Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրական օրենսգիրքը» նորից տապալվելու վտանգ ունի. ՀՅԴ-ն նորից ձեռնպահ քվեարկեց՝ 24 ժամում այն ընդունելուն

Հոկտեմբեր 29,2018 11:38

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում դարձյալ «Ընտրական օրենսգրքի» նախագիծն է: Այս անգամ արտահերթը հրավիրել են ԱԺ պատգամավորները, մասնավորապես, «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները:

Հիշեցնենք, որ կառավարության հրավիրած արտահերթում ԸՕ նախագիծը տապալվեց, քանի որ սա սահմանադրական օրենք է, 63 ձայնով է պետք է ընդունվի, բայց քվեարկության ժամանակ կողմ քվեարկեց 56 պատգամավոր, դեմ՝ 3:

Այսօր նիստի մեկնարկին գրանցվել էր ընդամենը 58 պատգամավոր, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀԿ քաղաքական թեւից գործիչներ, որոնք դեմ են ԸՕ բարեփոխումներին: Եթե այս պատկերը պահպանվի նաեւ քվեարկության ընթացքում, ԸՕ նախագիծն այս անգամ էլ կտապալվի:

Այսօր ԱԺ նիստում նախագիծը ներկայացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նախ, նա առաջարկեց նախագիծն ընդունել 24-ժամյա ռեժիմով ու դա հիմնավորեց Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ կնքված հուշագրով՝ ասելով, որ այդ հուշագրով պայմանավորվածության ժամկետները չխախտվեն: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը տարակուսեց՝ ի՞նչ կապ ունի Ծառուկյանի հետ կնքած հուշագիրը այս նախագծի հետ: Գեւորգ Պետրոսյանն էլ պատասխանեց. «Հուշագիրը այնքանով է առնչվում, որ «Ծառուկյան» դաշինքը առաջին խմբակցությունն էր, որ ԸՕ առաջին անգամ տապալումից հետո ստանձնեց արտահերթ նիստ՝ հիմք ընդունելով մեր ստանձնած պարտավորությունների պատասխանատվությունը: Եվ քանի որ հաջորդ քառօրյան արդեն ահագին երկար ժամանակ է մեզ բաժանում, դրանով է պայմանավորված նախագիծը հրատապ ընդունելը»:

Մարուքյանը արձագանքեց՝ «Հուշագիրը վաղուց է ստորագրվել ու նախորդ անգամ, երբ տապալվեց, բացականեր կային նաեւ ձեր ֆրակցիայից, հետեւաբար շահարկել, որ տապալվել է եւ մենք հուշագիր ենք ստորագրել, դրա համար արտահերթ ենք նախաձեռնել…դա միայն «Ծառուկյան» ֆրակցիայի նախաձեռնությունը չէ, կառավարության նախագիծն է եւ դա նաեւ «Ելք» ֆրակցիայինն է, հետեւաբար պետք չէ այս նախաձեռնությունը ներկայացնել այդ հուշագրի լույսի ներքո»:

Ուշագրավ է, որ երբ քվեարկության դրվեց հատուկ ընթացակարգով Ընտրական օրենսգիրքը ընդունելու հարցը, այսինքն, այն, որ նախագիծը պետք է ընդունվի 24 ժամում, այլապես դեկտեմբերին նոր ԸՕ-ով չեն հասցնի խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպել, ՀՅԴ-ն, ինչպես եւ նախորդ անգամ, ձեռնպահ քվեարկեց: Սակայն այս անգամ ՀՅԴ-ի այդ քվեարկությունը որոշիչ չեղավ: Այդ ընթացքում նոր պատգամավորներ ներկայացան նիստին, արդյունքում նիստին ներկա 62 պատգամավորներից 54-ը կողմ քվեարկեցին, 3-ը դեմ, 5-ը՝ ձեռնպահ ու որոշումն ընդունվեց:

Այնուամենայնիվ, եթե նույնիսկ նիստին ներկա 62 պատգամավորներն էլ կողմ քվեարկեն, Ընտրական օրենսգրքի նախագիծը չի ընդունվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031