Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մի պահ ինչ-որ բանդիտներ ռեկետի փորձեր արեցին, բայց հետո կանգ առան. հիմա ես իրենց «բռատանն եմ»

Հոկտեմբեր 29,2018 11:30

Ինչո՞ւ «խոպանից» չվերադարձավ մասնագիտությամբ կիբեռնետիկ հայ կինը

Զրուցակիցս Ուկրաինայում մշտական բնակության մեկնած Արմինե Խարազյանն է:

– Արմինե, երբվանի՞ց ես ապրում, աշխատում Ուկրաինայում:

– 1993 թվականից, հոկտեմբերի 25-ին լրանում է ուղիղ 25 տարին: Աստված իմ, մի ամբողջ կյանք …նոր զգացի էդ թիվը, գիտե՞ս:

– Կոնկրետ ո՞ր քաղաքում ես, ինչո՞վ ես զբաղվել կամ զբաղվում այդտեղ:

– Խարկով քաղաքում եմ: Սկզբից առաջին չորս տարին երեխաներիս` տղայիս ու դստերս էի պահում. տնային տնտեսուհի էի, հետո արդեն սկսեցի բիզնեսով զբաղվել… ամուսնուս օգնել: Հետո ամուսինս մի կողմ քաշվեց ու իմ ուսերին մնաց եւ երեխաների դաստիարակությունը, եւ ամբողջ բիզնեսը:

– Ի՞նչ բիզնես է, ներկայացրու մանրամասն:

– Սկսել ենք փոքրիկ խանութներից: Իսկ հիմա ղեկավարում եմ կաֆե-ռեստորանը: Փոքր խանութ պավիլիոններ էին, հետո ամուսինս գնեց ֆերմա ու անցավ իր գործին ու ինձ թողեց այս ամենը:

– Դու ծնվել եւ մեծացել ես Հայաստանում, որքան որ տեղյակ եմ, ամուսինդ նույնպես: Հայաստանում զբաղվե՞լ եք բիզնեսով, արդյոք հնարավո՞ր է զբաղվել օտարի հողում մի բանով, ինչով հայրենիքում չեք զբաղվել:

– Այո: Ես ծնվել մեծացել եմ Երեւանում: Մինչեւ ամուսնանալս աշխատում էի Ճարտարագիտական համալսարանում՝ էլեկտրոնիկայի ամբիոնում: Ես այն սերնդից եմ, ովքեր ավարտելով կիբեռնետիկայի ֆակուլտետը, այդպես էլ չկարողացանք աշխատել մեր մասնագիտությամբ, քանի որ փլուզվեց ԽՍՀՄ-ը: Բոլոր գործարանները փակվեցին. պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ, հատկապես իմ մասնագիտությունը ես շատ -շատ էի սիրում՝ բժշկական կիբեռնետիկա: Բայց ինչ եղել եղել է, ես ընդունվեցի Էլեկտրոնիկայի ամբիոն, որպես ավագ լաբորանտ: Իսկ ապագա ամուսինս արդեն վաղուց գնացել էր երկրից, ուներ բիզնես Երեւանում, սակայն ինչ-ինչ պատճառներով ամբողջ բիզնեսը թողել էր գործընկերոջը ու հեռացել երկրից: Գիտես, իմ կարծիքով, ամեն տեղ էլ կարելի է զբաղվել բիզնեսով: Միայն թե ցանկություն լինի: Եթե մարդը ձգտում է լավ ապրել ու ճիշտ օգտագործել իր ունակություններն ու գիտելիքները, նա ամեն տեղ էլ կարող է զբաղվել:

– Դու կարճ ժամանակով եկար Հայաստան, կարծես աշխատանք էիր փնտրում, հետո ի՞նչ պատահեց, որ նորից մեկնեցիր:

