Մանկավարժ
Գոռ Հարությունյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Այսօրվա մանկավարժը եռաչափ մոդելով աշխատելու խնդիր ունի, որտեղ կարեւոր օղակներ են երեխան, ծնողը եւ ուսուցիչը: Օրինակ, բոլոր երեխաների ձեռքին կան սմարթֆոններ, պետք է գալ համաձայնության, որ այդ սմարթֆոնները դասապրոցեսի ընթացքում չլինեն երեխայի ձեռքում, որովհետեւ դա շեղում է երեխային: Երբ 17-18 տարեկան երեխան ունի ինտերնետ հասանելիություն դժվար է վերահսկել նրան…
Ես ամեն օր մտնում եմ դպրոց եւ պիտի ասեմ, որ այնքան էլ բարդ չեն հանրակրթության ոլորտի խնդիրները, որքան մենք ենք գրոտեքսի ենթարկում: Աշակերտակենտրոն դպրոց ասելով՝ մենք վեկտորը պետք է մի քիչ շեղենք դեպի ուսուցչակենտրոնությունը: Որովհետեւ 45 րոպեի տերը բոլոր դեպքերում ուսուցիչն է: Ի՞նչ մեթոդաբանություն է սահմանել պետությունը կրթական քաղաքականության մեջ, 45 րոպեն բաժանված է րոպեների, թե վայրկյանների, միեւնույնն է դրանք թղթի վրա գրառումներ են, որոնք դառնում են անվերահսկելի, երբ ուսուցիչը մտնում է դասարան:
Ուսուցիչը եւ աշակերտը մոտիվացիա պետք է ունենան, երբ մտնում են դասարան: Եթե ուսուցիչը չունի մոտիվացիա, երբ մտել է դասարան եւ, եթե աշակերտը չունի մոտիվացիա, որ եկել է քո դասին, կամ, եթե դու չես կարողացել առաջին հինգ րոպեի ընթացքում մոտիվացնել նրան, դասը կձախողվի: Ուսուցիչների հետ աշխատանք պետք է տարվի, որ նրանք իմանան, թե ինչպե՞ս պետք է մոտիվացնել այսօրվա երեխային:
Ես աշխատում եմ մասնավոր դպրոցում եւ կաշկանդված չեմ իմ գործողություններում, իմ պլանում եւ մեթոդիկայում: Հիմնականում իմ դասերը փորձում եմ դպրոցական ճնշող պատերից դուրս վարել: Օրինակ, Չարենցի մասին դասը վարում եմ Չարենցի տուն- թանգարանում՝ մաքսիմում խուսափելով գնահատականներից: Երբեմն մի խրախուսական խոսքը շատ ավելի կմոտիվացնի երեխային, քան գնահատականը: Օրինակներ էլ ունեմ, մի երեխա ինձ ասաց, որ տանել չի կարողանում այն ամենը, ինչ կապված է հայկականության հետ: Ես նրան խոստացա, որ տարեվերջին նա այդպես չի խոսելու: Տարեվերջին նա դասարանի լավագույն կարդացող աշակերտն էր: Դա ոչ այնքան պարտադրանք էր, այլ մոտիվացիա, մենք երեւի թե պետք է ուսուցիչներին ուղղորդենք ընկերային հարաբերությունների, այս դեպքում ամեն տեսակի հարց, անհավասարություն կլուծվի, երբ երեխան կհասկան, որ ուսուցչին, երբ դիմում է «ընկեր» բառով, նա իրոք ընկեր է: