ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հոկտեմբերի 29-ին մասնակցել է «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնության վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված կարողությունների զարգացման սեմինարի բացմանը:
Սուրեն Քրմոյանը նշել է, որ Սահմանադրությամբ և օրենքներով մանրամասն կարգավորված են երեխայի իրավունքները, սահմանված է երեխայի «լավագույն շահի» հասկացությունը: Այդուհանդերձ, թե քրեական, թե քաղաքացիական դատավարությունների ընթացքում հաճախ ծագում են գործնական այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է ոչ միայն իրավական կառուցակարգեր, այլև հոգեբանական, սոցիալական մեծածավալ աշխատանք և մեխանիզմներ: Նախարարի տեղակալը կարևորել է այնպիսի պրակտիկայի ձևավորումը, որը թույլ կտա կատարողական վարույթի ընթացքում ապահովել երեխայի լավագույն շահի պաշտպանությունը, ինչպես նաև լուծել տարբեր իրավիճակներում երեխայի և ընտանիքի անդամների առջև ծառացած խնդիրները:
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորիա Օհանյանը կարևորել է նման ֆորմատով միջոցառումների և ինտերակտիվ եղանակով կրթական ծրագրերի իրականացման հարցը:
Սեմինարի ընթացքում Գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական Գագիկ Միրիջանյանն իր հերթին ներկայացրել է երեխաների մասնակցությամբ կատարողական վարույթների առանձնահատկությունները և այդ գործընթացում ԴԱՀԿ ծառայության համագործակցությանը այլ մարմինների հետ:
Հանդիպման ավարտին կատարվելու է խմբային աշխատանք՝ ուղղված մասնակիցների մոտ քաղաքացիական գործերով աշխատանքային դիտարկումների և խնդիրների վերհանմանը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն