Լրահոս
Օրվա լրահոսը

Լճաշենցիները մշակույթի տունն անվանակոչեցին Րաֆֆի Հովհաննիսյանի անունով

Հոկտեմբեր 29,2018 10:45

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մշակույթի տունն այսուհետ կրելու է Հայաստանի վաստակավոր արտիստ, ծնունդով լճաշենցի Րաֆֆի Հովհաննիսյանի անունը:

Բազմաթիվ լճաշենցիների ու հյուրերի ներկայությամբ գյուղապետ Կորյուն Մարգարյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ Արմեն Հովհաննիսյանը օրերս հանդիսավոր կերպով բացեցին երգչի անունը կրող հուշատախտակը: Գյուղացիները ոգեւորված էին, մթնոլորտը՝ մշակութային:

Նշենք, որ Լճաշենի մշակույթի տունը հնարավորություն է տալիս նոր սերնդին հաղորդկից լինելու մշակութային արժեքներին ու դրսեւորելու սեփական տաղանդը:
Մշակույթի տան անվանակոչությունը նախաձեռնել են լճաշենցի, բայց երեւանաբնակ արվեստի ու գիտության ներկայացուցիչները:

Վերջիններս իրենց առաջարկը ներկայացրել են գյուղապետին ու գյուղի ավագանուն, որն էլ իրագործեց նախաձեռնությունը:

Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի փոխտնօրեն, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, լճաշենցի Պապին Մուրադյանը նշեց, որ խորհրդակցել են երեւանաբնակ 20-ից ավելի տարբեր ոլորտներում աշխատող լճաշենցիների հետ, ովքեր տվել են իրենց համաձայնությունը՝ դիմելու գյուղի ավագանուն:
Ներկայացնելով երգչի անցած ուղին՝ Պապին Մուրադյանն ընդգծեց. «Ավագ սերնդի լճաշենցիները հիշում են իրենց մեծանուն հայրենակցին, նրա հետ անցկացրած ամեն մի օրն ու պահը, երիտասարդ սերունդն էլ յուրօրինակ դաս է առնում Րաֆֆի Հովհաննիսյանական ոգոց ու շնչից: Գյուղի կենսագրական հանրագիտարանում ոսկե տառերով է գրված՝ Հայաստանի վաստակավոր արտիստ Րաֆֆի Հովհաննիսյանն այս գյուղի հարազատ զավակն է»:

Մշակույթի տան անվանակոչության միջոցառման ընթացքում հնչեցրած ելույթում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարեւորեց, որ գյուղը հաղորդակից է մշակութային կյանքին.
«Տեսնելով այս մշակութային մթնոլորտը՝ համոզվում եմ, որ դրանում ծանրակշիռ ավանդ ունի Րաֆֆի Հովհաննիսյանի երգարվեստը: Համոզված եմ, որ Լճաշենի յուրաքանչյուր ընտանիքում խոսվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, սերունդներին փոխանցվել նրա թողած հոգեւոր ժառանգությունը, արժեւորվել նրա դերը հայ երգարվեստում»,- ընդգծեց մարզպետը:
Տաղանդավոր լճաշենցու երգերի կատարումներով հանդես եկան նրա որդին՝ Արմեն Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Լճաշենի արվեստի դպրոցի սաները:
Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանն էլ նշեց, որ իրագործվեց գյուղացիների վաղեմի երազանքը. «Այս իրադարձությունը բացառիկ է նրանով, որ ամբողջ գյուղը՝ ներառյալ ավագանու անդամները, մեծ ոգեւորությամբ ընդունեցին Մշակույթի տունն ի պատիվ մեծ երգչի անվանակոչելու փաստը: Մեք ընդունում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վաստակավոր արտիստ է եւ սիրված է ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլ նաեւ դրանից դուրս»:

Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հոգու բոլոր թելերով կապված էր հայրենի գյուղի մարդկանց ու բնաշխարհին. «Նա ուներ երգելու հզոր տաղանդ, բեմական զուսպ պահվածք, մարդկային ամենաբարձր արժանիքները: Նրա երգերից հորդում էր հայրենի եզերքի բույրը: Այսօրվա անվանակոչության միջոցառումը հարգանքի յուրօրինակ տուրք է մեծանուն երգչի հիշատակին, ում հոգեւոր ժառանգությունը հավերժացել է սերունդների հիշողության մեջ», -եզրափակեց Աիդա Մուրադյանը:
Մինչ անվանակոչության արարողությունը՝ մասնակիցներն այցելեցին անվանի երգչի շիրիմին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով նրա հիշատակին: Սեւանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Ստեփանոս քահանա Ինգնաթեւոսյանը հոգեհանգստի կարգ կատարեց:
Հավելենք, որ տարբեր միջազգային ու հայաստանյան բերմերում ներկայանալով, ապրելով Հայաստանում, նաեւ Հայաստանից դուրս, այնուհանդերձ, Րաֆֆի Հովհաննիսյանն իր վերջին հանգրվանն է գտել հայրենի գյուղում:

ՀԵՐՄԻՆԵ ՂԱՐԻԲՅԱՆ

«Առավոտ»

27.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031