստանում է բոլոր մեղադրանքները, օրինակ` կապված ոչ կոմպետենտ բժշկի մասին, բայց նախարարությունը ոչ մի ազդեցություն չունի այդ պրոցեսի վրա: Հետեւաբար, մենք քայլեր ենք ձեռնարկելու, որ բժշկական համալսարանի ավարտական քննություններից սկսած մինչեւ օրդինատուրաներ, լինեն նախարարության հսկողության տակ»:

Հարցին՝ թե ով է իր դեմ սադրանքի հեղինակը, Թորոսյանը վստահեցրեց՝ «ԵՊԲՀ ղեկավարության կողմից է»:

Բացի այս, Թորոսյանը վրդովված է նաեւ որոշ լրատվամիջոցների հրապարակումներից, նա կարծում է, որ դա էլ իր դեմ արշավ է: «News.am-ը սպոնսոր հոդված է դնում իմ հոր մասին, երբ նախկին կոլեգան կարծիք է հայտնել: Սա կազմակերպված արշավ է իմ դեմ»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Իր հոր մասին էլ Թորոսյանն ասաց, որ նա երկրաբան է, պրոֆեսիոնալ է, միշտ աշխատել է ոլորտում, այժմ աշխատում է էներգետիկայի նախարարության ընդերքօգտագործման գործակալությունում, ունի իր սեփական կարծիքը եւ Թորոսյան հայր ու որդի շաբաթներով չեն տեսնվում ու չեն կիսվում մասնագիտական թեմաներով:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ չունեմ ոչ մի ընկեր՝ որպես նախարար: Իմ բոլորը գործողությունները բխում են մեր գործի շահերից: Եվ եթե որեւէ մեկը, որեւէ տեղ կասի՝ ես առողջապահության նախարարի ընկերն եմ եւ պետք է ունենամ առավելություն որեւէ հարցում, նա պարզապես ստում է: Ինձ մեղադրում են, որ ընկերներիս եմ նշանակում, Նարեկ Վանեսյանի հետ ծանոթացել եմ 2 տարի առաջ, երբ նա եղել է ԱՆ հասարակական խորհրդի անդամ ու շփվել եմ, տեսել, որ փորձ ունի, ու Նուբարաշենում միանգամից չի ընդունվել, այնտեղ ուրիշ մարդ է եղել, ինքը օգնելուց է եղել էդ ուրիշ մարդուն, էդ ուրիշ մարդը պարզապես չի դիմացել այս ամենին, ինչը բացահայտվում է, 20 օր հետո հրաժարական է տվել, նոր Վանեսյանն է նշանակվել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031