Այսօր ՍԻՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Սահմանադրական Իրավունք Միություն կուսակցության նախագահության արտահերթ նիստ: Նիստում հանդես եկավ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, ներկայացնելով «Ղրիմը միջազգային նոր իրավիճակում» միջազգային կոնֆերանսին իր մասնակցությունը, ինչպես նաեւ` «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի գործունեությունը նշելով, որ նա ընտրվել է միջազգային ասոցիացիայի համակարգիչ խորհրդի անդամ:
Այնուհետեւ` ՍԻՄ կուսակցության նախագահությունը քննարկեց ՀՀ արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: Որոշում կայացվեց, որ թեեւ ընտրությունները անց են կացվում հակաժողովրդավարական մթնոլորտում, ՍԻՄ կուսակցությունը մասնակցելու է մոտակա ընտրություններին: Կուսակցության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարություններ տրվեցին նախապատրաստել տեղական նախընտրական շտաբները, կազմել ՍԻՄ կուսակցության նախընտրական ծրագիրը եւ ձեւավորել նախընտրական ցուցակ:
Միաժամանակ, ՍԻՄ նախագահին նախագահությունը լիազորեց, անհրաժեշտության դեպքում, բանակցություններ վարել այլ քաղաքական ուժերի հետ:
Կուսակցության Նախագահությունը որոշեց հրավիրել ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստ ս.թ. նոյեմբերի 2-ին:
ՍԻՄ կուսակցության լրատվական ծառայություն