Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տուն-տունիկ

Հոկտեմբեր 29,2018 12:15

Ամիսներ առաջ մեր ԱԺ-ում՝ «աննման ժողովում», քննարկվում էր վարչապետի ընտրության հարցը, իսկ օրեր առաջ՝ այդ նույն վարչապետի չընտրության հարցը: Այս մետամորֆոզը ձեզ չի՞ հիշեցնում մանկական տուն-տունիկ խաղը:

Ինչո՞վ է բացատրվում խորհրդարանական այս խաղը, ի՞նչ կանոններով: Այն բացատրությունը, որ տալիս են որոշ իրավաբաններ եւ սահմանադրագետներ, առնվազն կարելի է ծիծաղելի համարել, որ, իբր, դա պայմանավորված է ՀՀ Սահմանադրության ձեւական (ֆորմալ) պահանջներով: Որ իրավունքը շատ հարցերում ունի ձեւական (ֆորմալ) պահանջներ, միանգամայն իրավացի է, բայց դա ամենեւին չի նշանակում, որ ամեն ինչ հանգում է այդ ձեւականին՝ մի կողմ դնելով բովանդակայինն ու էականը: Այն փաստարկը, որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածում նշված «վարչապետին ընտրում է», «վարչապետ չընտրվելու», «վարչապետի նոր ընտրություն», «վարչապետ չի ընտրվում» եւ այլ բառակապակցություններից միանշանակ բխում է, որ անպայման պետք է լինի ընտրություն, եւ հետեւաբար պետք է լինի թեկնածության առաջադրում, կարծում եմ՝ ամենեւին տեղին չէ: Մի պահ ենթադրենք, որ որեւէ թեկնածու չի առաջադրվում, դրան ի՞նչ պետք է հետեւի: Այսինքն՝ խորհրդարանն ինչո՞վ պետք է զբաղվի, եթե այն իր հիմնական պարտականություններից մեկը չի կատարում: Իսկ ինչո՞ւ որեւէ խմբակցություն կամ պատգամավորների մի խումբ պետք է առաջադրի վարչապետի թեկնածու, եթե նախապես հայտնի է, որ նա չի ընտրվելու: Ո՞րն է տրամաբանությունը: Այստեղ հարկ է հիշել, որ ՀՀ Սահմանադրության կարեւորագույն պահանջը «կայուն խորհրդարանական մեծամասնության» առկայությունն է, առանց որի խորհրդարանն անելիք չունի: Ի դեպ, «կայուն խորհրդարանական մեծամասնության» առկայությունը նույնպես Սահմանադրության ձեւական պահանջներից է, որն այս դեպքում հաջողությամբ մոռացության ենք տալիս: Իմիջիայլոց, եթե այդքան ուշադիր են Սահմանադրության ձեւական պահանջների նկատմամբ, ինչո՞ւ այլ դեպքերում եւս այդքան հետեւողական չեն: Օրինակ՝ ընտրություն է կատարվում պատգամավորների անհրաժեշտ քանակի բացակայության պայմաններում կամ Սահմանադրության 98-րդ հոդվածի պահանջը չկատարելով եւ այլն, եւ այլն:

Իրավունքի ձեւական բնույթն արտահայտվում է հատկապես ժամկետների հարցում, բայց անգամ այդ դեպքում նույն իրավունքը սահմանում է հնարավոր այն դեպքերը, երբ օրենքը կարող է գործադրվել ժամկետները խախտելիս:

Բացի վարչապետի ընտրության-չընտրության հետ առնչվող հարցից, խորհրդարանն ավելորդ անգամ ապացուցեց իր անհարգալից վերաբերմունքը Սահմանադրության նկատմամբ՝ վերստին չընտրելով Սահմանադրական դատարանի դատավոր՝ խախտելով Սահմանադրությամբ սահմանված՝ արդեն մեկ անգամ խախտված ժամկետը: Այս հարցին նախկինում արդեն անդրադարձել եմ («Փոթորիկ մեկ բաժակ ջրում», «Հրապարակ», 07.06.2018, «Փոթորիկը շարունակվում է», «Հրապարակ», 07.08.2018), պարզապես հետաքրքիր է, թե ի՞նչ է մտածում հանրապետության նախագահը, որը կոչված է պահպանելու Սահմանադրությունը: Տրամաբանակա՞ն է, որ ընտրությունը խորհրդարանում իրականացվում է առանց անհրաժեշտ եւ բավարար քանակությամբ պատգամավորների մասնակցության: Բա ո՞ւր մնաց Սահմանադրության ձեւական կողմը ապահովելը: Այդ ո՞ր օրենքն է, որ թույլ է տալիս նման որոշում կայացնել, գուցե պետք է դիմել Սահմանադրական դատարա՞ն:

Առհասարակ, վերջին ամիսներին անընդհատ խոսում են, որ իշխանությունները պետք է պահպանեն Սահմանադրությունը, մյուս կողմից՝ անընդհատ հանգում ենք Սահմանադրությունը խախտելու անհրաժեշտությանը: Մի կողմից՝ պնդում ենք, որ բոլոր գործողությունները պետք է լինեն օրինական (թե՞ իրավական), մյուս կողմից՝ միաժամանակ շեշտում ենք, որ Սահմանադրությունը հարմարեցված է ինչ-որ մեկին, բայց ոչինչ չի ձեռնարկվում այդ արմատական հարցը լուծելու համար, թեեւ դա հեղափոխության պահանջն է: Միշտ փորձում ենք, թեկուզ աճպարարությամբ, անհամատեղելի հակասությունները դարձնել համատեղելի: Այդպես չի լինում, որովհետեւ հակասությունները բախվելիս «սովորություն ունեն» պայթելու: Ի՞նչ է ստացվում: Մի օր «կայուն խորհրդարանական մեծամասնությունը» քվեարկում է հօգուտ իր քաղաքական հակառակորդի, մի որոշ ժամանակ անց՝ ոչ խորհրդարանական մեծամասնությունը դեմ է քվեարկում, մի այլ անգամ քվեարկում է հօգուտ կառավարության ծրագրի, մեկ էլ հանկարծ բոյկոտում է մի այլ հարցում, եւ այսպես շարունակ: Այսքան անտրամաբանական գործողություններ կատարելու փոխարեն՝ ավելի լավ չէ՞ մեկընդմիշտ այդ խնդիրը լուծել միանգամից, որն, ի վերջո, անպայման կատարվելու է:
Ստիպված եմ մեջբերել Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Գ. Տոյբների տեսակետը. «Սահմանադրությունը չափազանց լուրջ գործ է այն իրավաբաններին վստահելու համար» (Тойбнер Г. Контуры конаституционной социологии // Сравнительное конституционное обозрение. 2016. N1(110)C.48):
Ստիպված եմ նաեւ հիշեցնել, որ իրավունքը նախեւառաջ բանականի ու բարոյականի համաձուլվածք է:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ»

27.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031