Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վերջ տվեք ծեծված երթուղիներին ու Գյումրի բերեք տուրիստներին»

Հոկտեմբեր 29,2018 11:00

Հյուրատան հիմնադիրը՝ մայրաքաղաքի տուրիստական
գործակալությունների ղեկավարներին

Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող «Սրտաշյան հյուրատան» հիմնադիր Վարդան Սրտաշյանի կարծիքով, հանրապետության երկրորդ քաղաքը թեեւ իր գրավչությամբ մրցունակ է մայրաքաղաքի ու Հայաստանի ցանկացած գեղատեսիլ տեղանքի հետ, սակայն այստեղ տուրիզմի զարգացման համար կան կարգավորման ենթակա բազմաթիվ խնդիրներ։ Ըստ մեր զրուցակցի, օրինակ՝ «Շիրակ» օդանավակայանում չկա կապի միջոց, Գյումրիում ու հարակից պատմական վայրերում չկան զուգարաններ, քիչ են ոլորտում մասնագիտացած բանիմաց գիդերը, յուրաքանչյուր ոք իրեն մասնագետ է կարծում։ Հյուրանոցային բիզնեսի զարգացմանն էլ խոչընդոտող որոշակի օրենսդրական բացեր կան, որոնք տնտեսվարողին հարկադրում են խնդիրը լուծել իր պատկերացումներով։

«Գյումրիում տուրիստներին գրավում է հին, պատմական քաղաքը, շենքերը, մարդկանց մարդամոտ լինելն ու առանձնահատուկ սնունդը։ Ինչո՞վ եմ համոզվել, երբ «Շիրակ» օդանավակայանում սկսվեցին «Պոբեդայի» չվերթները, Գյումրին դարձավ տարանցիկ կետ տուրիստների համարգ իրենք Գյումրի են իջնում ու ուղեւորվում են կամ Երեւան, կամ Թբիլիսի։ Ես իրենց դիմավորում են օդանավակայանից, ու քանի որ հիմնականում գիշերակացն եմ ապահովում, զրույցի եմ բռնվում մարդկանց հետ. լսում կարծիքները։ Երբ իջնում են Գյումրի ու մի օր ցույց եմ տալիս մեր քաղաքը, սիրահարվում են Գյումրիին։ Այդ մի օրը իրենք են նախատեսում, բայց երբ տեսնում են Գյումրին, զարմանքով ասում են՝ եթե իմանայինք այսպիսի չքնաղ քաղաք է, գոնե երկու օր էլ կպլանավորեինք ձեր մոտ մնալու։

Վերջերս երկու բլոգեր աղջիկներ էին եկել Սանկտ Պետերբուրգից, ֆիլմ էին նկարահանում, գիտեք, որ կանոնավոր թռիչքներ կան, որոնք որ, ցավոք սրտի, հոկտեմբերի 27-ով դադարեցվում են, պատճառը չեմ կարող ասել։ Աղջիկներն ունեին իրենց սեփական յութուբյան ալիքը, ֆիլմը սկզբում նկարահանել էին Վրաստանում, հետո Հայաստանում, ու քանի որ հաջորդ օրը Գյումրիից թռնելու էին Սանկտ Պետերբուրգ, ժամանակ չկորցրեցին ու փորձեցին մեր քաղաքը տեսնել։ Երբ սկսեցի ցույց տալ մեր քաղաքը, զարմանքով ասացին՝ իմանայինք այսպիսի քաղաք էր, երկու օր ավել կմնայինք, ի՞նչ կար Երեւանում, Երեւանը ստանդարտ եվրոպական քաղաք է։


Գիտեք, այսօր աշխարհին չես կարող զարմացնել բարձրահարկերով, ժամանակակից ճարտարապետությամբ, որովհետեւ աշխարհում դա լիուլի կա, բայց այն, ինչ կա Գյումրիում՝ «Կումայրի» արգելոցն իր շինություններով, իր կոլորիտով, իր յուրահատուկ դեմքով, 19-րդ դարի տիպիկ քաղաքի օրինակ է։ Այս առումով Գյումրին, կարելի է ասել ավելի մրցունակ է, քան Երեւանը։ Բոլորս տեսնում ենք այս պոտենցիալը, բայց ցավով պիտի ասեմ, որ Երեւանի տուրիստական ընկերությունները Գյումրին միշտ դուրս են թողել իրենց երթուղիներից։ Հիմնականում գերադասում են ծեծված երթուղիները՝ Խոր Վիրապ, Գեղարդ, Գառնիգգ Մարդիկ մեր վանքերը տեսել են, արդեն ուրիշ բան են ուզում տեսնել։ Ես չգիտեմ դա միտումնավոր են արել, թե չէ, բայց կասեմ՝ Գյումրին շատ հզոր պոտենցիալ ունի, որը թերագնահատված է, եւ ես բնավ չեմ գերագնահատում»,- ասում է Վարդան Սրտաշյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ, եթե Գյումրիում փողոցաշինությունն ավարտվի, տուրիստների հոսքը շեշտակի կավելանա։ Այս քաղաքում ներքին տուրիզմը եւս զարգանում է. մայրաքաղաքից շատերն են գալիս Գյումրու պատմական հատվածները տեսնելու։


«Այս ոլորտում խնդիրները բազմատեսակ են, ես հիմնականում իմ գործունեության մեջ տուրիստներին ներգավում եմ IT տեխնոլոգիաների միջոցով, օրինակ՝ շատ տարածված տուրիստական կայքերից է՝ Booking.com, Airbnb.ru կայքը: Երբ որ մարդիկ օգտվում են այդ կայքերի ծառայությունից, օն-լայն պատվիրում են հյուրատուն, ես իրենց հետ շփվում եմ սոցիալական ցանցերով՝ «Վայբերով», «Վատսափով», չենք զանգում, այս դարում ո՞վ է զանգում։ Պայմանավորվում ենք տեղափոխման մասին, իրենք իջնում են օդանավակայան, որտեղ չկա քարտի վաճառակետ։ Ես աջ ու ձախ բոլորին խնդրում եմ, ասում եմ՝ ժողովուրդ, խայտառակություն է, մարդը իջնում է, իրեն կապի միջոց է պետք։ Մարդն իջնում է, այնտեղ վրա են տալիս տաքսիստները, հայկական տարբերակով որոշում են մի փոքր ավել գումար վերցնել ու առաջին տպավորությունը շատ վատն է լինում։ Նույնիսկ WiFi-ի խնդիր կա, WiFi-ը մասսայական չէ, խնդրում եմ, որ կոդն ասեն։ Սա տարրական պահանջ է, որ մենք չենք անում։ Ես, առիթից օգտվելով, խնդրում եմ «Շիրակ» օդանավակայանի ղեկավարությանը, «Վիվասել» ընկերությանը, ինչքան էլ շահութաբեր չլինի. ես հասկանում եմ, որ տաղավար վերցնելն ու քարտ վաճառելը շահութաբեր բիզնես չի կարող դիտվել, կարգավորեք հարցը։ Եթե տուրիզմը հայտարարել ենք գերակա ոլորտ, գոնե քաղաքի մուտք ու ելքի կետերում նման խնդիր չպիտի լինի։ Օրինակ՝ երկաթուղային կայարանում եւս քարտերի վաճառքի կետ չկա, մարդիկ Թբիլիսիից երկաթուղով են գալիս։ WiFi-ն անվճար պետք է լինի ամենուր»,-ասում է Վարդան Սրտաշյանը։

Նա նշում է, որ այդպես էլ չկարողացան լուծել մի շատ կարեւոր խնդիր եւս՝ զուգարանների հարցը։ «Մի՞թե չի կարելի այդ խնդրին լուծում տալ, բիոզուգարաններ էին գովազդում եւ այլն, եւ այլն… Իրականում հարցը մնաց անլուծելի, շատ դժվար է, որ մարդկանց տանում ես որեւէ տեղ ու խնդրում ես սրան, նրան, թե թույլ տուր օգտվեն զուգարանիցդ։ Լավ տպավորություն չի թողնում սա, որովհետեւ սա տարրական հարց է», -նշում է տնտեսվարողը։

Մեր զրուցակցի ասելով՝ խնդիրներից մեկն էլ մասնագետների պակասն է, թեեւ մասնագետներ պատրաստում են, բայց, չգիտես ինչու, բուհ դիմողների մեծ մասը մտածում են տնտեսագետ, իրավաբան դառնալու մասին, մինչդեռ սերվիզի ոլորտի մասնագետների պահանջարկը շուկայում ամենաամեծն է։
«Մենք ունենք բանիմաց գիդերի խնդիր, ամեն ցանկացող մարդ մի երկու բառ կարդում է ու փորձում է իրեն գիդ ներկայացնել, բայց գիդն ամեն բան պիտի իմանա, եթե տուրիստը հարց է տալիս, նա իրավունք չունի խուսափողական պատասխաններ տալու», -ասում է Վարդան Սրտաշյանը։


Մեր զրուցակցի համոզմամբ, եթե «Շիրակ» օդանավակայանում ավելանան չվերթները տարբեր ուղղություններով, Գյումրիում տնտեսական մեծ շարժ կսկսվի։
«Սպասում ենք, որ մեր օդանավակայանից կլինեն չվերթներ Արաբական երկրներ, վերջերս կարդացի, որ մտադրված են Կալիֆոռնիա ուղիղ չվերթ մտցնելու։ Սպասում ենք, միայն Ռուսաստանից այդ մի քանի չվերթերները բացվել են, հյուրանոցային ոլորտում բոլոր տնտեսվարողները, կոպիտ ասած, մաշկի վրա զգում են, թե ինչքան է շատացել տուրիստների հոսքը Գյումրի»,- ասում է հյուրատան հիմնադիրը։
Վարդան Սրտաշյանը նաեւ ասաց, որ հյուրանոցային բիզնեսի համար կա լուրջ օրենսդրական խնդիր։ «Երբ որ հյուրանոցում սնունդ ես մատուցում, դա եկամտահարկի փոփոխություններ է բերում. եկամտահարկի շեմը բարձրանում է. ընդհանուր շրջհարկը հինգ տոկոսով չի սահմանափակվում։ Այս դեպքում տնտեսվարողները, սնունդ ապահովող կազմակերպություններն առանձին անուններով են գրանցում, իսկ հյուրանոցային գործունեությունն՝ առանձին։ Հուսանք, այս խնդրի կարգավորումը համապատասխան մարմինների կողմից առաջիկայում կտրվի։
Եվ մի օրենսդրական առաջարկ եմ անելու, որն աշխարհում ընդունված պրակտիկա է, հյուրանոցային բիզնեսը հարկ է վճարում նաեւ տեղական ինքնակառավարման մարմնին։ Մեր պարագայում ես կողմ եմ, որ որոշակի շրջանառության հարկ հանվի ընդհանուր պետբյուջե մուտագրելուց եւ ուղղվի քաղաքապետարան, որպեսզի ՏԻՄ կառույցը շահագրգռված լինի ու քաղաքում այնպիսի պայմաններ ստեղծի, որը կբերի տուրիստական ոլորտի զարգացմանը եւ սեփական եկամուտների ներհոսքին», առաջարկում է մեր զրուցակիցը։
Վերջինս նշում է, որ այս ոլորտը պետական հատուկ ուշադրություն է պահանջում ու մեջբերում է Թուրքիայի օրինակը, որտեղ տուրիզմի նախարարը պաշտպանության ու ֆինանսների նախարարներից հետո երրորդ դեմքն է։

«Եթե ինքը մտնում է մի քաղաք ու ասում է՝ սա պիտի քանդվի ու դրա տեղը հյուրանոց սարքվի, կամ այս փողոցն այսպես պիտի վերականգնվի, դա քննարկման ենթակա չէ։ Կոպիտ կարող է հնչել, բայց դիկտատուրական մոտեցում է պետք, որպեսզի ընդհանուր շինարարական ու կազմակերպչական պրոցեսները ըստ ռազմավարության ընթանան, այսինքն ում մտքին ինչ սեղմեց, չկառուցի։ Ընդհանուր մոտեցում է պետք ու կարեւոր է ընդհանուր խաղի կանոններ բոլորի համար»,- եզրափակում է Վարդան Սրտաշյանը։

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ»

27.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031