– Երկար տարիներից հետո, երբ աղջիկս վերջնականորեն որոշեց գալ Երեւան եւ սովորել Հայաստանում, ես վարձով տվեցի իմ բիզնեսը եւ եկա Հայաստան: Սկզբից հանգիստ էր: Հետո Ուկրաինայում սկսվեց պատերազմ, ռուս սեպարատիստները այրեցին կաֆեն: Վիճակը վատացավ: Ես սկսեցի աշխատանք փնտրել: Գտա գովազդային ֆիրմայում մենեջերի աշխատանք, բայց աշխատավարձը շատ ցածր էր, չէր բավարարում, որպեսզի տան վարձը տայի եւ գնեի սնունդ: Շատ ծանր օրեր էին իմ համար: Դեպրեսիայից չէի կարողանում դուրս գալ: Շոկի մեջ էի: Երբ մի գիշերվա մեջ կորցնում ես ամեն ինչ ու մտածում ես, թե հետո ոնց պիտի ապրես: Հետո դուրս եկա այդ ֆիրմայից: Գտա դայակի աշխատանք ու մեկ տարի պահեցի մի հրաշք փոքրիկի: Հետո «Ջրաշխարհում» սկսեցի աշխատել, որպես խոհանոցի ավագ պատասխանատու: Իմ վարձակալները սկսեցին բողոքել, որ ամեն ինչ վատ է, որ ուզում են դուրս գալ իմ մոտից ու ես ստիպված էի վերադառնալ Խարկով: Ես ամենաերկարը մեկ ամիս եմ փնտրել աշխատանք Երեւանում: Հպարտ չեմ եղել ու ոչ մի անգամ չեմ գոռոզացել, որ գիտեք, ես կաֆե-ռեստորան ունեմ Խարկովում: Իսկ իմացողներն էլ նույնիսկ զարմացել են` բա ինչո՞ւ ես աշխատում: Որովհետեւ պարապ նստել չեմ սիրում:

– Ուկրաինական պետությունը չհատուցե՞ց վնասը, առհասարակ, քեզ պես շատերն էին, չէ՞, ինչ արվեց նրանց համար:

– Ոչ: Հետաքննությունը մինչեւ հիմա գնում է, դեռ չեն գտել այրողներին:

Խարկովում իմ նման մի քանիսն էին, շատերը չեն եղել. դրա համար մի քիչ մութ պատմություն է: Դրա համար, ճիշտն ասած, ես էլ չեմ ուզում խորանամ:

– Հիմա գանք քո բիզնեսին. որքան մարդ է ամեն օր մոտավորապես օգտվում քո կաֆե-ռեստորանից, ամսական եկամուտներդ որքա՞ն են կազմում:

– Իմ մոտ առավոտյան մարդիկ նախաճաշում են, հետո ճաշի ժամանակն է գալիս, իսկ երեկոյան հանգստի: Տարբեր օրեր տարբեր քանակի: Այստեղ սրճարան, ռեստորան հաճախելու մենտալիտետը շատ ցածր է, համեմատած Հայաստանի հետ: Այստեղ կարող են գնալ խանութից գնել գինի, նստել նստարանին ու շշով խմել: Հայաստանում նման բան չես հանդիպի երբեք, դրա համար այս բիզնեսը դեռ թույլ մակարդակի վրա է: Իմ մոտ հիմնականում ես շահում եմ մեծ տոնահանդեսներով, ծնունդներով, հարսանիքներով: Գումարի թվերը թողնենք մնա կուլիսների հետեւում. բայց Երեւանի համեմատ շատ ցածր է:

– Արմինե, արդյոք կարողանո՞ւմ ես դիմանալ հարկային դաշտի պահանջներին, արդյոք սննդի անվտանգության վարչությունը պատեհ-անպատեհ չի՞ հայտնվում օբյեկտումդ:

