Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին ԱԺ տնտեսական «բլոկի» պատգամավորներ չհրավիրվեցին

Հոկտեմբեր 29,2018 11:15

Այդ ֆորումին հրավիրված չէին նաեւ հայաստանյան
վերլուծական շրջանակները

Հոկտեմբերին Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային 17-րդ գագաթաժողովի շրջանակներում, հոկտեմբերի 12-ին կայացավ նաեւ ֆրանկոֆոնիայի տնտեսական համաժողովը: Հայաստանի իշխանությունները թե մինչ հեղափոխությունը, թե արդեն հեղափոխության արդյունքում իշխանության եկածները, շատ կարեւորեցին այդ համաժողովը: Դրան, սակայն, խորհրդարանական երկիր Հայաստանի խորհրդարանի տնտեսական հատվածը ներկայացնող հանձնաժողովներում ընդգրկված պատգամավորները մասնակցության հրավեր չեն ստացել:

Ինչո՞ւ`«Առավոտի» հարցին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից այսպիսի պատասխան տրամադրեցին. «Ֆորումի ընդհանուր մասնակիցների թիվը քննարկելիս որոշում է կայացվել է, որ այն չպետք է գերազանցի 400-ը՝ բոլոր անդամ պետությունները միասին վերցված, քանի որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում արդեն իսկ նախատեսված էր մեծ թվով մասնակիցների ներգրավվածություն: Հայկական կողմից մասնակիցների թիվը չպետք է գերազանցեր 50-ը: Արդյունքում, թիրախավորվել են այն բոլոր գործարարները, որոնք աշխատում էին ֆորումի շրջանակում ծածկված ոլորտներում, քանի որ միոցառումը նպատակ էր հետապնդում գործարար կապեր հաստատելու անդամ-պետությունների համապատասխան շրջանակների միջեւ»:
Ֆորումին հրավիրված չեն եղել նաեւ վերլուծական շրջանակների ներկայացուցիչներ: Այս ռիթով էլ նախարարությունից պարզաբանեցին` Ֆորումը գործածար բնույթ ուներ, այլ ոչ թե վերլուծական. «Այստեղ քննարկվել են բիզնեսին առնչվող հարցեր` հաջողության պատմություններ, համագործակցության հնարավորություններ: Ֆորումը կազմակերպվել է ՏԶՆՆ-ի կողմից ` ՀՀ Նախագահի հովանու ներքո: Եթե ֆորումի աշխատանքներում ընդգկվեին վերլուծաբանները եւ ԱԺ պատգամավորները, ապա մասնակիցների թվի սահմանափակության պայմաններում գործարար շրջանակները դուրս կմնային, ուստի կազմակերպիչների կողմից որոշում է կայացվել գործարար ֆորումի շրջանակում թիրախավորել մասնավորապես գործարարներին»:

Մինչդեռ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն այլ պատկերացում ունի: «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով պաշտոնական պարզաբանմանը, պարոն Հարությունյանն ասաց`այդ ֆորումում քննարկվում էր նաեւ ֆրանկոֆոն երկրների միջեւ ապագայում ձեւավորվող տնտեսական հարաբերությունների խնդիր, ինչը նշանակում է`ոչ միայն գործարար կապեր`գործարարների միջեւ, այլ տնտեսական հարաբերություններ միջպետական հատվածում, տնտեսական քաղաքականություն որոշող գործոնների միջեւ. «Եթե հայկական կազմակերպություններն այլ կերպ են մեկնաբանում ֆորումի էությունն ու կարեւորությունը, դա խնդրի մի կողմն է: Բայց ցանկացած տնտեսական կյանքի վերածելու որեւէ միջոցառում, որը այսպես, թե այնպես իր արձագանքն է թողնելու հետագայում տնտեսական քաղաքականության վրա, միջպետական հարաբերություններում տնտեսական կապերի ձեւավորման վրա, չի կարող շատ չառնչվել Ազգային ժողովի հետ: Ուզենք, թե`ոչ, եթե վաղն այդ ֆորումի արդյունքներով ձեւավորվեն օրենսդրական նախաձեռնություններ, նրանք պետք է մեկնաբանություններ ստանան խորհրդարանում»: Մեր զրուցակիցն ափսոսում է, որ նման մեկնաբանություններ են տրվում եւ այս ամենը մեկ նախադասությամբ է մեկնաբանում. «Ավելի խորը համագործակցության կորսված հնարավորություն»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031