«Մեր ամբողջ թիմն այստեղ է, որ բոլորն էլ տեսնեն ու ուրիշի սարքածը մեր վրա չդնեն։ Մեր խոսքը գործ է եղել, ինչ ասել, այն էլ արել ենք»,-խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, այսօր խորհրդարանում քննարկում են ՀՀ նոր ընտրական օրենսգիրքը: Նախագծի առաջին քննարկումը տապալվեց: Հիշեցնենք, այդ քվեարկությանը չէր մասնակցել նաեւ Գագիկ Ծառուկյանը`մարզահագուստով լինելու պատճառով:
«Հարգելով թիմին՝ էսօր բոլորս եկել ենք»,- շարունակեց պարոն Ծառուկյանը` խոսելով իր խմբակցության անդամների`քվեարկությանը մասնակցելու հարցի մասին:
«Մեզնից ինչ կախված է, որը պետք է մեր ժողովրդին, մենք պատրաստ ենք 31 պատգամավորով այստեղ անել։ Մենք մեր խոստումը կատարել ենք»,- ասաց նա`պատասխանելով հարցին մտավախություններ ունի՞, որ ՀՀԿ-ն կկին դեմ կքվեարկի:։
Իսկ հարցին՝ ինչպե՞ս է գնահատում հաջորդ խորհրդարանում իր ղեկավարած ուժի հայտնվելու հնարավորությունը, նա պատասխանեց. «Մեր շանսերը կախված են մեր ժողովրդից։ Ոնց կմտածեն, ինչքան կմտածեն, այնքան էլ կտան»։
Գագիկ Ծառուկյանն ասաց, որ արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը ինքն է գլխավորելու եւ դրան ոչինչ չի խանգարում: Անդրադառնալով լրագրողների դիտարկումներին, թե վարչապետն ասել էր` գործարարի ինչի՞ն է պետք լինել պատգամավոր, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Պարոն վարչապետը ձեզ ասաց, որ Ծառուկյանը մեծ սեփականատեր է, իր գործունեությունը հանձնել է կառավարման։ Եթե ինչ-որ բանով խանգարելու եմ իմ ժողովրդին, վնաս եմ բերելու, ես հրաժարվեմ, հարց չկա»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