ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել՝ ընդդեմ politik.am-ի՝ իրեն զրպարտելու համար։
Նա գրել է․ «Սիրելի՛ ընկերներ,
Վստահ եմ բոլորդ շատ լավ գիտեք, որ մեր կառավարությունը մեծ կարևորություն է տալիս ազատ մամուլին։ Որևէ մեկը չի կարող թերագնահատել ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման և ամրապնդման գործում։
Սակայն պետք է հստակորեն տարբերակել հանրությանը տարբեր թեմաների վերաբերյալ իրազեկող և իշխանության նկատմամբ վերահսկողության գործառույթ կատարող մամուլը՝ հերյուրանքներ և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկատվություն տարածող ռեսուրսներից։
Վերջերս նմանատիպ կայքերից մեկում «անհերքելի» տեղեկատվություն հայտնվեց իմ՝ մարիխուանա ծխելու մասին։
Տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել ընդդեմ politik.am-ի՝ ինձ զրպարտելու համար։
Տեղեկացնում եմ նաև, որ նմանատիպ իրավիճակներում պահանջելու եմ ոչ միայն զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքում, այլև փոխհատուցում, որը ուղղելու եմ լրագրության ֆակուլտետներում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերի վճարմանը»:
Հավելենք, որ politik.am-ը նախապես պնդել էր. «Մեր հրապարակած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և եթե դատական գործը մտնի դատարան, ապա ստիպված կլինի փոխվարչապետ Ավինյանը մեր պահանջով նաև արյան փորձաքննություն անցնել, որից հետո անհնար կլինի հերքել փաստը: Ավինյանի գրասենյակում որոշել են խնդիրն այսպես լղոզել:
Մենք համառորեն պնդում ենք, որպեսզի փոխվարչապետ Ավինյանը դատական հայց ներկայացնի մեր դեմ և խոստանում ենք դա չդիտարկել ճնշում մամուլի վրա: Իսկ եթե չլինի դատական հայց մեր դեմ՝ դա կլինի խոսուն փաստ այն մասին, որ մեր տեղեկությունները ավելի քան ճիշտ էին»: