Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետական գնումների գործընթացում ՓՄՁ-ի եւ սկսնակ բիզնեսի գործը հեշտացնում են

Հոկտեմբեր 29,2018 11:45

Ֆինանսների նախարարությունը որոշել է օրենսդրական փոփոխություններ կատարել պետական գնումների գործընթացում: Այս ոլորտում կառավարությունը մտադիր է «սթարթափի»՝ սկսնակ բիզնեսի կամ ՓՄՁ-ի գործը հեշտացնել:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը արդարադատության նախարարության e-draft.am կայքում է տեղադրված: Քաղաքացիները կամ ոլորտին առնչվող անձինք, ինչպես վստահեցնում են կառավարությունից, կարող են այդ կայքում նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:
Նախագծի հեղինակներն ասում են՝ այս փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են գնման գործընթացների արդյունավետությունը, գրավչությունն ու մրցակցության աստիճանը բարձրացնելու, սկսնակ եւ փոքր բիզնեսի` գնումների ընթացակարգերին մասնակցելու հնարավորություններն ավելացնելու անհրաժեշտությամբ:

Գործարարները, հատկապես փոքր ու միջին ձեռներեցները, մշտապես դժգոհում են պետական գնումների գործընթացից:

Այս ոլորտում խնդիրներից մեկը, որը նաեւ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, պետական որոշ գերատեսչությունների՝ տնտեսավորողներին սառնասրտորեն շուկայից դուրս մղելու գործելաոճն է: «Առավոտը» բազմիցս անդրադարձել է այս խնդրին: Տնտեսագետ Արտակ Մանուկյանն ուսումնասիրել էր գնումների գործընթացը եւ պարզել՝ շատ հաճախ ընկերությունը հաղթող է ճանաչվում, եւ երբ պետք է արդեն պայմանագիր կնքի ու հարկայինից փաստաթուղթ է ներկայացրել, որ պետության նկատմամբ ֆինանսական պարտավորություն չունի, մեկ էլ պարզվում է, որ հարկայինի ինչ-որ վերահաշվարկի արդյունքում պարտավորություն է առաջացել: Գործարարը ՊԵԿ-ից փաստաթուղթ է ստանում, որ «իքս» օրվա դրությամբ պարտք չունի: Ֆինանսների նախարարությունը հարցում է կատարում ՊԵԿ-ին, որն էլ վերահաշվարկ է անում ու ֆիննախին տեղեկացնում, որ ասենք՝ 50 կամ 100 հազար դրամի պարտավորություն ունի այդ ընկերությունը: Ապա սկսվում է մի գործընթաց, ու տվյալ տնտեսվարողին «սեւ ցուցակ են» գցում: Սա նշանակում է՝ տնտեսվարողը 2 տարի իրավունք չունի մասնակցել պետական գնումներին:

Այս օրենսդրական փոփոխությամբ ընկերություններին հնարավորություն է տրվում խուսափելու «սեւ ցուցակ» ընկնելուց:

Օրինակ՝ առաջարկվում է՝ «Առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից փաստաթղթերն ամբողջական չներկայացվելու կամ ներկայացված` ներառյալ կոմիտեի տրամադրած տեղեկատվության արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը նույն օրն էլեկտրոնային եղանակով ծանուցում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունը: Ընդ որում, եթե անհամապատասխանությունն արձանագրվել է կոմիտեից ստացված տեղեկատվության արդյունքում, ապա սույն կետում նշված ծանուցմանը կցվում է նաեւ այդ տեղեկատվությունը պարունակող փաստաթղթի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը»:

Այսինքն՝ մրցույթին մասնակցող ընկերությունը եթե այդ ընթացքում, պարզվում է, հարկային պարտավորություն ունի, այլ կերպ ասած՝ պետությանը պարտք է, հնարավորություն է ստանում 3 օրում պարտքերը մարել ու «հանգիստ խղճով» մասնակցել մրցույթին:

Այս օրենսդրական փոփոխություններով, ինչպես հեղինակներն են վստահեցնում, փոքր ու միջին բիզնեսին հնարավորություն են տալիս մասնակցելու պետական գնումներին նաեւ մինչեւ 10 միլիոն դրամ գնումների դեպքում: Նախկինում այս շեմը մինչեւ 5 միլիոն դրամ էր: Այս դրույթի վերաբերյալ առաջարկվում է 61-րդ կետի համապատասխան ենթակետը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ. «61-րդ եւ 62-րդ կետերի 3-րդ ենթակետերում եւ 63-րդ կետի 2-րդ ենթակետում «հնգապատիկը» բառը փոխարինել «տասնապատիկը», բացառությամբ շինարարական ծրագրերի՝ ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության եւ տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների» բառերով:

Սա նշանակում է, ինչպես պարզաբանեցին ֆինանսների նախարարությունից, ընկերությունը եթե չունի գնման առարկայի մատակարարման փորձառություն, նրան թույլ են տալիս մինչեւ 10 միլիոն դրամի մրցույթին մասնակցել, եւ եթե, այսպես ասած, մրցույթը շահի, աշխատանքը գերազանց կատարի, ապա հաջորդ անգամ հնարավորություն կունենա մինչեւ 20 միլիոն դրամի գնման մրցույթին էլ մասնակցելու, եթե նույնիսկ տվյալ առարկայի մատակարարման փորձ չունենա: Սա իսկապես կարող է խթանել փոքր ու միջին ձեռներեցին շուկա մուտք գործել, զարգանալ:

Մեկ այլ կարեւոր փոփոխություն էլ՝ «Պայմանագիր կնքած անձի (կատարողի) ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պայմանագրով սահմանվում են տույժեր եւ տուգանքներ: Տուգանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի ընդհանուր գնի 0,5 տոկոսից, իսկ տույժերի չափը` 0,05 տոկոսից: Տույժը հաշվարկվում է օրացուցային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ: Եթե` ա. պայմանագիրը կնքվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա, ապա տուգանքը հաշվարկվում է պայմանագրի գնի այն մասի նկատմամբ, որի համար տվյալ տարվա ընթացքում հատկացվել են ֆինանսական միջոցներ, եւ կնքվել է համաձայնագիր: Բ. գնման ընթացակարգը կազմակերպվել է չափաբաժիններով, եւ ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագիրը ներառում է մեկից ավելի չափաբաժիններ, ապա տուգանքը հաշվարկվում է պայմանագրով այդ չափաբաժնի համար սահմանված ընդհանուր գնի նկատմամբ»:

Ավելի պարզ ասած, ինչպես ներկայացրեցին նախարարությունից, կազմակերպությունը, որը մի քանի տեսակի ապրանքների գնման մրցույթին է մասնակցել, հաղթող ճանաչվել, կնքվել է մեկ պայմանագիր մեկ ընդհանուր արժողությամբ, սկսել է մատակարարել ապրանքները, բայց թերացել է ընդամենը մեկ ապրանքատեսակի մատակարարման դեպքում, ապա տույժերն ու տուգանքները հաշվարկվում են ոչ թե ամբողջ պայմանագրի արժեքով, այլ միայն այն ապրանքատեսակի արժեքով, որի դեպքում թերացումներ են եղել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

27.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031