Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում պետք է լինեն երեք տեսակի դպրոցներ. Հայկազն Նավասարդյան

Հոկտեմբեր 28,2018 23:51

Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն

Հայկազն Նավասարդյանի խոսքը

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Հանրակրթության մեջ խնդիրները շատ են՝ 12-ամյա կրթությունը, ուսուցիչների կրթական մակարդակը, ծրագրերը, ուսպլանները եւ այլն: Կարեւորագույն խնդիրը, ըստ իս, սակայն այն է, որ բոլոր դպրոցները չափվում են նույն օրենքներով: 1400 հանրակրթական դպրոցները ենթարկվում են նույն օրենքներին: Բոլոր դպրոցներից նույնն է պահանջվում, ասում են տառերը սովորեցրեք, ածանցյալը եւ այլն, վերջում էլ ատեստատ նվիրեք… Ես կարող եմ մեր օրինակով ասել, որ այսօրվա կարգերը, մեթոդները ֆիզմաթ դպրոցի առաջընթացին խանգարում են, որովհետեւ մեզնից նույնն են պահանջում, ինչ մյուս՝ 40 աշակերտ ունեցող հանրակրթական դպրոցներից: Ոնց է հնարավոր, որ նույն սանրով սանրվենք բոլորս: Մենք այսօր բոլորից պահանջում ենք գիտնականներ դարձնել երեխաներին՝ այդ մակարդակի դասագրքեր ենք ստեղծում, այդ մակարդակի ծրագրեր ենք գրում եւ արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

Իմ խորին համոզմամբ պետք է դպրոցները տարանջատել. Լինեն երեք տեսակի դպրոցներ՝ զբաղվածության կենտրոններ, ընդհանուր կրթություն տվող դպրոցներ եւ մասնագիտական դպրոցներ: Ծնողը, օրինակ, երկու տարեկանից իր երեխայի համար ուղղություն է որոշում, մեկին տանում են լողի, մյուսին սպորտի եւ այլն, հանրակրթությունում էլ նույն պատկերը պետք է լինի: Ինչ՞ի համար է պետք երեխային ստիպել, որ նա սովորի այն ինչ չի ուզում, դա հակակրանք է առաջացնում աշակերտի մոտ, նա պետք է սովորի այն, ինչ ինքը սիրում է, ինչ իրեն հետաքրքիր է: Ի դեպ, ես դեմ չեմ, որ ծնողն էլ մասնակից դառնա, կողմնորոշի իր երեխային:

Ես կարծում եմ իններորդ դասարանը պետք է լինի հանրակրթության ավարտը: Հանրակրթությանը ծանոթանալու պրոցեսը պետք է ավարտվի իններորդ դասարանով: Դրանից հետո երեխան պետք է ազատ լինի իր ընտրության մեջ, իսկ գուց՞ե մեկը ուզում է նախրապան դառնալ, ինչո՞ւ նրան պետք է ստիպենք խորացված մաթեմատիկա ուսումնասիրել: Կարող է երկու տարի զբաղվածության կենտրոն հաճախել եւ նորմալ մարդ դառնալ: Ընդհանուր տիպի դպրոցներում էլ կարող են սովորել երեխաները, որ հետագայում միջին սպասարկաման ոլորտում են աշխատելու, ընդհանուր զարգացվածության մակարդակ ձեռք բերեն:

Մասնագիտացված դպրոցներում պետք է սովորեն երեխաները, որոնք նպատակ ունեն շարունակել ուսումը ԲՈՒՀ-ում: Ցավալի է, օրինակ, որ այսօր Հայաստանում հայոց լեզվի եւ գրականության, գրաբարի ուղղվածության դպրոց չունենք: Մյուս կողմից, ի՞նչ իմաստ ունի մեր դպրոցում անցնել հումանիտար առարկաներ, որոնք շատ դեպքերում կրկնում են 7-8-րդ դասարանների ծրագիրը: Շատ առարկաներ կարող են խմբավորվել եւ մեկ առարկայի անվան տակ դասավանդվել մասնագիտական դպրոցներում: Երբ ֆիզիկայից բարձր միավոր ստացած երիտասարդը չի կարողանում իր տան վարդակը վերանորոգել, ո՞ւմ է դա պետք: Ավագ դպրոցները այսօր չեն կայանում , քանի որ մենք երեխաներին ծանրաբեռնում ենք ավելորդ ծրագրով, առարկաներով:

Գուցե այսօր պետք է աշակերտների 20-30 տոկոսի վրա աշխատել, որ նրանք գիտնականներ, լավ մասնագետներ դառնան: Մենք ուզում ենք դա 100 տոկոսի վրա կիրառել, դրա համար էլ արդյունք չենք ունենում: Մասնագիտացված, ուղղվածություն ունեցող դպրոցներ պետք է լինեն: Եվ ես կարծում եմ օրենքի ուժով պետք է թույլ տրվի մասնագիտական դպրոցից հեռացնել այն երեխաներին, ովքեր չունեն տվյալներ այդպիսի դպրոցում սովորելու համար: Այլ կարգի դպրոցներ պետք է ուղարկվեն նրանք: Աշխարհում դա ընդունված է, դպրոցն է որոշում ո՞ւր գնա երեխան՝ ուսումնարան, թե մասնագիտական դպրոց, որտեղից շարունակելու է բարձրագույն կրթությունը:

Ի դեպ, երբ ես ասում եմ եկեք մասնագիտական դպրոցներ սարքենք , ես չեմ անտեսում մյուսների կրթության իրավունքը: Բայց, եթե մարդը ուզում է ազատ լինել, ավելի շատ ֆուտբոլ խաղալ, ուրեմն պետք է ավելի երկար ճանապարհով գնա: Նա էլի կարող է ԲՈՒՀ ընդունվել, բայց ավելի երկար ճանապարհ անցնելուց հետո:

Ոլորտային այլ խնդիրների մասին. Մենք 21-րդ դարին համապատասխան կրթական միջավայր չունենք: Մեր պաշտոնյաները գնացել են տարբեր տարիներին ժապավեն են կտրել, տարբեր դպրոցներ են բացել: Իսկ ֆիզմաթ դպրոցը արժանի չ՞է մի մասնաշենքի: 750 դիմորդ ունենք տարեկան, ընդունում ենք, սակայն, 130-ին միայն, որովհետեւ պայմաններ չունենք: Միջազգային մրցույթներից մեդալներով են վերադառնում երեխաները, բայց մենք միջավայր չունենք, անգամ համապատասխան լաբորատորիաներ չունենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031