– Գիտես, մինչեւ հեղափոխությունը այստեղ անընդհատ ստուգումներ էին անց կացնում: Ես միշտ աշխատել եմ օրենքները չխախտել, քանի որ հայ էի: Ինձ շատ էին հարգում էդ պահով: Իսկ հիմա, երբ որ վերադարձա ու նորից սկսեցի աշխատել, միայն մեկ անգամ են եկել ստուգման` փաստաթղթերի համար: Նախագահի հրամանով մարատորիա է հայտարարված եւ ձեռք չեն տալիս մանր ու միջին բիզնեսին: Իրավունք ունեն գան ստուգման միայն այն դեպքում, երբ բողոքներ են լինում: Բայց, փառք Աստծո, իմ հաճախորդները միշտ հեռանում են շատ գոհ եւ բավարարված: Իմ մոտ մի պահ ինչ-որ բանդիտներ ռեկետի պահով փորձեր արեցին, բայց հետո կանգ առան: Հիմա ես իրենց «բռատանն եմ»: Հարկայինը հենց այնպես չի գալիս ստուգումների, միայն ուղղորդագրով: Եթե չունի հանգիստ, կարող ես էլի դռան կողմը ցույց տաս, բայց էլի` եթե մաքուր ես աշխատում: Մարդիկ Հայաստանից, երբ որ բողոքում են, նրանք պարզապես ուրիշ երկրներում չեն աշխատել. երբ որ աշխատեին, կհասկանային. տարբերությունը ու էդքան չէին բողոքի:

– Կա՞ կոռուպցիա, պայքար: Հետհեղափոխական Ուկրաինան նմա՞ն է հետհեղափոխական Հայաստանին կոռուպցիոն բացահայտումների առումով:

– Շատերն են ուրախացել, որ ես վերադարձա: Ասում են` մենք էստեղ չէինք գալիս քո բացակայության ժամանակ: Հուլիսին «ԱՏՕ-ի զոնայից» երեխաներ էին բերել Խարկով, գալիս էին իմ մոտ հաց ուտելու, նրանց համար երաժիշտ էի կանչում, որ երեխաներին ինչ-որ ձեւով ուրախացնեմ եւ ցրեմ էդ կրակոցներից: Նույն կոռուպցիան շարունակվում է, իհարկե, միայն թե շատ զգույշ են ու թվերը մի քիչ կրճատվել են:

– Բիզնես-լեդիների նկատմամբ ճնշումները գործադիրի կողմից ինչպիսի՞ն են:

– Ցանկացած գործատու կամ գործարար միշտ էլ ինչ-որ կեղծիքների է գնում: Շատ բաներ կան, որոնք թաքնված են կաբինետներում: Բայց ցանկացած գործարք կատարվում է օրենքի սահմաններում: Պարզապես, ով որ գիտելիքներով զինված է` քիչ է տալիս: Իսկ ով որ, կներես, անգրագետ է` մի փեշ փող է տալիս: Իմ վրա ես չեմ զգացել ոչ մի ճնշում: Երեւի երբեք չեմ հակաճառում եւ ունեմ լավ իրավաբաններ, որոնց հետ անմիջապես կապվում եմ եւ իրենց միջոցով եմ վարում բոլոր իմ բանավեճերը: Այստեղ վախենում են օրենքից հասկացողներից, ինչը հեղափոխության ամենամեծ գրավականն է:

Պատրաստվում եմ վերադառնալ հայրենիք: Այս անգամ ընդմիշտ:

Զրույցը` ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ»

27.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Վերադառնալու «պատրաստուողներուն» թիւը անհամար է… Նոյնքան ալ, այդ «ցանկութիւնը ունեցողներ»ունը…

    Իսկ եթէ Ուկրայինայէն վերադարձողը դեռ միայն… պատրաստւում է, երեւի մի քիչ աւելի կը սպասէք ԼՈՍ-ի դասալիքներին:

    Իսկ դասական սփիւռքահայերի պարագային, հըլէ տեսնենք դեռ քանի հատի պիտի բարեհաճին գոնէ մէկ անգամ այցելել իսկ Հայաստանը:

     Մինչդեռ մի քանի ամիսներ առաջ, աշխարհում ամէն կողծ բազմահազար հայորդիներ, ճամպրուկները ձեռքին, պոխճաները ուսերնին, անհամոեր կանգնած էին օդակայաններու դռներուն առջեւ, իրար կը հրմշտկէին…  
    Ֆէյսպուքի հիման վրայ, Հայաստանում բնակելի տեղ պիտի չմնար, բոլոր ետ դիմաւորելու համար

    ի դէպ, Պարոն Թանկեանը իր բնակարանը գնե՞ց, այդ կողմերը… (կամ գոնէ մի հատ համերգ մը տար… բայց թերեւս այդ մէկը վերապահում է յառաջիկայ ընտրարշաւին համար…)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031