Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջը ռեյտինգայի՞նն է լավ, թե՞ համամասնական փակ ցուցակով համակարգը». Կոստանյանը բացատրեց, թե ինչու է նոր ԸՕ-ն ավելի ճիշտ

Հոկտեմբեր 29,2018 12:57

«Ես կկենտրոնանամ այն վեճի շուրջ, թե վերջը ռեյտինգայի՞նն է լավ, թե՞ համամասնական փակ ցուցակով համակարգը»,- ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքի» նախագիծն է քննարկվում ու իր տեսակետն այսպես սկսեց ներկայացնել հարակից զեկուցող ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:

Նա ասաց, որ Պետաիրավական հանձնաժողովը նախագծում ամրագրված փակ ցուցակով մոդելին դրական եզրակացություն է տվել ու ներկայացրեց իրավական հիմնավորվածությունը. «Ո՞րն է այս երկու համակարգերի էական տարբերությունն ու ինչով է սա սկզբունքային հիմա ընդունելու համար: Միջազգային փորձն ուսումնասիրելիս մենք գալիս ենք այն հետեւության, որ ցանկացած երկիր իր քաղաքական զարգացման որոշակի փուլում անպայման անցում է կատարում մեծամասնական ընտրակարգից դեպի համամասնական կամ հակառակը: Լավ կամ վատ ընտրական համակարգեր չեն լինում, յուրաքանչյուր ընտրական համակարգի կիրառություն կոնկրետ երկրում կամ կոնկրետ ժամանակահատվածում քաղաքական նպատակահարմարությամբ է պայմանավորված: Որովհետեւ յուրաքանչյուր ընտրական համակարգ, որը գործում է այլ երկրում, կարող է շատ արդյունավետորեն չգործել ՀՀ-ում: Ռեյտինգայինը, որ ասում են, մեծամասնականի ու համամասնականի համադրությունն է: Ինչով է դա դրական նշանակություն ունեցել Հայաստանում կամ այլ երկրում, որտեղ կիրառվել է. մեծամասնական ընտրական համակարգի էությունը նա է, որ ընտրողը, երբ ընտրում է կոնկրետ իր ներկայացուցչին, անհատական, անձնական մոտեցում է ցուցաբերում: Մեր հանրության մեջ բավականին պահանջված ու ընդունված է եղել, որ հեռու գյուղում ընտրողը ճանաչի իր ներկայացուցչին եւ ընտրի այն մարդուն, ում ուզում է, որ ներկայացնի իր գյուղը օրենսդիր մարմնում: Հանրությունն ուներ ներկայացուցչականության ավելի լայն ընդգծված ու անհատական դրսեւորման հնարավորություն: Համամասնականը, առաջին հայացքից հատկապես փակ ցուցակների պարագայում, չունի  այդ ներկայացուցչականությունը, անձը չի տեսնում, թե ում է կոնկրետ լիազորում իր իշխանությունն իրականացնել պառլամենտում: Բայց համամասնական ընտրակարգի առավելությունը նրանում է, որ  ինքը խթանում է երկրում քաղաքական, կուսակցական համակարգի կայացումը: Այսինքն, այստեղ կանխավարկածը հետւյալն է՝ քաղաքացու համար տարբերություն չկա ով է իրեն ներկայացնում պառլամենտում, ինքը ընտրում է կուսակցությանը, հավանություն է տալիս կուսակցության գաղափարներին, նպատակներին եւ սկզբունքներին, արդեն դա կյանքի կոչող սուբյեկտների ցանկը սկզբունքային նշանակություն չունի: Օրինակ, Իտալիայում սկզբնապես մեծամասնական ընտրակարգ էր, հետո անցում կատարվեց համամասնականի, հետո նորից մեծամասնականի»:

Կոստանյանն ասաց, որ համամասնականով խթանում են կուսակցությունների կայացումը, որ այն լինի քաղաքական, գաղափարական սկզբունքային միավոր. «Որեւէ մեկը չի ասում, որ ռեյտինգայինը վատն էր, դրա համար ենթակա էր փոփոխման: Ռեյտինգային համակարգը կատարել է իր աշխատանքը, այն կարող էր հետագայում էլ կատարել իր նշանակությունը, բայց հիմա, եթե քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված ընտրվել է համամասնական ընտրական համակարգը, այսինքն, որպեսզի մեխանիկորեն խթանենք կուսակցական համակարգի ստեղծումը, սա շատ կարևոր որոշում է. «Այս փոփոխությունները մեզ պետք են, որպեսզի մենք կուսակցական քաղաքական համակարգը խթանենք: Որեւէ մեկը չի բացառում, որ հաջորդ ընտրական ցիկլին մենք նորից անցում կատարենք մեծամասնական ընտրահամակարգին»:

Կոստանյանը հորդորեց այս օրենքը ընդունել ոչ թե նպատակահարմարության համար, թե այս ռեյտինգայինը ձեռնտու է այս կուսակցությանը, համամասնականը՝ այլ կուսակցությանը, այլ հիմք ընդունվի քաղաքական կայացվածության աստիճանը բարձրացնելու հանգամանքները. «Ես առաջարկում եմ կողմ քվեարկել այս նախագծին, որովհետեւ իմ համոզմամբ այն կհանգեցնի երկրում կուսակցական կայուն եւ կայացված համակարգի ստեղծմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031