Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում փառք են տալիս Աստծուն, որ Վարդան Ղուկասյանն իր ներկայությամբ «պատվել է» նիստը եւ բարեհաճել է գալ

Հոկտեմբեր 29,2018 12:22

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ արտահերթ նիստի օրակարգում դարձյալ «Ընտրական օրենսգրքի» նախագիծն է: Այս անգամ արտահերթը հրավիրել են «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների պատգամավորները:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որը հիմնական զեկուցողն էր, մանրամասն չներկայացրեց ԸՕ նախագծի բովանդակությունը, քանի որ դեռ նախորդ շաբաթ նույն նախագիծը զեկուցել էր կառավարությունը: Պետրոսյանը միայն նշեց, որ իրենք համամասնական ընտրակարգի տարածքային ցուցակներին դեմ չեն, այն նորմալ կիրառվում է շատ երկրներում, բայց անցյալ տարվա ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ում այդ ընտրակարգը վերածվում է զոռբայության, թաղային հեղինակությունների մրցավազքին, հետեւաբար դրանից պետք է հրաժարվել: Հաջորդ փոփոխությունը կոալիցիաների ձեւավորման սահմանափակման վերացումն է, կուսակցությունների եւ դաշինքների համար անցողիկ շեմի իջեցումը 4 եւ 6 տոկոսի, ընտրագրավի իջեցումը եւ 3 խմբակցությունների փոխարեն 4 խմբակցության առկայությունն ԱԺ-ում, եթե 4-րդ խմբակցությունը հաղթահարում է 2 տոկոս ձայների շեմը: Ցուցակներում կանանց կամ հակառակ սեռի ներկայությունն առաջարկվում է դարձնել 30 տոկոս՝ 25-ի փոխարեն:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ նոր «Ընտրական օրենսգրքով» ընտրությունների գնալն իրենց համար ինքնանպատակ չէ, իրավաչափ նպատակներ ունեն՝ գնալ այն օրենսգրքով, որն առավելագույնս է երաշխավորում նախընտրական պայքարում քաղաքական գործոնի գերակայությունը, քվեարկության թափանցիկությունը, քաղաքական բազմակարծության ապահովումը, որը ժողովրդավարության ինստիտուտի կարեւոր բաղադրիչներից մեկն է:

Հիշեցնենք, որ կառավարության հրավիրած արտահերթում ԸՕ նախագիծը տապալվեց: Հետո ԱԺ նախագահը հեգնեց, որ եթե կարողանային ապահովել ԸՕ-ին բանավոր կերպով կողմ արտահայտվածների ներկայությունը, նախագիծը կանցներ: Շահարկվեց նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների բացակայության հարցը:

Գեւորգ Պետրոսյանն այսօր ասաց, որ ուզում է ներկայացնել իրականությունը, թե ինչ էր կատարվել այդ օրը, որ բացակայել էին իրենց խմբակցության պատգամավորները. «Մեր խմբակցության երեք պատգամավորները, ովքեր բացակայել են, Հրանտ Մադաթյանը ՀՀ-ից դուրս է գտնվել, ոչ մեկը չէր կարող նախապես իմանալ արտահերթ նիստի մասին, որ պարոն Մադաթյանն իր ծրագրերը հարմարացներ այդ նիստին, այսինքն, օբյեկտիվորեն ինքը չէր կարող մասնակցել նիստին: Վարդան Ղուկասյանի մասով ուզում եմ հայտնել հետեւյալը՝ այո, պարոն Ղուկասյանն ունեցել է որոշակի առանձին կարծիք օրենսգրքի փոփոխությունների բովանդակության վերաբերյալ հետեւյալ առումով՝ լինելով իր տարածաշրջանում մեծ հարգանք վայելող անձ, ինքն իր քաղաքական գործունեությունը իրականացրել է միշտ մեծամասնական ընտրակարգով, ինքն իր անձնական կերպարով է ներկայացել ընտրողներին ու իր համար ավելի հոգեհարազատ է եղել այդ ընտրակարգի կիրառումը, բայց խնդրում եմ, նկատի ունենաք, որ բացարձակապես չկա հակասություն, ինչպես շրջանառում են ԶԼՄ-ները, ԲՀԿ ղեկավար պարոն Ծառուկյանի ու Ղուկասյանի, կամ Ղուկասյանի ու մեր խմբակցության միջեւ: Այսօր պարոն Ղուկասյանը, փառք Աստծո, ներկա է, ինքն իր ներկայությամբ պատվում է մեր նիստը եւ իր քվեարկությամբ կարտահայտի իր դիրքորոշումը: Ինչ վերաբերում է Նապոլեոն Ազիզյանին, այսօր էլ ինքը վատառողջ, բայց ներկայացել է նիստին: Նախորդ անգամ իր վատառողջության պատճառով բացակայել է: Որեւէ շեղում, որեւէ միտում, որեւէ ստվերային պայմանավորվածություն գոյություն չունի: Պարոն Ազիզյանը մեր թիմի հավատարիմ անդամն է եւ ինքն այսօր իր ներկայությամբ եւ իր գործողություններով կապացուցի դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031