«Բայց քեզ ո՞վ է ասել, որ «սպարտիվկով» էի: Աչիկ ջան, դուք ձեզ ու ձեզ գրում եք, ձեզ ու ձեզ հարցնում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ինչո՞ւ էր ԸՕ-ի նախորդ քվեարկության օրը մարզահագուստով եկել, որ չմտավ դահլիճ եւ չքվեարկեց:
Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց`ինքն իր ողջ թիմով Նիկոլ Փաշինյանի կողքին է, որպեսզի հեղափոխությունն ավարտին հասնի, Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատվի:
«Դրական փոփոխություններ ուզում են կատարեն, բայց դուք նայեք ձեր առօրյային, ձեր կարգավիճակին, ժողովրդին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը`պատասխանելով հարցին`հեղափոխությունից հետո ի՞նչ դրական փոփոխություններ են եղել:
Գագիկ Ծառուկյանը նաեւ ասաց, որ ինքը նախկին վարչապետի եղբորը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանին կալանքից ազատելու գործում «ներդրում»`Նիկոլ Փաշինյանի մոտ բարեխոսելու տեսքով, չի ունեցել, ամենը եղել է օրենքի սահմաններում. «Ջոնիկ Արգամիչին ձերբակալել էին հիմնականում զենքերի համար, ասում էին`դա մարտի մեկի զենքերն ա, ստուգել են, ասել են`դա ոչ մի կապ չունի: Մերը կռվող երկիր է, դա 15 տարի իր թաքցրած զենքերն են եղել, որը ճշտել են, որ այդպիսի բան չկա, դրա համար էլ բաց են թողել»:
Դիտարկմանը, որ Աբրահամյանները սահմանին հայրենիք չեն պաշտպանել`որտեղի՞ց իրենց այդ զենքերը, Գագիկ Ծառուկյանը վրդովված հակադարձեց, որ հայրենիք պաշտպանելը միայն սահմանին չէ, դա նաեւ զենքով կանգնած պաշտպանին կերակրելը, հագցնելը եւ զինելն է:
Լրագրողները հետաքրքրվեցին`ինքը զենք ունի՞. «Ես ունեմ զենք, 75 հատ, գրանցված, «նագրադնոյ» զենք: Զենք շատ սիրում եմ»:
Իր ինչի՞ն է պետք այդ զենքը հարցին նա պատասխանեց, որ որսի է գնում. «Տղամարդը պիտի կրակի»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