Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիճակն ավելի մտահոգիչ է». Գագիկ Հարությունյանը փոստատար-աղավնիներին հիշեց

Հոկտեմբեր 29,2018 13:09

2018թ. ՀՀ նոր սահմանադրության պահանջից ելնելով՝ ստեղծվեց բարձրագույն դատական խորհուրդը, որը պետական անկախ մարմին է՝ կոչված երաշխավորելու դատարանների եւ դատավորներ անկախությունը: ԲԴԽ նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ԲԴԽ վերջին ամիսների գործունեության արդյունքում արձանագրված խնդիրները: «Քանիցս շեշտել եմ, որ ունենք դատարաններ, իսկ արդարադատություն չունենք: Վիճակն ավելի մտահոգիչ է, քան կարելի էր ենթադրել: Ունենք տարիներով կուտակված խնդիրներ, որոնք միայն խորքային բարեփոխումների արդյունքում է հնարավոր լուծել»,-նախ նշեց Գագիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ արդարադատության համակարգի առաջնային խնդիրն այն է, որ մրցակցային արդարադատությունը «կաղում» է:

«Հատկապես մարզերում ենք ուսումնասիրել իրավիճակը՝ նստավայրեր, դատավորներ, դատական գործերի բաշխում…Ակնհայտ էր, որ մրցակցային դատավարության փոխարեն գործել եւ առավելագույնի է հասել այլ սկզբունք՝ սուբյեկտիվ գործոնը: Դատական գործերը բաշխվել են ոչ թե մրցակցային հիմունքներով՝ մեկ նստավայրի մի քանի դատավորների միջեւ, այլ դատարանի նախագահն իր ցանկությամբ է գործերը մակագրել այս կամ այն դատավորին: Ստացվել է հասցեական դատավարություն, որը մեծացրել է կոռուպցիոն ռիսկերը: Փորձեցինք նստավայրերում ապահովել մեկից երկու դատավորներ, իսկ բաշխումները կատարել էլեկտրոնային տարբերակով»:

Մյուս խնդիրն, ըստ Գագիկ Հարությունյանի, հետեւյալն է. «Պարզվեց, որ էլեկտրոնային արդարադատության ներդրումը զրոյական մակարդակի վրա է: Ճիշտ է, այս տարի, ինչպես նշեցի, ներդրվել է գործերի բաշխման էլեկտրոնային համակարգ, բայց էլեկտրոնային արդարադատության կայացման համար ոչինչ չի արվել: Նման պայմաններում ոչ միայն սուբյեկտիվությունն է առաջ գալիս, այլեւ մեկ այլ՝ տարօրինակ փաստ: Օրինակ՝ հաշվեցինք, թե ինչպիսին է արդարադատության ծախսատարությունը: Պարզվեց, որ միայն քաղաքացիական սնանկության գործերի եւ վճարման կարգադրությունների համար կատարվող ծախսերի կառուցվածքում փոստային կապի ծառայությունների ծախսերը երկրորդ տեղում են՝ մոտ 23%: Եթե համեմատվենք եվրոպական երկրների հետ, Հոլանդիայում, օրինակ, սպասարկման եւ կապի այլ ծախսերը կազմում են ընդհանուր ծախսերի միայն 11 տոկոսը…իսկ մեզ մոտ միայն կապի ծառայությունները 23% են: Այսինքն, եթե կապի ծառայություններից օգտվելու փոխարեն մի քանի հարյուր փոստային աղավնի գնեինք, երեւի տասը անգամ ավելի արդյունավետ կարող էինք կապ ապահովել եւ միջոց խնայել: Սա քարի դարի տպավորություն է թողնում: Նույն վիճակն է նաեւ վարչական արդարադատության ոլորտում»:

Գագիկ Հարությունյանի գնահատմամբ՝ ծախսատարության առումով ՀՀ-ում արդարադատությունն անարդյունավետ է գործում. «Հատուկ հայեցակարգ մշակեցինք այդ նպատակով՝ էլեկտրոնային արդարադատություն: Հունվարից էլ ներդնելու ենք ոլորտի մշտադիտարկման համակարգը: Աշխատում ենք, որպեսզի ողջամիտ ժամկետում գործերի քննությունն ապահովվի: Այդ մեթոդիկան պատրաստվում ենք ներդնել կրկին հունվարից: Դատարաններում միջնադարի վիճակ է՝ գործերը կուտակված են, ուստի պետք է թվայնացման գործընթաց սկսել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031